«Երեք նախագահներն էլ պառակտել են ազգը»

29/04/2010

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը «tert.am»-ի հետ զրույցում` անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն առկախելու մասին ՀՀ իշխանության որոշման՝ ասել է, թե այն հասարակության ճնշման արդյունք էր: «Բավական հետաքրքիր է, որ մարդիկ, որոնք ամիսներով պաթետիկ պաշտպանում էին արձանագրությունները, հիմա նույն պաթոսով հակադրվում են դրան: Այսօր, ցավոք, քիչ է խոսվում այն ամենակարեւորի մասին, որ արձանագրությունների տապալումը` ժամանակավոր թե ընդմիշտ, մեծ հաշվով եղել է հասարակության ընդվզման եւ ցասումի արդյունքը: Շատերը հիմա խոսում են բարդ քաղաքական գործոնների մասին, թե որ գերտերությունն ինչ շահեր քաղեց, որ երկրի ճնշման տակ արվեց դա: Ես միշտ մտածել եմ, որ իշխանությունը պետք է ենթարկվի ազգի ճնշմանը, մեր իշխանությունը պարտավոր է ենթարկվել միայն հասարակության ճնշումներին եւ, վերջիվերջո, որքան էլ թաքցնեն դա, մեծ հաշվով, հասարակության ճնշումներն իրենց գործը արեցին: Թեեւ մեզանում այդ մասին քիչ է խոսվում, բայց վստահ եմ, որ արտաքին ուժերը դա լավ հասկանում են, եւ իրենք շատ լավ գիտեն, որ որեւէ լուրջ քաղաքական որոշում եւ Արձանագրություն չի աշխատի, եթե հասարակությունը չուզի»: Ըստ կինոռեժիսորի, այսօր քիչ է խոսվում նաեւ շատ կարեւոր մի հարցի` «քաղաքական պատասխանատվության» մասին: Հարցին, թե ճի՞շտ է համարում արձանագրությունների վավերացումը սառեցնելու մասին որոշումը, Տ. Խզմալյանը պատասխանել է. «Սառեցնելու մասին որոշումը որոշում չէ ընդհանրապես: Դադարեցնել դժվար է, որովհետեւ մեծ ուժեր են շշից դուրս եկել, եւ հենց այդ պատասխանատվության մասին եմ ես խոսում: Առաջին նախագահը պառակտեց հասարակությունը` իր քաղաքական շահերի համար, երկրորդ նախագահը պառակտում մտցրեց Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ` առաջացան հայաստանցիներ եւ ղարաբաղցիներ հասկացությունները, իսկ երրորդ նախագահը պառակտել է Հայաստանը եւ Սփյուռքը, եւ դրանք ամենալուրջ եւ ամենավտանգավոր զարգացումներն են: Իհարկե, մենք կկարողանանք շտկել այդ բանը, բայց վերքը մինչեւ սպիանա, երկար ժամանակ եւ շատ ջանքեր կպահանջվեն»: