Թուրքիայի դատարանը երեկ ցմահ ազատազրկման է դատապարտել 7 տղամարդու, ովքեր 2009թ. 44 մարդու էին սպանել երկրի հարավ-արեւելյան շրջանում: DPA գործակալության փոխանցմամբ, Մարդին ավանից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բիլջե գյուղում անցյալ տարվա մայիսին դիմակավորված հանցագործները ներխուժել են մի տուն, որտեղ պսակադրության արարողություն է ընթացել, եւ ինքնաձիգներից կրակ են բացել մարդկանց վրա: Տեղացիների վկայությամբ` հարձակվողների եւ փեսայի գերդաստանների միջեւ թշնամանքը տասնամյակների պատմություն ուներ. առաջինները հարսնացուի գերդաստանին ժամանակին առաջարկել էին աղջկան ամուսնացնել իրենց գերդաստանից մի երիտասարդի հետ, սակայն խնդրանքը մերժվել էր: Սպանվածների թվում են հարսն ու փեսան, վերջինիս մայրը եւ քույրը, ինչպես նաեւ՝ իմամը, ով եկել էր պսակադրության ծեսը կատարելու: DPA-ն նշում է, որ «պատվո սպանությունները» եւ «արյան վրեժը» հազվադեպ չեն Թուրքիայի հարավ-արեւելյան շրջաններում, սակայն Բիլջեում տեղի ունեցած սպանդը նախադեպը չի ունեցել:
Ի դեպ, գյուղի բնակիչներից շատերն իշխանությունների աջակցությամբ հեռացել եւ բնակություն են հաստատել Թուրքիայի տարբեր շրջաններում: