Դիմելու են կառավարությանը

29/04/2010

Հանրային խորհուրդը երեկվա նիստում` 17 կողմ, 6 դեմ եւ 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշում է ընդունել առաջարկել ՀՀ կառավարությանը` «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը վերականգնել պետական հուշարձանների ցանկում:

Նիստում նշվեց, որ կառույցն այդ ցանկից հանվել էր առանց Մշակույթի նախարարության համաձայնության: Մինչ քվեարկությունը խորհրդի Քաղաքաշինության եւ ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը նշել է, որ կառույցն իրոք ճարտարապետական մեծ արժեք է ներկայացնում, իսկ խորհրդի անդամներն էլ առաջարկել են ձեռնպահ մնալ որեւէ որոշում կայացնելուց` պնդելով, թե անհրաժեշտ է կոչ անել, որպեսզի Մայր Աթոռն ու ճարտարապետները գնան բանակցությունների, ինչին, սակայն, մեծամասնությունը համաձայնություն չեն տվել:

Խորհրդի անդամ Ռուբեն Սաֆրաստյանն էլ առաջարկել է հարցը լուծել խղճի տեսանկյունից, ինչին ի պատասխան՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ասել է, թե խորհուրդը ոչ թե «դեմ է գնում եկեղեցուն», այլ ընդամենը բարձրացնում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանման հարցը:

Մարկոս Սրբազանն ասել է, որ կառույցը չի կատարում իր ֆունկցիոնալ նշանակությունը: «Դա հիմք չէ, որ ապամոնտաժեն, սակայն հետագայում խնդիրներ կունենանք կառույցը պահպանելու հարցում: Շատ լավ առաջարկ է` պահել, բայց ի՞նչ գնով: Ինձ ստույգ աղբյուրներից ասել են, որ ճարտարապետն այն բարձրության վրա է կառուցել այդ շինությունը, որ տեղ թողնի այդտեղ պեղումներ անելու համար: Հեղինակը թողել է այդ հնարավորությունը մեզ, որ այդտեղ կառուցված եկեղեցին ոչ միայն հիշողություն մնա, այլ ինչ-որ ժամանակ իրականություն դառնա: Ապամոնտաժումը չպետք է ինքնանպատակ լինի»,- ասել է սրբազանը: Իսկ Վազգեն Մանուկյանն էլ ասել է. «Ես երեկ մեկուկես ժամ խոսել եմ Վեհափառի հետ: Նրա մտահոգությունն այն է, որ այդ շինությունը չի ծառայում իր նպատակին: Նա դեռ հանդիպելու է ճարտարապետների հետ ու բանակցելու է նրանց հետ: Վեհափառը շատ նուրբ է մոտենում հարցին»:

Հանրային խորհուրդը երեկ, ի վերջո, որոշել է խմբագրական հանձնաժողով ստեղծել, որը պետք է ձեւակերպի կառավարություն ներկայացվելիք առաջարկը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը անհատույց տրամադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Նախատեսվում է դահլիճը քանդել եւ փոխարենը եկեղեցի կառուցել: Այս որոշման դեմ պայքարում են ճարտարապետները` նշելով, որ շինությունը ճարտարապետական մեծ արժեք է ներկայացնում: Դահլիճի ապամոնտաժման դեմ նաեւ ստորագրահավաք է կազմակերպվել, որին միացել են 23.000-ից ավելի քաղաքացիներ: