Բենզինի սպասվող թանկացումը կարող է էապես ազդել մեր կյանքի գրեթե
բոլոր ոլորտների վրա։ Համենայն դեպս, վառելիքի շուկայի հիմնական
«փայատերերից» մեկի այն կանխատեսումը, թե առաջիկայում Հայաստանում
ավտոմեքենա վարելը աննախադեպ շքեղություն կհամարվի եւ հարուստների
մենաշնորհը կդառնա, կարող է մոտ ապագայում իրականություն դառնալ։
Միջազգային շուկայում բենզինի գինն, իհարկե, բարձրանում է։ Բայց արդյո՞ք
միայն դա է սպասվող թանկացումների պատճառը։ Համենայն դեպս, վերջին հինգ
տարիների ընթացքում միջազգային շուկայում բենզինի գինը նաեւ իջել է, բայց
դա հայաստանյան գների վրա որեւէ ազդեցություն չի ունեցել։ Փաստորեն,
միջազգային շուկան մեզ վրա միակողմանիորեն է ազդում։
Մեր հանրապետությունում բենզինի գնի շարունակական աճը մտահոգում է ոչ
միայն վարորդներին, այլեւ` ողջ հասարակությանը, քանի որ այն կարող է
նպաստել մյուս ապրանքատեսակների գների աճին. բենզինը սպառողական
ապրանքախմբում համարվում է հիմնական տարրերից մեկը:
Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ բենզինը զգալիորեն թանկացել է մեր շուկայում
(այսօր բենզինի գինը հասնում է մինչեւ 440 դրամի` 1 լիտրի դիմաց): Սակայն
նույնը չի կարելի ասել համաշխարհային շուկայի մասին. եթե Հայաստանում
վառելիքի գները թանկացել են վերջին մի քանի շաբաթներին, ապա համաշխարհային
շուկայում բենզինի գների տատանումները միանշանակ վերընթաց ուղղություն
ունեն գրեթե մեկ տարվա կտրվածքով:
Նախկինում այս թանկացումներին հայկական շուկայի չարձագանքելը
պայմանավորված էր նրանով, որ մեր ներմուծողները այն խոշոր խմբաքանակներով
են ներկրում եւ իրացնում են որոշակի ժամանակահատվածում: Իսկ մեր շուկան
շատ փոքր մասնաբաժին ունի աշխարհում:
Ինչո՞վ է պայմանավորված տնտեսության համար այսչափ կարեւորություն ունեցող
այս նավթամթերքի գնի թռիչքը Հայաստանում: Փորձեցինք բացատրություն ստանալ
ոլորտի խոշորագույն ներմուծողներից մեկից` «Քաղ պետրոլ սերվիս» (CPS)
ընկերությունից: Բնականաբար, պատասխանը պարզ է ու տրամաբանական. բենզինի
միջազգային գներն աճում են: Վերջին օրերին դրան նպաստեցին ԱՄՆ-ում տեղի
ունեցած բնական աղետները, քանի որ հենց Մեքսիկական ծոցում են գտնվում
աշխարհի նավթարդյունահանող գործարանների մոտ 30%-ը, որոնք դադարեցին
գործել: Ի դեպ, նավթի եւ նավթամթերքի գները շատ հաճախ կարող են հակառակ
ուղղություններով տատանվել, ինչն այսօր աշխարհում տեղի է ունենում:
Իսկ ինչպե՞ս է դոլարի փոխարժեքն ազդում ներքին շուկայում բենզինի գների
վրա: Տեսականորեն դոլարի թանկացումը հանգեցնում է ներմուծվող բենզինի գնի
աճին: Այդպես էլ եղավ Հայաստանում օգոստոսի վերջին, երբ փոխարժեքը հասավ
մինչեւ 478 դրամի: Ի դեպ, Հայաստանում այս գարնանը կատարված օրենսդրական
փոփոխությամբ ներկրվող բենզինի մաքսատուրքի համար սահմանվել է 1դոլար=500
դրամ փոխարժեքը: Այս դեպքում, իհարկե, տուժում են ներմուծողները, քանի դեռ
փոխարժեքը 500 դրամից ցածր է: Իհարկե, նրանց այսօրվա կորուստներն
անհամեմատ փոքր են այն գերշահույթներից, որոնք ներմուծողները ենթադրաբար
ստանում էին դոլարի փոխարժեքի նվազման դեպքում, երբ Հայաստանում գները
պահպանվում էին նույն մակարդակի վրա: Ինչպես տեղեկացրեցին CPS-ի
գրասենյակից, այսօր իրենք 1 տոննա բենզինի համար վճարում են 112.000 դրամ
մաքսատուրք` մոտ 102.000-ի փոխարեն` հաշվի առնելով այսօրվա փոխարժեքը:
Դժվար է որեւէ կանխատեսում անել բենզինի գնի առաջիկա տատանումների
վերաբերյալ, սակայն CPS-ի կարծիքով, դժվար թե նկատվի շեշտակի աճ, քանի որ
շուկան մրցակցային է:
Իսկ ինչպե՞ս բենզինի թանկացումը կանդրադառնա սպառողների վրա: Որոշ
գնահատականների համաձայն, նրանց թիվը հազիվ թե զգալիորեն նվազի, քանի որ
բենզինը առաջնային անհրաժեշտության ապրանք է: