Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում Հայաստանի հասարակությանը թերեւս ամենից շատ հետաքրքրում է դրա տնտեսական բաղադրիչը։ Եվրամիության հետ GSP, հետագայում` նաեւ GSP+ ռեժիմով առեւտուր իրականացնելու հնարավորությունը բավականին մեծ քայլ էր։ Սակայն պարզվեց, որ մեզ հարկավոր է շատ ավելին՝ ազատ առեւտուր Եվրոպայի հետ։ Ինչպես նշում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Եվրամիության եւ միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Վարոս Սիմոնյանը, 2007թ. Եվրոպական հանձնաժողովը ուսումնասիրություն կատարեց, որի արդյունքում Հայաստանի հետ համատեղ որոշվեց, որ մեզ պետք չի միայն ազատ առեւտրի համաձայնագիր, այլ պետք է խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիր։ Այսինքն՝ համաձայնագիրը պետք է ներառի բոլոր ոլորտները (ապրանքների եւ ծառայությունների առեւտուր, ներդրումներ, մրցակցություն, գնումներ), դրան գումարած՝ պարունակի նաեւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ 2009թ. Եվրոպական հանձնաժողովի փաստահավաք առաքելությունը Հայաստանում ուսումնասիրեց բոլոր այն մարմինները, որոնք ներառված կլինեն ապագա համաձայնագրի մեջ, եւ ներկայացրեց իր առաջարկները, որոնց ուղղությամբ Հայաստանը պետք է քայլեր կատարի։ Հակառակ տարածված այն կարծիքի, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը սահմանափակվում է միայն ինստիտուցիոնալ բնույթի բարեփոխումներով, օրենսդրական փոփոխություններով եւ տարատեսակ համաձայնագրերի ստորագրման արարողություններով, Վ. Սիմոնյանը հավաստիացնում է, որ Եվրամիությունը կոնկրետ, առարկայական աջակցություն է ցուցաբերում ՀՀ-ին՝ եվրոպական չափանիշներին մոտենալու հարցում։ Այսինքն՝ մի կողմից ներկայացնում է պայմաններ, մյուս կողմից՝ օգնում, որ բավարարենք այդ պայմանները։ «Եվրամիությունը նույնպես ցանկանում է ունենալ այնպիսի գործընկեր, որ գրեթե նույն մակարդակի վրա է գտնվում տնտեսական առումով, ինստիտուցիոնալ զարգացվածության աստիճանով։ Սա Հայաստանի համար բարեփոխումներ իրականացնելու խթան է հանդիսանում»,- ասում է Վ. Սիմոնյանը։ Այդ համատեքստում կարեւորվում է հատկապես Եվրոպական Միության խորհրդատվական խմբերի գաղափարը, որը կյանքի կոչվեց 2008թ. Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ կնքված հուշագրի արդյունքում։
– ԵՄ խորհրդատվական խումբը ՀՀ-ում իր աշխատանքը սկսեց 2009թ-ից, տարբեր ոլորտներում։ Խորհրդատուները կցված են տարբեր նախարարությունների՝ կոնկրետ խնդիրների լուծմանը աջակցելու, կարողություններ ձեւավորելու համար։ Դրա հետ զուգահեռ՝ գործում է նաեւ AEPLAC-ը, որը նույնպես այդ խմբի հետ համատեղ աջակցում է ՀՀ պետական կառավարման մարմիններին՝ թե՛ ԵՀՔ գործողությունների ծրագիրն ավելի արդյունավետ իրականացնելու, թե՛ խոր եւ համապարփակ առեւտրի համաձայնագրի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար։ Մենք հիմա ունենք կոնկրետ խորհրդականներ՝ առեւտրի գծով, բուսասանիտարական եւ մտավոր սեփականության խնդիրների հարցով։ Նրանք լուրջ պրոֆեսիոնալներ են՝ ԵՄ անդամ տարբեր երկրներից։ Ունեն պրակտիկ աշխատանքի փորձ. աշխատել են թե՛ իրենց երկրների անդամակցության նախապատրաստման ժամանակ, բարեփոխումների շրջանակներում, թե՛ եվրոպական հանձնաժողովում։
– Իսկ այդ խմբերի գործունեությունը որքանո՞վ է արդյունավետ։
– Մեր մասով կարող եմ ասել, որ շատ նորմալ, ակտիվ աշխատում ենք։ Ունենք շաբաթական հանդիպումներ նախարարի հետ, եւ անհատական հանդիպումներ։ Նրանք հենց մեր նախարարությունում են, ոչ մի խոչընդոտ չկա՝ հեռավորության մասով, ասենք։ Այսինքն՝ մենք գրեթե ամեն օր աշխատում ենք իրար հետ։
– Բացի խորհրդատվական աջակցությունից, ուրիշ ի՞նչ բնույթի աջակցություն է ցուցաբերում Եվրոպական Միությունը։
– Կա նաեւ տեխնիկական-ֆինանսական աջակցություն։ Համաձայն վարչապետի որոշման, ՀՀ Էկոնոմիկայի նախարարը նշանակված է Հայաստանում Եվրոպական Միության տեխնիկական աջակցության համակարգող։ Աջակցությունը իրականացվում է մի քանի ձեւով։ Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքներ են տարվել երկրի ռազմավարությունը մշակելու հարցում։ Իսկ այդ ռազմավարությունը ավելի պրակտիկ բաժանվում է ազգային ինդիկատիվ ծրագրերի՝ NIP-երի (national indicative program)։ Առաջին ինդիկատիվ ծրագիրը վերաբերում էր 2007-2010 թվականներին եւ նախատեսում էր 98 միլիոն եվրոյի աջակցություն։ Յուրաքանչյուր տարվա համար աջակցությունը ստացվում է 1 տարի ավելի ուշ, 2008-ի վերջին նոր ստացվել է։ Եվրամիության հետ կնքվում է տարեկան ֆինանսական համաձայնագիր եւ որոշվում է կոնկրետ ուղղություն ազգային ինդիկատիվ ծրագրի միջից։ Այսինքն՝ Եվրամիությունը ցուցաբերում է ուղղակի բյուջետային աջակցություն։ Ոչ թե կոնկրետ ծրագիր են տալիս իրականացման համար, այլ գումարը տրամադրում են բյուջեին, սակայն մոնիտորինգ են անում, թե որքանո՞վ է արդյունավետ եղել Հայաստանում այդ ոլորտի զարգացումը։ Օրինակ՝ առաջին ոլորտը եղել է միջին մասնագիտական կրթությունը, երկրորդը՝ 2008թ. համար, աջակցությունը ուղղվել է արդարադատության ոլորտի բարեփոխումներին։ Այս տարի, երբ եվրոպական հանձնաժողովի հանձնակատարը Հայաստանում էր, ստորագրվեց նաեւ NIP 2011-2013-ը։
– Որո՞նք են այդ 2011-2013 ծրագրի առաջնային ոլորտները:
– ժողովրդավարական կառույցներ եւ արդյունավետ կառավարում, առեւտուր եւ ներդրումներ, սոցիալ-տնտեսական բարեփոխումներ եւ կայուն զարգացում։ Այս երեք առաջնայնությունների համար` 2011-2013 թվականների աջակցությունը կլինի 157 միլիոն եվրոյի չափով, որից 32 միլիոնը նոր գործիք է` CIB-comprehensive institutional building՝ պետական կառավարման մարմինների կարողությունների զարգացման նոր ծրագիր։ Բացի այս ամենից, կան այլ գործիքներ եւս։ Օրինակ՝ TWINNING-ը՝ նախատեսված կոնկրետ գերատեսչություններում կարողությունների զարգացման համար։ Կա նաեւ կարճաժամկետ TAEX ծրագիրը, որի շրջանակներում էքսպերտներ են գործուղվում Հայաստան, սեմինարներ են կազմակերպվում, ինչպես նաեւ՝ Հայաստանից study visit-ներ՝ եվրոպական հաստատություններ։ Եվ կա SIGMA ծրագիրը, որն ավելի օպերատիվ է. սահմանափակ ոլորտներ է ներառում, բայց շատ արդյունավետ գործիք է, ուսումնասիրություններ են կատարվում, օրենսդրության համեմատություններ են անում, առաջարկներ են ներկայացվում եւ այլն։