Ակցիա՝ կանաչ երանգով

01/05/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Վայրի բնության ու մշակութային արժեքների» հիմնադրամը տարբեր բնույթի՝ մանր ու խոշոր, աննկատ ու լայն գովազդվող, րոպեական արձագանք ակնկալող կամ երկարատեւ հեռանկարներին միտված ակցիաներ է կազմակերպում։

Հիմնադրամի ծրագրերից շատերի հիմքում էկոլոգիական դաստիարակությունն է։ Հայաստանում էկո-ակումբների ցանց է գործում, որտեղ հավաքված երեխաներն ու պատանիները մասնակցում են իրենց բնակավայրերի աղբահանությանը, ֆիլմեր ու լուսանկարներ են անում իրենց հուզող խնդիրների մասին։ Ուշագրավ է, որ էկո-ակումբների սաները զգալիորեն տարբերվում են իրենց հասակակիցներից, նրանք ավելի զուսպ, սեփական աշխատանքը կարեւորող ու ավելի կազմակերպ են։ Այդ երեխաները զգում են, որ արժեւորելով բնությունն ու իրենց շրջապատող աշխարհը, իրենք իրենց են արժեւորում։ Չէ՞ որ, երբ զգում ես, որ պետք ես ու քեզանից ինչ-որ բան ես ներկայացնում, պատրաստ ես զարգանալ ու գիտելիքների պաշար հավաքել։ Սեփական անպետքությունը զգացող մարդուն գիտելիքներն ինչի՞ են պետք, միեւնույն է, ոչինչ չի փոխվի։ Եվ եթե մի կողմ դնենք «Վայրի բնության ու մշակութային արժեքների» հիմնադրամի հնչեղ ու բոլոր լրատվամիջոցներով ցուցադրվող ծրագրերի լուսաբանումը, կմնան հենց այդ երեխաները, որոնք երջանիկ են, որ կարող են համախմբվել, միանման թիկնոցներ կամ շապիկներ հագնել ու սկսել մաքրել բակը, ծառ տնկել կամ տոննաներով ծաղկի թերթիկներ չորացնելով ու դրանց միացնելով ոսպի կամ սիսեռի հատիկները՝ համեստ ու բարձրաճաշակ բացիկներ ձեւավորել։ Ի դեպ՝ վերջերս մեր քաղաքում հայտնված այդ սոցիալական բնույթի բացիկները հանգիստ սրտով կարելի է արվեստի գործեր անվանել, քանի որ շինծու ու կեղծ ճոխությամբ ներկայացվող շատ պաստառների ու բացիկների կողքին՝ դրանք իրենց ասկետիկ ու ֆրագմենտար բնույթով դիտվում են որպես իսկական գլուխգործոցներ։ Հասկանալի է, որ այդ երեխաները վերամշակված թղթի վրա նկարում կամ էկոլոգիապես մաքուր հումքից կոլաժ են անում՝ հետեւելով մեծահասակների խորհրդին, սակայն ո՞վ ասաց, որ զուսպ գեղագիտությունը, ոճի զգացումն ու ճաշակը չպիտի դասավանդվեն կամ էլ նույնիսկ՝ պարտադրվեն։ Միգուցե հենց ճաշակի «հոտառությունը» զարգացնելով էլ՝ կարելի է ազատվել այսօրվա ամենամեծ աղետից. անպետքության զգացումից։

Երեկ «Արեւորդի» էկո-ակումբների սաներն ամփոփեցին իրենց հերթական մրցույթը, որը ստանալով «Ջուր» խորագիրը՝ ներկայացնում էր երեխաների կողմից արված լուսանկարները։ Ջրի թեման բացահայտվում էր լճերի, գետերի, ժանգոտ խողովակների ու արշալույսի պահին ծնվող ցողի մեջ։ Լուսանկարներից շատերի հերոսը ջրի կաթիլն էր, որը կախված էր մնացել կեղտոտ խողովակներից կամ փայլփլում էր ծաղիկների վրա։ Ծփանք ու տարերք չկար, ընդամենը մեկ դողդողացող կաթիլ կար։ Երեխաները միաբերան բացատրեցին, որ դա հատուկ են արել, քանի որ, երբ շուրջդ աղբ ու տգեղություն է, ուզում ես ցույց տալ կաթիլի (այլ դեպքերում՝ ցորենի հատիկի) գեղեցկությունը։ Սիսիանի էկո-ակումբը ներկայացնող Նարեն, օրինակ, ասաց, որ գեղեցիկի ցուցադրմամբ ավելի է ընդգծվում էկոլոգիական հարցադրումը։ 2 ամսվա ընթացքում երեխաները հիմնադրամի կայքէջում տեղադրել էին մոտ 100 լուսանկարներ ու իրենք էլ որոշել են՝ թե որո՞նք են հաղթողները։ Լավագույնները հիմնադրամի աջակից՝ «Վիվա Սել» հեռախոսային օպերատորից ստացան նվերներ՝ նոութ-բուկեր ու հեծանիվ։ Նրանցից շատերը տեսախցիկներից, լուսարձակներից ու արագ իրենց գործն անող լրագրողներից փոքր-ինչ շվարել էին։ Հեծանվի տեր դարձած տղան, օրինակ, խուսափում էր հեծանվի վրա լուսանկարվել՝ ներքուստ անհարմարավետություն զգալով։ Հետո նստեց ու լուսանկարվեց։ Լուսանկարվեցին բոլորը։ Երեխաներից ոմանք պատրաստվում են մեկնել Ռուսաստանի հյուսիս՝ Խանտի-Մայսիյսկ քաղաքում անցկացվող խոշորագույն էկո-փառատոնին մասնակցելու համար։ Եվ, ըստ հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանի՝ նրանց ներկայացնելն ու խրախուսելը ցանկալի է։ Խրախուսման ու ներկայացուցչական ձեւերը էկո-հիմնադրամը փորձում է առավելագույնս հնչեղ դարձնել՝ տարբեր ակցիաների համամասնակիցը դարձնելով ոչ միայն երեխաներին, այլեւ՝ խոշոր գործարարներին (այդ հարցում առաջատարն, իհարկե, «Վիվա Սելի» տնօրեն Ռալֆ Յիրիկյանն է)։ «Կանաչ սերունդ» ծրագրի պատանի անդամներն, օրինակ, մեծածավալ վաճառք իրականացնող սուպերմարկետների համար թղթե տոպրակներ են պատրաստում՝ հուշելով գործարարներին, որ բնության համար մեծ վտանգ ներկայացնող պոլիէթիլենային տոպրակներից պետք է հրաժարվել։ Իսկ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հավաքված ծաղիկներից կարելի է հատուկ նշանակության հուշաթերթիկներ ու բացիկներ պատրաստել՝ թույլ չտալով, որ հուշն աղբ դառնա։

Փոքր-ինչ հեռանալով այդ ակցիաների ու մրցույթների թեմայից՝ կարելի է նկատել, որ մարդկային հարաբերություններում, ինչպեսեւ մեզ շրջապատող էկո-համակարգում ամեն բան փոխկապակցված է։ Կենցաղում փնթի լինելով՝ մարդը փնթի է նաեւ մարդկային հարաբերություններում։ Այսինքն՝ թքած ունի իր շրջապատի վրա։ Եվ եթե, իրոք, ամեն բան մի հատիկից կամ կաթիլից է սկսվում, ապա կարելի է հույս ունենալ, որ սինթետիկ, փայլփլուն հագուստը պարզ բամբակյա հագուստով փոխարինած, կամ սպիտակ թղթի փոխարեն՝ վերամշակված, փոքր-ինչ խամրած (բայց շատ գեղեցիկ) շագանակագույն երանգ ձեռք բերած, թուղթ օգտագործող «կանաչ երիտասարդությունը» տարիներ անց էլ «կանաչ» կմնա։ Եվ չի կորցնի իր ներքին զսպվածությունն ու ճաշակը, ինչը թույլ կտա դուրս գալ փնթի վիճակից, որն այսօր խորհրդանշում են սավառնող ցելոֆանե տոպրակները, անորակ ու բարձր հնչող երաժշտությունը, երեկոյան զգեստներ հագած ու շպարված ուսանողուհիները, անմիտ թաղերում հավաքվող սեւազգեստ տղաները ու աղտոտված բնությունը։