Պետեր Նադաշ «Ասք կրակի եւ իմացության մասին»

29/04/2010 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Մի տոթակեզ ամառային գիշեր անհայտ անձինք, պարզ չէ, թե ինչ նպատակով, եւ հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում բոլոր չորս անկյուններից այրեցին Հունգարիան: Հայտնի է լոկ, որ արեւմուտքում հրդեհը բռնկվեց Ագֆալվայի տակ, արեւելքում` Տիսաբեչի, հյուսիսում` Նոգրադսակալ գյուղի մերձակայքում, հարավում` Կյուբեկխազիի մոտ: Եվ ահա բոցավառվեց ծղոտը, բռնկվեցին տոթից սմքած դաշտերը, եւ կրակը շուտով արդեն մոտեցավ չորս գյուղերի շրջապարիսպներին: Զեփյուռը, անվնաս, հազիվ զգալի, փչում էր Ագֆալվայի վրա արեւմուտքից, Տիսաբեչ գյուղի մոտ արեւելքից, Նոգրադսակալի մատույցներում հյուսիսից, իսկ Կյուբեկխազին՝ մերձհարավից, արդյունքում՝ հուրը սկսեց տարածվել սահմանների մոտից դեպի Հունգարիայի կենտրոնը: Բուդապեշտն անվրդով քնած էր, ոչնչի մասին չկասկածելով:

Ճիշտ է, առավոտյան ռադիոժամանակագրության մեջ յոթերորդ լուրը հաղորդագրություն էր այն մասին, որ երկրի արեւելյան, ինչպես եւ՝ արեւմտյան, հյուսիսային եւ հարավային շրջաններում հրշեջները լուսադեմին սկսել են մեծ զինավարժություններ: Եվ այդ նվազ նշանակալից լուրից հունգարները հասկացան, որ տեղի են ունենում բավական նշանակալից իրադարձություններ:

Այդուհանդերձ, թեպետ, առանձին վերցրած յուրաքանչյուրը հասկացավ, որ լուրն այս ամենեւին էլ այն չի նշանակում, ինչ այն նշանակում է, բոլորը միասին ձեւացրին, թե գաղափար էլ չունեն, թե ինչ է այն նշանակում: Իսկ այդ ամենն՝ այն պատճառով, որ նկարագրվող շրջանում «նշանակալիցը» հունգարացոց լեզվում նշանակում էր՝ «աննշան», իսկ «աննշանը», ընդհակառակը` «նշանակալից», ի հավելումն այդ բառերը դեռեւս վերջնականապես չէին կորցրել իրենց նախնական իմաստը, եւ այդ պատճառով չէր էլ կարող համընդհանուր կարծիք լինել այն մասին, թե, այդուհանդերձ, դրանք ինչ են նշանակում: Հունգարացիք համակարծիք էին միայն այն բանում, թե այս կամ այն բառը ինչ չի կարող նշանակել:

Իրոք որ, չէ՞ որ, եթե բառն ինչ-որ պատահականության բերմամբ հանկարծ կորցներ իր նախնական իմաստը, ապա այն ձեռք կբերեր նորը, սակայն դա հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե անհատական իմացությունը նրանք կարողանային ընդհանրական դարձնել, դրանով փոխըմբռնման հասնելով: Այնպես որ, գործնականորեն բոլոր բառերը հունգարացիների լեզվում, ընկալված անհատական իմացության կամ համընդհանուր չիմացության չափով, ամեն անգամ ինչ-որ այլ բան էին նշանակում, քան այն, ինչ նրանք նշանակում էին. բառերի նշանակության մասին ստիպված էիր լինում գլխի ընկնել՝ կախված այն բանից, թե ով է խոսում, կամ ելնելով բառի նախնական իմաստի եւ նրա նոր նշանակության հարաբերակցությունից: Իսկ երբ պատահում էր, որ բառը, առաջին հայացքից, կորցնում էր իր նշանակությունը, այսինքն՝ մեկնության չէր տրվում ոչ խոսողի տեսանկյունից, ոչ էլ ելնելով նախնական իմաստից, ապա այդ անհեթեթությանն ավելի մեծ նշանակություն էին տալիս, քան, եթե այդ խոսքն ինչ-որ բան նշանակեր: Անորոշ, մեկնաբանության չտրվող իմաստով բառերը հունգարացիների լեզվում մատնացույց էին անում առ մարդկանց ինչ-որ խորքային ընդհանրությունը, որի մասին այն ժամանակ չէր թույլատրվում մտածել: Այլ լեզուներով մտածող մարդկանց գլխում ինչ-որ բան ծագում է, նույնիսկ, երբ նրանք ոչնչի մասին չեն մտածում: Իսկ հունգարերեն մտածող մարդկանց պատմական բախտ էր վիճակվել, թվում էր, թե անլուծելի` նրանց գլխում պետք է ոչինչ չծագեր ոչ միայն այն ժամանակ, երբ նրանք ոչնչի մասին չէին մտածում, այլ նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք ինչ-որ բան մտածում էին, նրանց մտքով անգամ չպիտի անցներ այնպիսի մի բան, որ կարող էր նրանց խելքի գցել:

Իհարկե, լեզվից օգտվելու սույն եղանակը բավական դժվարացնում էր շփումը միմյանց հետ, բայց հենց դա էր նրանց շփման գլխավոր կանոնը` անհատական իմացությունը չպետք է ընդհանրական դառնար, եւ դրանում, հարկ է ասել, նրանք բավական մեծ հաջողության էին հասել: Իրենց պատմության վերջին մեկուկես դարի ընթացքում նրանք համոզվեցին այն բանում, որ սոսկ կոլեկտիվ անգիտությունը կարող է իրենց ետ պահել որեւէ անհատական հիմարությունից, այսինքն, եթե նրանք միմյանց չփոխադարձեն անհատական իմացությունը, ապա եւ բոլորը միասին էլ այնպիսի հիմարություններ չեն գործի, որոնց պատճառով կարող են այլոց կամ միմյանց միջեւ խնդիրներ ծագել: Այդպես էին նրանք դատում: Եվ որքան էլ արտառոց թվա մեզ նրանց մտքի ընթացքը, ինչպես անհատական, այնպես էլ ընդհանուր ճակատագրերը ղեկավարելու այդ տրամաբանությունը, որ բացառում էր ընդհանրական իմացությունը, որն իրեն առավել քան լավ դրսեւորեց, չէ՞ որ հենց դրա շնորհիվ նրանք պահպանվեցին որպես հունգարացիք, այսինքն՝ ազգային վերընձյուղման տեսանկյունից այդ տրամաբանությունը ոչ միայն անօգուտ չեղավ, այլ դարձավ դրա անհրաժեշտ պայմանը: Սակայն այն ամենը, ինչ օգտակար է լինում մրրիկի պահին, նույնչափ օգտակար չի լինում հրդեհի ժամանակ:

Երբ նավը փոթորկի մեջ է ընկնում, առագաստները, որպես կանոն, վերացնում են, բայց լինում է եւ այնպես, որ քամու առանձնահատկությունները պահանջում են, որ բոլոր առագաստները վեր պարզվեն: Իսկ երբ նավի վրա հրդեհ է բռնկվում, ապա կուզես՝ առագաստներդ պարզիր, կուզես՝ թեքվիր` ամենակուլ հրի համար մեծ նշանակություն չունի:

Հունգարացիների վարքի, նրանց մտածողության եւ լեզվին դիմելու կերպի մեջ կար մի բան, որ դժվար է սխալական կամ արատավոր համարել, պարզապես դրանում, այդ տրամաբանության մեջ, կար մի թերություն, որը բնորոշ է ամենայն ոչ միարժեք բանի: Քանզի միմյանց հետ շփման մեջ նրանց գլխավոր կանոնը հրաժարումն էր անհատական իմացությունը ընդհանրական դարձնելուց, քանզի միայն այդ լռին փոխհամաձայնությանը մոլեռանդ կողմնակցության շնորհիվ նրանք պահպանվեցին որպես ազգ, անհատի տեսանկյունից, դրանից անխուսափելիորեն բխում էր, որ յուրաքանչյուր հունգարացի կենում էր այն վստահության մեջ, որ մյուսը գիտի նույնքան, որքան ինքը, թեպետ նրանցից եւ ոչ մեկը չէր կարող ստուգել, թե ինչ գիտի եւ ինչ չգիտի: Քանի որ, զբաղվելով բառերի իմաստի որոնումով, դրանց իմաստը քամահրելու մեթոդով, բոլոր հունգարացիք դատապարտված էին այն բանին, որպեսզի սոսկ ինչ-որ բան երկուստեք ենթադրեն միմյանց մասին, չէ՞ որ բոլորը միասին նրանք կարող էին իմանալ միայն այն, որ նրանք բոլորը դատապարտված են ենթադրելու այն բաների մասին, որոնց մասին նրանցից ոչ մեկը չգիտեր, դե, եւ իմանալ էլ չէր կարող, եւ ինչը որ նրանք չգիտեն միասին վերցրած:

Եվ այդուհանդերձ, չնայած ստեղծված իրավիճակի բարդությանը, ազգը պահպանեց միասնությունը, այն իմաստով, որ հունգարացիներից ոչ մեկը չնետվեց հրդեհը մարելու: Բացի դրանից, նրանց միասնությունն իր արտահայտությունը գտավ այն բանում, որ նրանք բոլորը մեկի պես մտածում էին «կրակ» բառի նշանակության մասին: Իսկ մտածողությունը, ինչպես հայտնի է, նույնպես գործողություն է: Կարծիքները «կրակ» բառի շուրջ, անշուշտ, տարբեր էին, բայց դրանք փոխանակելը իմաստ չուներ արդեն այն պատճառով, որ յուրաքանչյուրը հիմնավորապես ենթադրում էր, որ մյուսներն իրենից վատ չգիտեն, որ «կրակ» բառը նշանակում է ոչ այն, ինչ նշանակում է: Իսկ եթե այդպես է, ապա այդ հարցի վրա գլուխ ջարդելու բնավ էլ կարիք չկար, չէ՞ որ խոսքը կարող էր լինել միայն այնպիսի կրակի մասին, որն իրականում չի այրվում, կամ էլ հարկ էր մտատանջվել կսկծալի հարցով` արդյո՞ք այն ջուր է նշանակում: Նրանք, ովքեր այդ հանելուկին մոտենում էին նախնական իմաստի տեսանկյունից, ակամա մտածում էին ջրի մասին, այլք, որ փորձում էին իմաստավորել հարցը խոսողի դիտանկյունից, նույնպես թույլ չէին տալիս, թե խոսքը կրակի մասին է: Եվ եթե առաջինները կարծում էին, որ երկրին, ըստ երեւույթին, սպառնում է աղետալի հեղեղումը, ապա մյուսները մտածում էին, որ հրշեջները, իսկական հրդեհներ մարելու փոխարեն, արհեստական հրդեհներ են սարքում, ինչն ամենեւին իրական հրդեհից անվտանգ չէ (կարդա` հեղեղում), չէ՞ որ, եթե կարող է գոյություն ունենալ կրակ, որն իրականում չի այրվում, ապա լիովին կարող է գոյություն ունենալ եւ այնպիսի արհեստական հուր, որն, ընդհակառակը, այրվում է…

Օրվա վերջում հասարակության անգիտությունն ամբողջությամբ ահեղ վտանգի վերաբերյալ, որ ապրվում էր, ձեւավորվելով անհատականից` յուրաքանչյուրով վերցված, երկրում ծնեց ու ստեղծեց այն լարվածության մթնոլորտը, ինչը մյուս ժողովուրդների մոտ արթնացնում է այն, որ դեռ այսօր էլ կոչվում է պատասխանատվություն ազգի ճակատագրի համար: Բայց այդպես չէր հունգարացիների մոտ նկարագրվող շրջանում: Անկախ այն բանից, թե ինչ էր մտածում նրանցից յուրաքանչյուրը կատարվածի մասին, անհնար էր օդում չզգալ այրուցքի հոտը, այդուհանդերձ, եթե այդ թեմայի շուրջ խոսակցություն էր ընթանում, նրանք կոլեկտիվաբար գալիս էին այն եզրակացության, որ, ավելի շուտ, քաղաքի վրա մրրիկ է շարժվում, եւ, իբր, այդ պատճառով էլ երկինքն այդպես մթնել է, ընդ որում, ամեն ոք առանձին հասկանում էր, որ ոչ հորդացումը, ոչ էլ հրշեջների տարածած արհեստական կրակը ծուխ չեն արտաբերում եւ ուրեմն՝ չեն կարող ոչ մրրիկ, ոչ փոթորիկ առաջացնել: Ի վերջո, նորությունների երեկոյան թողարկման մեջ պատահածի մասին որոշ մանրամասներ հնչեցին:

Սակայն իրադարձություններն ավելի լավ հասկանալու համար հարկ է ասել այն վերին աստիճանի պատվելի պարոնների եւ տիկնանց մասին, որոնց համար ոչ միայն մասնագիտություն, այլ ողջ կյանքի գործն էր, հասարակության համար օգտակար լուրերի ազդարարումն էր: Սկսենք այն բանից, որ այն ժամանակ հունգարացիք եւ մտայնությամբ, եւ վարքով, եւ նույնիսկ արտաքնապես հասել էին այնպիսի հավասարության, որ իրենք իրենց դժվարությամբ էին տարբերում: Օրինակ, լույս աշխարհ նրանք գալիս էին արդեն չափահաս, եւ քանի որ մեծանալու կարիք այլեւս չկար, ապա նրանք ողջ կյանքում երեխա էին մնում: Եվ այդ պատճառով նրանք դպրոցի կարիք չունեին: Յուրաքանչյուրը, լինելով հասուն, իր պարտքն էր համարում այլոց խելք սովորեցնելը, չէ՞ որ բոլոր հունգարացիք երեխա էին մնում, միաժամանակ, քանզի նրանցից ոչ մեկը չէր կարող մեծանալ, բոլորը ստիպված էին ողջ կյանքում սովորել: Իսկ երբ մոտակայքում սովորել կամեցող չէր լինում, ամեն ոք մանկավարժական նպատակով կարող էր օգտագործել ինքն իրեն, չէ՞ որ հունգարացիների համընդհանուր եւ անկապտելի հատկությունն այն էր, որ, մնալով երեխա, նրանք պատկերացում չունեին այն բանի մասին, թե ինչ իրենք գիտեին որպես չափահաս: Սակայն այդ ողջ հավասարության հետ մեկտեղ՝ նրանց մեջ կային եւ ինքնազոհողության հակված անհատներ, որոնք, հենց ի շահ լիակատար եւ բացարձակ հավասարության, ստիպված էին ավելի հավասար լինել, քան մյուսները:

Այստեղ, որպես կեղծապատիր եւ չարակամ, մենք պետք է մերժենք առանձին անպատասխանատու հայտարարություններն այն մասին, թե հասարակության այդ ավելի հավասար անդամները քաղաքացիներն ու քաղաքացուհիներն են, ովքեր ղեկավարում էին երկիրը: Գիտությունը այսօրվա տվյալներով չունի փաստեր, որոնք վկայում են այն մասին, թե նրանցից որեւէ մեկը թեկուզ մեկ անգամ իր անհատական գիտելիքը բաժին է հանել ինչ-որ մեկ ուրիշին: Դա նրանք թույլ չէին տալիս ոչ իրենց շրջապատում, եւ ոչ էլ դրանից դուրս, եւ ուրեմն, հասարակության գործերին իրազեկ քաղաքացիների, եւ դրանց անիրազեկ քաղաքացիների միմյանց միջեւ եղած տարբերությունը զուտ ձեւական էր: Եթե հասարակության գործերին անիրազեկ քաղաքացիները, այդ գործերին հենց իրենց անիրազեկության շնորհիվ, մոլեռանդորեն եւ հենց իրենց օգտավետության համար կողմնակից լինեն լռին հասարակական պայմանագրին` երբեք եւ ոչ մի դեպքում հասարակության սեփականությունը չդարձնի իր գիտելիքները, ապա հասարակության գործերին իրազեկ քաղաքացիք, ելնելով հենց այդ գործերին իրենց իրազեկության զգացողությունից, մոլեռանդորեն եւ հասարակության շահերի համար կողմնակից էին լռին պայմանագրին, որին համապատասխան միայն կոլեկտիվ անգիտությունը կարող էր երաշխավորել այն անհատական իմացությունը, որն ունենալու իրավունք ոչ ոք չուներ: Եթե առաջինները ձեւացնում էին, թե իբր ոչ մի անհատական գիտելիք չունեն աշխարհի մասին, ունենալով լոկ կոլեկտիվ անգիտություն, ապա մյուսները ձեւացնում էին, թե իբր հենց կոլեկտիվ անգիտությունն էլ անհատական իմացությունն է, եւ դրանում կար իր տրամաբանությունը: Չէ՞ որ, եթե որեւէ մեկը ոչ իր մեղքով իրազեկ չէ հասարակական գործերին, ո՞ր հիմքով նա կարող է հավակնել այն բանին, որպեսզի իր անհատական իմացությունը կոլեկտիվ անգիտության մաս կազմի: Մյուս կողմից, եթե որեւէ մեկը, դարձյալ ոչ իր մեղքով, իրազեկ է հասարակական գործերին, ինչ հիմքով նա կարող է հրաժարվել այն բանից, որպեսզի իր անհատական իմացության հիմքը կազմում է կոլեկտիվ անգիտությո՞ւնը: Այդ իմաստով մենք կարող ենք վստահաբար խոսել ղեկավարողների եւ ղեկավարվողների սկզբունքային հավասարության մասին: Ղեկավարողները չէին կարող սահմանափակել ղեկավարվողներին առ ազատ միտքը դեպի իրենց անհատական իմացությունը ճիշտ նույնպես, ինչպես ղեկավարվողները չէին կարող սահմանափակել ղեկավարողների ազատ մուտքն առ հասարակական անգիտությունը: Նկարագրվող շրջանի Հունգարիայում յուրաքանչյուրը կարող էր անել այն, ինչը նա չգիտի, եւ յուրաքանչյուրը բացեիբաց այդ մասին կարող էր մտածել այն, ինչը նա չի մտածում: Եվ եթե այս վեհանձն եւ գրավիչ թերամտությամբ հանդերձ՝ հունգարացիները երկիրը չհասցրին ծայրահեղ քայքայման եւ քաոսի, ապա դա չպատահեց միայն այն պատճառով, որ բոլոր հավասար քաղաքացիների մեջ կային ավելի հավասար քաղաքացիներ: Եվ դրանց կոչում էին լուրեր հաղորդողներ:

Հունգարացի լուրեր հաղորդողները մեկից մեկ նման էին բոլոր մնացած հունգարացիներին, բայց բավական է, որ նրանք բերանները բացեին, եւ այդ նմանությունը վերածվում էր հակադիր մի բանի: Բոլոր մնացած հունգարացիներին նրանք նման էին այն բանով, որ նույնքան երջանկորեն իրենց մեջ զուգակցում էին չափահասի եւ երեխայի հատկանիշները, սակայն, եթե սովորական հունգարացին խելք սովորեցնելու հնարավորություն ուներ լոկ մեկին կամ, լավագույն դեպքում, մի քանի հունգարացիների, ապա լուրեր հաղորդողները կարող էին խելք սովորեցնել միանգամից բոլորին:

Ինչ վերաբերում է հենց իրենց, ապա այդտեղ նրանց մանկավարժական ջանքը բացարձակապես անպտուղ էր, քանի որ մյուս հունգարացիներից նրանք տարբերվում էին նաեւ այն բանով, որ եթե նրանք կարող էին հասկանալ ողջ ասածը՝ ինչպես կամենային, ապա լուրեր հաղորդողները, ուզած թե չուզած, պետք է ձեւացնեին, որ իրենք ոչինչ էլ չեն հասկանում այն ամենից, ինչ ասում են այլոց: Ներշնչված մանկավարժներ լինելով, նրանք անջանադիր աշակերտներ էին: Հասկանալի է, որ ոչինչ չհասկանալով այն ամենից, ինչ նրանք ասում էին, նրանք լավագույնս մարմնավորում էին այն ընդհանրական անգիտությունը, որն ունեին հունգարացիք միայն միասին վերցրած: Դե, իսկ եթե դուք կարող եք արտահայտել որեւէ բան, որ համընդհանուր է բոլորի համար, ապա մի՞թե դա ներշնչանքի առիթ չէ:

Այնպես որ, որպես մանկավարժներ՝ նրանք մեծաց մեծն էին, ունենալով յուրաքանչյուրին եւ ամենքին ուսուցանելու հնարավորություն, սակայն դրա հետ մեկտեղ՝ երեխայության մեջ նրանց հավասարը չկար, քանի որ նրանք իրենք չէին կարող ոչինչ սովորել նույնիսկ իրենք իրենցից: Քանզի բավ էր միայն ձեւացնել, թե իբր նրանք հասկանում են, թե ինչ են խոսում, եւ բոլորը մեկի պես, բնականաբար, նրանց ապուշ կհամարեին, չէ՞ որ նորմալ մեկը չի ձեւացնի, թե իբր հասկանում է այն, ինչի մեջ իրականում ոչ մի իմաստ չկա։ Այնպես որ, իրենց հասկացող ձեւացնել նրանք չէին կարող, եւ դա վշտանալու համար բավարար պատճառ էր:

Սակայն նրանց անօրինակ եւ դույզն-ինչ կասկած չհարուցող հանրաճանաչությունը նաեւ այլ պատճառներ ուներ: Նկարագրվող շրջանում հունգարացիների ամենօրյա շփման մեջ հիմնականում երեք բառ էր գործածվում, որ փոխառնվել էին կենսաբանական կենսագործունեությունից, բայց կորցրել իր նախնական իմաստը: Մի բառը` գործողություն արտահայտելու համար, երկրորդով արտահայտվում էր նրա օբյեկտը, իսկ երրորդն իրենով հեշտությամբ փոխարինում էր բոլոր հնարավոր սահմանումներն ու բարբառները: Սակայն, որպեսզի պատշաճությունը չխախտենք եւ մեր տրակտատի շրջանակներից շատ հեռու չգնանք, ավելի մանրամասն չբնութագրենք այդ բառերը: Բայց չի կարելի լռել նաեւ այն փաստի մասին, որ լուրեր հաղորդողներն իրենք էլ կենցաղում գործածում էին այդ բառերը, բայց բավ էր, որ հայտնվեին հասարակության մեջ, եւ նրանք սկսում էին խոսել այն լեզվով, որով չէր խոսում եւ ոչ մի հունգարացի: Եվ այս հանգամանքը հունգարացիների համար զարմանալի բազմանշանակություն էր ձեռք բերում։ Առաջինը, այն նշանակում էր, որ նրանք ընդհանուր լեզու ունեն, որը չկա, իսկ երկրորդ, այն նրանց հիշեցնում էր, որ ընդհանուր լեզուն ոչ միայն մի ժամանակ գոյություն ուներ, այլ, որ կարող է գոյություն ունենալ եւ այժմ, եթե ինչ-որ երջանիկ պատահականության շնորհիվ նրանք կարողանան հասնել հասարակական համաձայնության:

Այն շոգ եւ տոթ երեկոյան, երբ երկրի կեսը պատված էր հրով, էկրանի վրա պիտի հայտնվեր համընդհանուր սիրո առարկա լուրեր հաղորդող մի կին, որ մայրաբար խորաթափանց ձայնի տեր էր: Մենք ամենեւին էլ չենք չափազանցնի, ասելով, որ նույնիսկ ավելի հավասարների մեջ, քան բոլոր մյուսները, նա, անշուշտ, ամենահավասարն էր: Անցած մեկուկես դարի ընթացքում հունգարացիների պատմության մեջ չէր եղել այնպիսի վսեմա-բերկրալի կամ վշտա-տխուր իրադարձություն, որի մասին նրանք չիմանային նրանից, այդ պատճառով երախտապարտ բնակչությանն այլ բան չէր մնում, քան նրան համընդհանուր սիրով շրջապատելը: Իր բացառիկ հանրաճանաչությամբ նա պարտական էր նույնքան բացառիկ բնատուր շնորհին, որի մասին մյուսները կարող էին կրքոտ, բայց ապարդյուն երազել կամ լավագույն դեպքում ընդօրինակել: Բանն այն է, որ, ի տարբերություն գիտակցության երկատվածությամբ տառապող բոլոր մնացյալ հունգարացիների, նրա անձը կարող էր ոչ թե երկատվել, այլ եռապատկվել, այդ պատճառով նա ոչ միայն կարողանում էր խորին համոզվածությամբ եւ ապրումակցումով կարդալ տեքստերը, որոնցից, ինչպես կարող էր թվալ, ոչ մի խոսք չէր հասկանում, այլ դրա հետ մեկտեղ իր ձայներանգով, մի կողմից, բոլոր մնացածին հասկացնում էր, թե ինչպես պետք է հասկանալ իր արտաբերած ողջ անիմաստությունը կոլեկտիվ անգիտության տեսանկյունից, իսկ մյուս կողմից, նույն եղանակով հասկացնում էր, թե ինչը անհատական իմացության տեսանկյունից հարկ չէ հասկանալ այն ամենից, որն իրականում ոչ մի իմաստ չուներ եւ ոչ մի տեսանկյունից: Այս կինն ամենքի համար լուսատու էր, կանխատես եւ գուշակ:

Ես ստիպված եմ սկսել դրամատիկ հաղորդագրությունից, անվրդով տոնով ասաց նա այդ երեկո այն հունգարացիներին, որոնք դեռեւս կարող էին նրան լսել, եւ ժպիտի մեջ հալվելով, ուր ժողվել էր ողջ նրա հմայքը, հանկարծ պապանձվեց, ասես նրա շուրթերից համարյա թե պոկվեց այն անվայելուչ բառերից մեկը, որ կյանքում պոկվում էին դրանցից առանց որեւէ դժվարության: Նա գիտեր, որ չարտահայտված բառերը համերկրացիք արտահայտվածներից լավ էին հասկանում, քանի որ դրանցից նրանք հասկանում են ոչ միայն այն, ինչը տվյալ բառը չի նշանակում, այլ եւ այն, թե դա ինչ է նշանակում տվյալ իրավիճակի կապակցությամբ: Որից հետո, կարծես թե բնութագրելով իրենց մեջ կոլեկտիվ թերամտությունը ներառած բառերը, որոնք կկաթեն նրա հեգնորեն փայլուն շուրթերից, նրա աչքերը հուրհրացին: Չնայած պրովոկացիոն լուրերին, շարունակեց նա, որոնց համաձայն՝ երկրում իբր թե հրդեհ է սկսվել, կարելի է լիովին վստահությամբ, հիմնվելով ամենահուսալի աղբյուրներից եկած լուրերից, պնդել, որ կյանքը երկրում ընթանում է նորմալ, հանգիստ հունով: Ոչ ոք թույլ չտվեց իրեն մոլորության մեջ գցել: Խորոված անողներն իրենց մանղալներում խորոված են անում, Վինի Թուխը, ինչպես եւ հարկ է, քնից առաջ մաքրեց իր ատամները, եւ քաղաքում շուտով կբաբախեն դիսկոտեկների մեխանիկական սրտերը։ Այդ ամենը նա արտաբերեց այնպիսի հուզառատ ձայնով, որ աչքերին իսկական արցունքներ հայտնվեցին: Եթե ինչ-որ մեկը չի հավատում, հավելեց նա եւ անվեհեր գլուխը ցցեց, խնդրեմ, ձեր շուրջը նայեք: Նա գիտեր, թե ինչ էր ասում: Չէ՞ որ նկարագրվող շրջանի հունգարերենում կոչը համանման էր պնդմանը, այդ պատճառով՝ նույնիսկ նրանք, որ դեռ ունակ էին շուրջը նայելու, նրա կոչին չհետեւեցին: Շարունակելով իր մեկնաբանությունները, հեռուստատեսային գեղուհին չտարածվեց հրշեջային զինավարժությունների շուրջ, ինչպես նաեւ՝ ոչինչ չասաց այն մասին, որ տագնապալի լուրերը թշնամական «ձայների» հիստերիկ քարոզչության արդյունքն են, դրա փոխարեն՝ դյուրահավատ քաղաքացիների վրա թափելով քամահրանքի ժպիտը, նա հայտնեց այն մասին, որ լուրերի աղբյուր է ծառայել այն հանգամանքը, որ վերջին օրերս հունգարական քարտեզագրական ինստիտուտում սովորական ամենամյա գույքագրումից հետո իսկապես ոչնչացվել են չորս կողմից այրված որոշ քարտեզներ:

Եվ այդժամ նա ճակատագրական սխալ թույլ տվեց: Տեքստում, որ նա կարդում էր, խոսվում էր այն մասին, որ այրվում էին երկրի վաղուց չեղյալ հայտարարված քարտեզները: Եվ այդ կարծիքը նշանակում էր հենց այն, ինչ նշանակում էր:

Այրվող երկրի դեռեւս ողջ մնացած բնակչության ձեռքերում քարացել էին դանակ-պատառաքաղները, համեմով կարտոֆիլը, թթու դրած վարունգները եւ տապակած հավի կտորները չծամված էին մնացել բաց մնացած բերաններում: Բոլորը մեկի պես նստած էին աչքերն առաջ հառած եւ լռում էին։ Եվ դրանից երկրում մի այնպիսի լռություն իջավ, որ դա չլսելն անհնար էր: Համընդհանուր մնջանքը խոսքերից զորեղ էր: Դա նկատեցին միանգամից բոլոր հունգարացիք, եւ իրադարձությունների այդպիսի երջանիկ զուգադիպությամբ նրանց մեջ երկրում վրա եկած լռության մասին ընդհանուր կարծիք ծնվեց: Տների պատուհանները լայն բացված էին:

Յուրաքանչյուրը լսում էր իր լռությունը, որը չէր տարբերվում հարեւանի լռությունից: Չէ՞ որ լռությունը չի խանգարում այլ լռությանը: Իսկ քանի որ յուրաքանչյուրը մի հարեւան չէ որ ուներ, ապա զգում էր միեւնույն լռությունը, որ իրենց խորքում զգում էին եւ իր հարեւանները: Մի հունգարացու լռությունը դառնում էր մյուսինը: Ի վերջո, այն այնքան համընդհանուր դարձավ, որ արդեն անհնար էր տարբերել, թե որտեղ ում լռությունն է:

Եվ այդժամ այդ համընդհանուր մնջանքի ներքո բոլորը լսեցին բորբոքուն հրդեհի աղմուկը: Չէ՞ որ մնջանքը կարող է խախտել լոկ ձայնը: Հունգարացիներից ոչ մեկը բառ իսկ չարտասանեց: Այդ պահից, ի երջանկություն ամենքի, յուրաքանչյուրը մտածում էր նույն բանի մասին, ինչ մյուսները:

Միայն թե ջրհորներում ջուրը չհատնի…

Սլավոմիր Մրոժեկ «առաջադիմությունը եւ ավանդույթը»

Ամեն տարի պետական տոնի օրը մեր քաղաքում շքերթ էր լինում: Քաղաքապետը կանգնում էր պատշգամբում, իսկ ներքեւում ժողովրդի երթն էր: Եվ ոչ մի խնդիր չկար:

Սակայն այս տարի վրա հասավ դեմոկրատիան, եւ բարդություններ ծագեցին:

Ըստ էության, այժմ պատշգամբում պետք է կանգներ ժողովուրդը, իսկ քաղաքապետը անցներ ներքեւով: Բայց նա անցնել այլեւս չէր կարող, քանի որ այլեւս քաղաքապետ չէր եւ դասվում էր ժողովրդի շարքում։

Այսպիսով խնդիր ծագեց` ով պիտի քայլի ժողովրդի առաջ:

Դեմոկրատիայի սկզբունքների համաձայն, ժողովուրդը պետք է քայլի ինքն իր առջեւով: Բայց ինչպես դա անել: Ամենաճիշտը` ներկայացուցչության հիմքի վրա: Որոշվեց, որ կքայլեն խորհրդարանի պատգամավորները, այսինքն՝ դեմոկրատորեն ընտրված ժողովրդի ներկայացուցիչները:

Բայց պատշգամբը ժողովրդին տեղավորելու համար չափազանց փոքր գտնվեց: Այդ ժամանակ որոշեցին ներկայացուցիչներին տեղավորել պատշգամբում, իսկ ժողովրդին՝ ներքեւում: Ի վերջո, եթե ներկայացուցիչները ներկայացնում են ժողովուրդը, ապա, միեւնույն է՝ ժողովո՞ւրդն է քայլում ներկայացուցիչների առաջ, թե՞ ներկայացուցիչները` ժողովրդի:

Եկավ տոնախմբության օրը: Ժողովրդի ներկայացուցիչները կանգնեցին պատշգամբում: Նրանք, ովքեր չէին կարողացել առաջին շարք խցկվել, խմբվել էին դռան մոտ, իսկ ոմանք նրանցից, ովքեր առանձնապես ուժեղ ձեռքեր ունեին, կախվել էին պատշգամբի կողքերից: Երթը սկսվեց:

Եվ ամեն ինչ լավ էր, եթե պատշգամբը փուլ չգար: Այն մինչեւ ուղնուծուծը փտել էր: Նախկինում պատշգամբը դիմանում էր միայն այն պատճառով, որ այնտեղ կանգնում էր միայն քաղաքապետը, իսկ դեմոկրատիայի վրա հասնելուն պես` փլվեց:

Այն բանի դեմ, թե փոփոխություններ են տեղի ունեցել, դժվար է առարկել: Սակայն կա նաեւ ավանդույթների ժառանգորդությունը: Այսինքն` փող, ինչպես նախկինում չկար, այնպես էլ հիմա չկա: Փոխարենը՝ նախկինում բավական էր պատշգամբին մի բանով նեցուկ տալ, իսկ հիմա հարկ է նորը կառուցել:

Վայրի մարդը

Անտառում գյուղացիք բռնեցին մի վայրի մարդու: Նա համարյա մերկ էր եւ արմտիքով էր սնվում: Պարզվեց, որ նա պատկերացում չուներ կոմունիստական իշխանության անկման մասին, որից էլ նա թաքնվել էր անտառում:

– Իսկ հիմա ի՞նչ իշխանություն է,- հարցրեց նա գեղջուկներից մեկին:

Տղամարդը վիզը քորեց.

– Էհ, ինչ-որ…

– Ասում են՝ դեմոկրատական,- ասաց մյուսը, ավելի գրագետը: -Դե ինչ, գալի՞ս ես:

– Հա, գալիս եմ, միայն թե ինձ ինչ-որ հագուստ տվեք:

– Էհ, պետք չի: Ողջ ժողովուրդը կիսամերկ է շրջում, այնպես որ, մյուսներից չես տարբերվի:

– Արմտիքն էլ հետդ վերցրու, պետք կգա:

– Դե ուրեմն գալիս եմ: Կուղեւորվեմ մայրաքաղաք, կնայեմ, թե ինչ կա եւ ոնց է: Գուցե նույնիսկ նախագահ դառնամ, եթե կարիք լինի:

Եվ նա գնաց, իսկ տղամարդիկ գործի անցան։ Որոշ ժամանակ անցավ, եւ ահա նրանցից մեկը, արեւից աչքերը ծածկելով, նայեց ճանապարհին եւ ասաց.

– Նա, ոնց որ թե, վերադառնում է:

Եվ իրոք, նրանց էր մոտենում վայրի մարդը:

– Ինչ-որ բա՞ն ես մոռացել:

– Ոչ:

– Ուրեմն ինչո՞ւ ես վերադարձել: Նոր իշխանությունը դուրդ չեկա՞վ:

– Դե չէ, այն նույնիսկ գեղեցիկ է, միայն թե, ես, ոնց որ թե, վարժվել եմ անտառին, ավելի լավ է էնտեղ մնամ: Իսկ ո՞ւր է այն կորել, անտառն այն:

– Չկա այլեւս, մենք կտրել ենք:

– Բա հիմա ո՞ւր գնամ:

Վայրի մարդն այդ գեղջուկներից մեկի մեղքն եկավ:

– Ես մի դատարկ խցիկ ունեմ, հարդ կփռենք, այնտեղ էլ կսպասես:

Վայրի մարդը շնորհակալ եղավ եւ ապրեց գեղջուկի խցում: Առանց հարմարությունների, բայց փոխարենը՝ կտուրի տակ, նույնիսկ ավելի լավ է, քան անտառում:

Եվ դարձյալ սպասում է, բայց հիմա ինքն էլ չգիտի՝ թե ինչի: