Հայոց ցեղասպանության հարցն ընդգրկվել է Իսրայելի Կնեսետի օրակարգ: Խաիմ Օրոն շուրջ 15 րոպե ներկայացրել է հարցը, ինչին հետեւել է բավական բուռն քննարկում, որը տեւել է սովորականից ավելի երկար` շուրջ 25 րոպե: Հարցը Կնեսետի օրակարգ է ընդունվել 12 կողմ, 8 դեմ ձայներով: Առայժմ պարզ չէ, թե գլխամասային որ հանձնաժողովը կներկայացնի հարցը խորհրդարանում եւ խորհրդարանի ընդհանուր նիստում երբ կքննարկվի հարցը: Կնեսետի ղեկավարությունն այդ հարցը կորոշի առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Իսրայելի կառավարությունը, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ բացասական եզրակացություն է տվել հարցին: Չնայած դրան, հարցն ընդգրկվել է օրակարգ: Իսրայելագետ Արտակ Գրիգորյանի խոսքով` երրորդ տարին անընդմեջ այս հարցն ընդունվում է Կնեսետի օրակարգ, բայց քնեցվում է, եւ որեւէ զարգացում չի լինում: Ի տարբերություն նախորդ տարիների, ուրախալին այն է, որ այս անգամ հարցն ավելի երկար է քննարկվել Կնեսետում, եւ հայամետ ելույթներն ավելի շատ են եղել: Եղել են նաեւ դեմ ելույթներ, որոնք հնչեցնողները հիմնականում եղել են արտգործնախարարի ղեկավարած կուսակցության անդամները: Այս կուսակցությունը հիմնականում համալրված է Ռուսաստանից Իսրայել տեղափոխված հրեաներով: «Եթե իրատես լինենք, դժվար թե այս ուղղությամբ զարգացում լինի, քանի որ այսօրվա քաղաքական իրավիճակը դրա համար նպաստավոր չէ»,- երեկ ասել է Արտակ Գրիգորյանը: