Տեղումները շարունակվելու են

01/05/2010

Հայպետհիդրոմետի օդերեւութաբանական ծառայության օպերատիվ կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը երեկ ասել է, որ կանխատեսումների համաձայն, մայիսի 1-ի առավոտյան տեղումները կշարունակվեն, ցերեկը կդիտվի դադար: Մայիսի 2-ի գիշերն ու ցերեկը տեղումների առումով հարաբերական դադար կդիտվի, իսկ 2-ի երեկոյան ու 3-ին հանրապետությունում ամենուրեք սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` զգալի: Ըստ նրա` մայիսի 4-ին եւ 5-ին տեղումները հանրապետությունում պահպանվելու են, Երեւանում դրանք առավել հաճախ կգրանցվեն հատկապես երեկոյան ժամերին: «Օդի ջերմաստիճանը այսօր` մայիսի 1-ի եւ մայիսի 3-ի ցերեկը` պայմանավորված ամպամածությամբ, ցածր կլինի ու կտատանվի 15-17 աստիճանի սահմաններում: Իսկ մյուս օրերին ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 18-19 աստիճան»,- ասել է Զ. Պետրոսյանը` հավելելով, որ ջերմաստիճանի էական բարձրացում սպասվում է մայիսի 7-ից, որից հետո միայն կարելի է սպասել մայիսյան բարձր ջերմաստիճանի:

Նրա խոսքով, մայիսին, սովորականի համաձայն, կդիտվի մինչեւ 25 աստիճան ջերմություն: Անդրադառնալով ապրիլին գրանցված ջերմաստիճանին, նա նշեց, որ ապրիլը բավականին տեղումնառատ էր, իսկ օդի ջերմաստիճանը` նորմային մոտ` մի փոքր բացասական շեղումներով: