Միակ հույսը Եվրոպական դատարանն է

27/04/2010

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց 2008-ի մարտի 1-ին հրազենային կրակոցից սպանված Հովհաննես Հովհաննիսյանի, Սամվել Հարությունյանի եւ Գրիգոր Գեւորգյանի հարազատների բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ այդ դատական գործով առաջին նիստը մեկնարկել էր ապրիլի 16-ին, սակայն քննությունից ընդամենը մի քանի րոպե անց այն ավարտվել էր` որպեսզի բողոքարկող կողմը տասնօրյա ժամկետում հնարավորություն ունենա ծանոթանալու ՀՀ Գլխավոր դատախազության կողմից ներկայացված հիմնավորումներին:

Նշենք, որ մարտի 1-ի տասը զոհերից 9-ի հարազատները վիճարկում են Գլխավոր դատախազության եւ Հատուկ քննչական ծառայության անգործությունը: Նրանց համոզմամբ, անցած 2 տարիների ընթացքում վերջիններս ոչ մի իրական քայլ չեն ձեռնարկել իրենց հարազատների սպանությունների դեպքերը բացահայտելու ուղղությամբ:

Երեկվա դատական նիստին իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը ներկայացրեց հիմնավորումներն այն մասին, որ ՀՔԾ-ն, ի դեմս Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի, չի կատարել զոհվածների սպանությունների գործի անաչառ քննություն: Մասնավորապես, անհայտ պատճառներով, 10 սպանված երիտասարդներից որեւէ մեկի գործով քրեական գործ չի հարուցվել: Ըստ Ա. Զեյնալյանի, պետության կողմից ոտնահարվել են զոհերի իրավահաջորդների իրավունքները, ինչի մասին վկայող տասնյակ փաստեր կան: Ինչպես եւ նախորդ դատական նիստերի ընթացքում, այս անգամ եւս մեղադրող Հարություն Հարությունյանն ու որպես պատասխանող կողմ ներկայացած Վահագն Հարությունյանը շարունակեցին իրենց պնդումը, որ զոհերի իրավահաջորդների բողոքն անհիմն է ու անարդարացի: Այս անգամ, սակայն, նորությունն այն էր, որ նրանք փորձում էին դատարանին ներկայացնել, իբրեւ որեւէ ապացույց չկա այն հանգամանքի վերաբերյալ, որ իշխանության ներկայացուցիչների մոտ զենք է եղել, իսկ դրա կիրառման հետեւանքով էլ` մարդիկ են մահացել: Վերջիններս իրենց ելույթն ավարտեցին` դատարանից խնդրելով մերժել զոհերի հարազատների բողոքը: Նշենք, որ բողոքարկող կողմին հնարավորություն չի տրվել ծանոթանալ եւ ուսումնասիրել դատական վարույթին եւ անմիջապես իրենց բողոքին առնչվող նյութերի մեծ մասին: Մեզ հետ զրույցում Ա. Զեյնալյանն ասաց, որ իրենք դատարանում բողոքարկում են նաեւ այս փաստը: «Իմ վստահորդները պետք է ծանոթ լինեին գործին առնչվող նյութերին: Դրանք պետք է իրենց նախաձեռնությամբ ինքնակամ տրամադրվեին մեզ: Այդ պատճառով էլ մենք պահանջում ենք նաեւ, որ դատարանը ճանաչի այդ իրավունքի խախտման փաստը»,- ասում է Ա. Զեյնալյանը:

ՀՔԾ-ի եւ Գլխավոր դատախազության անգործությունը ճանաչելուց բացի, զոհերի իրավահաջորդները դատարանից պահանջում են վերջիններիս պարտավորեցնել անցկացնել սպանության հանգամանքների արդյունավետ քննություն եւ իրենց տրամադրել արդարացի փոխհատուցում:

Հիշեցնենք նաեւ, որ ՀՔԾ անգործությունը վերացնելու պահանջով Ա. Զեյնալյանը դեռեւս մի քանի ամիս առաջ էր դիմում-բողոք ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազությանը, սակայն այդ դիմումը մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Զոհերի հարազատները վստահ են, որ այս անգամ եւս դատարանը մերժելու է իրենց հայցը: «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի կիրառման հետեւանքով մահացած երիտասարդներից մեկի` 29-ամյա Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, երեկ, դատական նիստի ավարտից հետո մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես իրենք մտածում էին. «Ավել ակնկալիք մենք չունենք: Միեւնույն է, գիտենք, որ այս իշխանության օրոք մեր երեխաների սպանությունները չեն բացահայտվելու: Պատասխանող կողմն ասում է, որ նախաքննությունն ընթացքի մեջ է, քննություն է ընթանում: Ի՞նչ քննության մասին է խոսքը, երբ զոհվածներից ոչ մեկի համար քրեական գործ չի հարուցվել: Անկախ ամեն ինչից` միեւնույն է` կանգ չենք առնելու: Եթե պետք լինի` մենք կհասնենք մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան»: