Էժանագին քաղաքական քարոզչություն

29/04/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Եթե հավատալու լինենք պաշտոնական վիճակագրությանը, ապա, Հայաստանի տնտեսությունը սկսել է ոտքի կանգնել, թեեւ քաղաքացիներից ոչ մեկը դա սեփական մաշկի վրա չի զգում:

Ըստ Հայաստանի ազգային վիճագրական ծառայության, այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է 5,5 տոկոս տնտեսական աճ: Նույն աղբյուրի համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բացի շինարարությունից, տնտեսության բոլոր ճյուղերում աճ է արձանագրվել: Արդյունաբերությունն աճել է 10,4 տոկոսով, գյուղատնտեսությունը` 3,2 տոկոսով, աճ է արձանագրվել նաեւ թե արտաքին առեւտրաշրջանառության եւ թե մանրածախ առեւտրի ու մատուցվող ծառայությունների ոլորտում: Այսինքն` ըստ այս ցուցանիշների, նախորդ տարվա համեմատությամբ, մեզանից յուրաքանչյուրը սկսել է ավելի լավ ապրել: Մանրածախ առեւտրի ծավալների աճը նշանակում է, որ բնակչության եկամուտները ավելացել են, եւ մարդիկ սկսել են ավելի շատ գնումներ կատարել: Սա՝ ըստ պաշտոնական ցուցանիշների: Իսկ թե իրականում որքանով են արդյունավետ եղել կառավարության հակաճգնաժամային ծրագրերը, եւ ԱՎԾ-ի արձանագրած տնտեսական աճը որքանով է անդրադարձել յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակի վրա, մեզ հետ զրույցում մեկնաբանում են տնտեսագետները:

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանի կարծիքով, տնտեսության վերականգնման, առավել եւս՝ աճի մասին խոսելն անիմաստ է, հակառակը` ճգնաժամն ավելի է խորանում: «Վիճակագրական ծառայության կողմից արձանագրված 5,5 տոկոս աճը առավելապես ինֆլյացիայի արդյունք է: Այսինքն, անվանական առումով, ՀՆԱ-ի աճ արձանագրվել է, սակայն դա հետեւանք է այն բանի, որ գներն են աճել,- ասում է Թեւանյանը` ավելացնելով,- Այդ ՀՆԱ-ն չի կարող ազդել մարդկանց կենսամակարդակի վրա, հակառակը` մարդկանց գնողունակությունը անկում է ապրում հենց գնաճի պատճառով: Բացի գների աճից, ՀՆԱ ցուցանիշի վրա ազդել է նաեւ այն, որ միջազգային շուկայում բարձրացել են Հայաստանից արտահանվող պղնձի եւ մոլիբդենի գները: Նշված գործոնները մեր կառավարության հետ ոչ մի կապ չունեն, նրանց հակաճգնաժամային ծրագիր կոչվածը այս երկրում որեւէ բան չփոխեց, միայն ազդել է մեր արտաքին պարտքի ավելացման ու որոշակի առումով՝ նաեւ ինֆլյացիայի վրա: Տնտեսության վերականգնում` նշանակում է՝ վերադարձ այն մակարդակին, որը եղել է մինչ ճգնաժամը: Իսկ նման ցուցանիշներ մենք չունենք: Հակառակը, ճգնաժամը խորանում է: Եթե մենք գների աճի մակարդակը համադրենք ՀՆԱ-ի հետ, ապա կտեսնենք, որ գների աճը ավելի արագ տեմպերով է տեղի ունենում, քան ՀՆԱ-ի աճը:

Իրականում տնտեսության մեջ տեղի է ունեցել ոչ թե աճ, այլ տեղի է ունեցել սպառողական պահանջարկի անկում: Եվ, ընդհանրապես, հիմա Հայաստանում տնտեսական աճի մասին խոսելը ես համարում եմ էժանագին քաղաքական քարոզչություն»: Ա. Թեւանյանը կարծում է, որ տնտեսական զարգացման վերաբերյալ բոլոր խոստումները մնացել են օդում. «Դրսից հսկայական վարկ վերցրեցինք, ինչի արդյունքում էլ կրկնապատկվեց մեր արտաքին պարտքի չափը: Իբրեւ թե այդ վարկով պետք է փակվեին ֆինանսական ճեղքերը: Խոսում էին փոքր ու միջին բիզնեսի վարկավորման մասին, բայց այդպիսի բան տեղի չունեցավ, քանի որ վարկային տոկոսադրույքները չփոխվեցին, իսկ միջին բիզնեսին թանկ եւ կարճաժամկետ փողեր պետք չէին: Իսկ հիմա, երբ տեսնում ենք, որ տնտեսության մեջ կան ինֆլյացիոն երեւույթներ, կառավարությունը Կենտրոնական բանկի հետ համատեղ` իրականացնում է կոշտ հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականություն: Կենտրոնական բանկը բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը եւ թանկացնում է փողի գինը, իսկ կառավարությունը շարունակում է իր քաղաքականությունը, որի նպատակը միայն բյուջե լցնելն է: Երկրում եղավ երկնիշ տնտեսական անկում, երկրում եղավ դրամի թռիչքաձեւ արժեզրկում, չիրականացան մեր կառավարության տնտեսական խոստումները, ո՞վ պետք է պատասխան տա սրա համար։ Մեզ խոստացել էին, որ արդեն պետք է կառուցված լիներ Իրան-Հայաստան երկաթգիծը, Ատոմակայանը, Համահայկական բանկը, Դիլիջանն ու Ջերմուկը պետք է դառնային զբոսաշրջության միջազգային կենտրոններ»: Ինչ վերաբերում է մեր պաշտոնյաների կողմից հաճախ հնչող այն հայտարարություններին, որ ճգնաժամից հետո Հայաստանի տնտեսությունը սկսել է վերականգնվել, ապա, Ա. Թեւանյանն ասում է, որ նման հայտարարություններին պետք չէ լուրջ վերաբերվել. «Նրանք ինչ խոստացել կամ ասել են, եղել են դատարկ ու փուչիկ խոսքեր»:

ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հավաստմամբ եւս, մեր տնտեսության մեջ բեկումնային փոփոխություն տեղի չի ունեցել, բացի այդ, պաշտոնական թվերով հնարավոր չէ մեր երկրի վիճակի մասին պատկերացում կազմել: «Վիճակագրական ծառայության ներկայացրած թվերը իրական կյանքին չեն համապատասխանում»,- ասում է պրն Խաչատրյանը: Վերլուծելով տարբեր ոլորտներում արձանագրված աճը, նա նշում է. «Արդյունաբերության ճյուղի աճը պարզ է. միջազգային շուկայում մոլիբդենի եւ պղնձի գների բարձրացման հետ է կապված: Գյուղատնտեսության աճը ռեալ չեմ համարում, բարենպաստ պայմաններ չկան, որ այս ոլորտում աճ գրանցվեր: 5,5 տոկոս տնտեսական աճի ապահովման հանգամանքներից մեկը երկրի ներսում տեղի ունեցած գնաճն է, որը կանխատեսված ցուցանիշներին արդեն գերազանցում է մի քանի անգամ: Բնականաբար այդ 5,5 տոկոս աճը մարդկանց կենսամակարդակի վրա էականորեն չի կարող ազդել: Այդ մասին է վկայու այն, որ միջին աշխատավարձի աճ տեղի չի ունեցել: Այսօր շատ լուրջ խնդիր ունենք նաեւ գործազրկության հետ կապված: Այն պաշտոնական թվերը, որով մեզ գործազրկության ցուցանիշը մինչեւ 8 կամ 9 տոկոս է ներկայացվում, իրական չեն, այդ ցուցանիշը 30-35 տոկոս է, ինչն էլ տնտեսության համար լուրջ խնդիր է առաջացնելու: Բացի այդ, նախորդ տարիներին մեր տնտեսությունը կախված է եղել շինարարությունից եւ տրանսֆերտներից: Այսօր շինարարության աճ դեռեւս չկա, աճ չկա նաեւ տրանսֆերտների հետ կապված: Հետեւապես, մեր տնտեսության մեջ բեկումնային փոփոխություն տեղի չի ունեցել, տնտեսությունը մնում է իր նախկին ուղղվածությանը, որտեղ գերիշխողը դարձյալ ներմուծող մոնոպոլիստներն են»: Խոսելով վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրերի արդյունավետության մասին, Վահագն Խաչատրյանն ասում է. «Հակաճգնաժամային ծրագրեր չկան, չեն էլ եղել: Ըստ էության, ոչ մի ռեալ ծրագիր չի իրականացվել: Մեր տնտեսական վիճակը պայմանավորվում է միջազգային շուկայի փոփոխություններով, եւ ցանկացած պահի կարող ենք կանգնել կոտրած տաշտակի առջեւ: Ընդհանրապես, մեզ մոտ անաշխատ եկամուտներով ապրելու ցանկությունը մեծ է: Դրսի վարկերի շնորհիվ ենք ուզում ապրել: Վարչապետ Տիգրան Սարգսյանն օրեր առաջ ասում է` ինչ է եղել, էլի վարկ կվերցնենք, բայց այդ կրիտիկական ճանապարհը վերջիվերջո ճակատագրական կլինի մեզ համար` արտաքին պարտքի մեծ բեռի առումով: Պարտքի չափը կարող էր եւ ավելի մեծ լինել, եթե պետությունը միտված լիներ արտահանման եւ կարողանար սպասարկել արտաքին պարտքը: Բայց փաստ է, որ մեր տնտեսությունը այսօր ֆինանսապես պատրաստ չէ դրան»: Ըստ Վ. Խաչատրյանի, ելքը մեկն է` անհրաժեշտ է համակարգային փոփոխություն. «Պետք է փոխվի մեր տնտեսության զարգացման տրամաբանությունը, մեծացվի փոքր եւ միջին բիզնեսի դերը, ստեղծվի ազատ մրցակցային դաշտ, ինչն էլ նշանակում է՝ օլիգարխների եւ մոնոպոլիաների վերացում»:

Ավելի լավատես է «Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի» նախագահ Գագիկ Թորոսյանը, ում կարծիքով՝ կառավարության հակաճգնաժամային ծրագրերը բավականին արդյունավետ են: «Մինչեւ այսօր էլ մեր կառավարությունը շարունակում է իրականացնել այդ ծրագրերը, որոնց արդյունքների վերաբերյալ դեռեւս վաղ է խոսել: Բավականին արդյունավետ ծրագիր էր մշակած եւ տարվա վերջում միայն հնարավոր կլինի դրանց արդյունավետության գնահատականը տալ: Հիմա վաղ է, ով էլ որ գնահատական տա, այդ կարծիքը կլինի խիստ սուբյեկտիվ: Այդ բոլոր միջոցառումները միտված էին աշխատատեղերի ավելացմանն ու տնտեսության խթանմանն ընդհանրապես: Եվ այդ էֆեկտները միանգամից չեն զգացվում»,- ասում է նա: Անդրադառնալով այս տարվա առաջին եռամսյակում արձանագրված տնտեսական աճին, Գ. Թորոսյանը նշում է. «Այդ աճը հաշվարկվում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշի նկատմամբ: Իսկ անցյալ տարի մենք անկում ենք ունեցել, աճ չենք ունեցել: Հետեւապես՝ այս տարվա 5,5 տոկոս տնտեսական աճ ասվածին պետք է մի քիչ վերապահումով մոտենալ: Անցյալ տարի շատ վատ ենք եղել, այս տարի համեմատաբար լավ է, բայց ինչի՞ նկատմամբ, շատ վատի նկատմամբ: Արձանագրված աճը պարզապես ազդակ է, որ ճգնաժամը 100 տոկոսանոց չի ավարտվել, բայց մի բան պարզ է` անկումը կանգ է առել, ճգնաժամը խորացման չի գնում»: Իսկ ինչո՞ւ երկրում գրանցված տնտեսական աճը չի անդրադառնում շարքային քաղաքացու վրա: «Որպեսզի անհատը իր վրա զգա տնտեսական աճի ազդեցությունը, դրա համար դեռ շուտ է: Հնարավոր է, որ ինչ չափով մարդու ֆինանսական վիճակը բարելավվում է, բայց երբ երկրում թանկացումներ են, ապա այդ գնաճը թույլ չի տալիս, որ մարդիկ զգան տնտեսական զարգացման էֆեկտները: Այդ աճը այսօր ավելի շատ կզգա բիզնեսը իր ցուցանիշների լավացման առումով: Բայց դեռ շուտ է, որ բիզնեսը կարողանա նաեւ ճշգրտումներ մտցնել աշխատավարձերի հաշվարկների մեջ: Իսկ քանի դեռ բիզնեսը իր ներքին աճի հաշվին չի բարձրացրել աշխատավարձը, բնականաբար, անհատը չի զգա տնտեսական աճի էֆեկտը»: