Հուսալի չէ

29/04/2010

«Ընդհանրապես նման ոճի մոտեցումներն ու քայլերն ամենեւին էլ չեն նպաստում ո՛չ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ո՛չ էլ կողմերի միջեւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը: Կարծում եմ` սա միայն ու միայն բացասական ազդեցություն կունենա այս գործընթացի վրա»,- մեկնաբանելով ԵԽ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության կողմից շրջանառության մեջ դրված հայտարարությունը, «Panorama.am»-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Դավիթ Բաբայանը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի պատվիրակները շրջանառության մեջ են դրել գրավոր հայտարարություն` «ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորմանը խոչընդոտող գործողությունների վերացման անհրաժեշտության մասին», որտեղ «ապակառուցողական գործողություն» են որակվում ԼՂ- ում մայիսի 23-ին սպասվող ԱԺ ընտրությունները: Ի դեպ, բացի 4 ադրբեջանցիներից, հայտարարության ներքո ստորագրել են եւս 16 պատվիրակներ: Բաբայանի խոսքով` Ադրբեջանն իր այս քայլով, մեկ անգամ եւս իրեն դրսեւորեց որպես ոչ հուսալի գործընկեր եւ պետություն, որն անընդհատ ձգտում է ինչ-որ ծայրահեղ քայլեր կատարել: «Այդ իսկ պատճառով, նրա նկատմամբ վստահելի վերաբերմունք չի կարող ձեւավորվել ոչ միայն մեր, այլեւ՝ միջազգային հանրության այլ ներկայացուցիչների մոտ»,- ասել է նա: