Գիտություն-պետություն-բիզնես

27/04/2010

Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Գիտությունների ազգային ակադեմիայում ունեցած ելույթը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց։ Անկախ ձեւակերպումներից (օրինակ՝ ծաղրանքի առարկա դարձող գիտնականների մասին)՝ բոլորն ընդունեցին, որ արծարծվող խնդիրը իրոք կա եւ լուրջ է։ Դա բիզնեսի եւ գիտության կապի իսպառ բացակայությունն է։

Եթե խնդրի առկայության հարցում բոլորը միակարծիք են, ապա պատճառների (կամ՝ մեղավորների) հարցում կարծիքները խիստ հակասական են։ Վարչապետն, օրինակ, անուղղակիորեն մեղադրում է գիտնականներին. «Եթե ուզում եք, որ փող, ֆինանսներ ունենաք, տվեք արդյունք, որը մենք կարողանանք վաճառել եւ բարձրացնել ձեր աշխատավարձը»։ Գիտնականներն իրենց հերթին մեղադրում են կառավարությանը եւ վարչապետին։ Օրինակ՝ հենց Տիգրան Սարգսյանի բլոգում տեղեկատվություն կա, որ ելույթին ներկա ակադեմիկոսներից մեկը բավականին խիստ է արձագանքել Տ. Սարգսյանին. «Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովում վարչապետի ելույթին կոշտ հակադարձել է ակադեմիկոս Դ.Մ. Սեդրակյանը։ Հրապարակավ դիմելով վարչապետին՝ նա հայտարարեց, որ պրն վարչապետը «ուղղակի ոչինչ չի հասկանում գիտությունից, եւ, որ վարչապետի պատկերացումները հիմնարար գիտության ֆինանսավորման վերաբերյալ նվազագույնը անիմաստ են»։ Բլոգերներից մեկն էլ ավելացրել է. «Պրն Սեդրակյանն արտահայտում էր ողջ դահլիճի միարժեք կարծիքը՝ դահլիճի այս ու այն կողմից բարձրաձայն հնչեցին կոչեր՝ լքելու դահլիճը ի նշան բողոքի վարչապետի բացահայտորեն ոչ-ադեկվատ թեզերի դեմ։ Սա նաեւ պարզ գիտաշխատողի կարծիքն է։ Գիտնականները (գործող՝ եւ՛ արդյունավետորեն գործող գիտնականները) զայրացա՜ծ են»։ Այս գրառմանը ի պատասխան՝ անանուն մի այցելու թողել է հետեւյալ մեկնաբանությունը. «Այստեղ հարկ է նշել, որ ձեր տրված տեղեկատվությունը արժանահավատ չէ: Պրն Սեդրակյանի ելույթը ոչ թե կոշտ էր, այլ գռեհիկ եւ ոչ վայել ակադեմիկոսին: Եվ տխուր է, եթե նա արտահայտում էր ողջ դահլիճի կարծիքը, սակայն հավատք կա, որ դա ընդամենը ձեր տպավորությունն է»։

Բլոգում տեղ գտած կարծիքների մեծ մասն ուղղված է վարչապետի ելույթի դեմ։ Օրինակ՝ մեկը գրել է. «Վարչապետի ելույթը պարզապես ծաղր է՝ ուղղված բոլոր գիտնականներին: Պարզապես, գայլի ու գառան առակն է՝ երբ գայլը (կառավարությունը) մեղադրում է անպաշտպան, 30 հազար դրամով ապրող (կարդա՝ դանդաղ մահացող) գիտնականին»։ Մեկ ուրիշը՝ anna-marie ծածկանունով, ավելացրել է. «Ավա՜ղ, վարչապետի այս ելույթն ասում է, որ մեր կառավարությունը գիտության մասին բացարձակապես չի մտածում։ Երեւի, նույնիսկ ընդունակ չէ։ Տեղին է հիշեցնել Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիի խոսքերը. «Իր գիտության մասին չհոգացող երկիրը վերածվում է գաղութի»։

Բլոգի այցելուները բավականին հետաքրքիր տվյալներ են բերել, օրինակ, այն մասին, որ ֆիզիկայի ոլորտի առաջատար 10 ամսագրերում Հայաստանի ֆիզիկոսների տպագրությունների թիվը գերազանցում է մերձբալթյան երեք երկրների՝ Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի ֆիզիկոսների տպագրությունների թվի ընդհանուր գումարին (իսկ վերջիններիս ֆինանսավորումը նվազագույնը 20-30 անգամ ավելի է յուրաքանչյուրինը)։ Վերջում էլ ավելացրել են. «Եվ այս պարագայում է լյա-լյա-լյա անում ՀՀ կառավարությունը»։ Մեկ ուրիշն էլ ավելացրել է, որ վերջին տասնամյակի կտրվածքով Հայաստանի ֆիզիկոսները ցույց են տվել եվրոպական երկրների ֆիզիկոսների ցուցանիշներին համադրելի արդյունքներ։ Եվ սա՝ այն պարագայում, որ մեր ֆինանսավորումը մոտ 100-200 անգամ ավելի քիչ է նրանց համեմատ։ Բացի փոխադարձ մեղադրանքներից՝ կան նաեւ կարծիքներ, որտեղ փորձ է արված օբյեկտիվ գնահատական տալ ստեղծված իրավիճակին։ Մասնակիցներից մեկն, օրինակ, նշել է, որ պետք է հստակ տարանջատել՝ հիմնարար (ֆունդամենտալ) եւ կիրառական գիտություն, եւ անիմաստ է համարել «ընդհանրապես» գիտության մասին խոսելը։ «Հիմնարար գիտությունը, ինչպես բնութագրել է դասականը` «Դա միջոց է՝ գիտնականի հետաքրքրասիրությունը բավարարել հարկատուների հաշվին»։ Ոչ ավել, ոչ էլ պակաս» ։ Մյուս կողմից սակայն, նույն անձնավորությունը հիմնավորել է, թե ինչո՞ւ հարկատուն պետք է ֆինանսավորի հիմնարար գիտությունը. «Հակառակ դեպքում հարկատուն չի ունենա իրապես բարձրակարգ կրթական համակարգ եւ չի ունենա կիրառական գիտությամբ զբաղվող որակյալ մասնագետներ: Հիմնարար գիտությունից պահանջել կամ պլանավորել արդյունք՝ անհեթեթություն է այն իսկ պատճառով, որ նա հիմնարար է, այսինքն՝ գիտնականը ոչ մի կերպ չի կարող կանխատեսել արդյունքը: Արդյունքը պայմանավորված է միայն գիտնականների օժտվածությամբ եւ այն շռայլությամբ (գումարով), որ հասարակությունը կարող է թույլ տա իրեն ծախսել (վատնել) հիմնարար գիտությամբ զբաղվող գիտնականի անձնական հետաքրքրասիրությունը բավարարելու համար»։

Այսինքն՝ հակառակ վարչապետի պնդումների, գիտնականի գործը գիտությամբ զբաղվելն է։ Եվ այս համատեքստում, արդարացած չի հնչում նաեւ Տիգրան Սարգսյանի այն մեղադրանքը, որ «չենք կարողանում փաթեթավորել մեր գիտական հետազոտությունների արդյունքները, չենք կարողանում շուկայական տեսք տալ այդ արդյունքներին»։ «Մենք համատեղ քննարկեցինք շուրջ 28 նախագիծ, որ կառավարությունը խնդրել էր մեր հետազոտական ինստիտուտներից։ 28-ից 20-ը միանգամից ճանաչվեց անպիտան կիրառման համար։ 8-ը մենք վերցրեցինք քննության, 8-ից 4-ը գնահատեցինք, որ կարող ենք ներկայացնել բիզնեսի դատին, եւ այդ 4-ն էլ համարվեց ռիսկային»,- ասել էր Տ. Սարգսյանը։ Սակայն գիտնականի գործը բիզնեսով զբաղվելը չէ։ Միգուցե գիտությունների ակադեմիայում հավաքված են հիմնականում 70-ն անց մարդիկ, ովքեր հին մտածելակերպ ունեն։ Միգուցե նրանց կարելի է մեղադրել, երբ գիտության հետ ամենեւին կապ չունեցող գործարարներին պատվոգրեր ու շքանշաններ են բաժանում, իսկ ոմանք անգամ՝ բառիս բուն իմաստով ակադեմիկոսի կոչումներ են «վաճառում»։

Սակայն նրանց մեղադրել չի կարելի, որ բիզնեսի համար «փաթեթավորված» արդյունք չեն տալիս։ Իսկ բիզնեսմենը այս օղակի կարեւոր հանգույցներից մեկն է։ Ու անուղղակիորեն նաեւ նրանց դեմ է մեղադրանքը՝ գիտության անմխիթար վիճակի համար։ Նշվում է նորարարության մեջ ներդրումներ կատարելու պատրաստ բիզնեսմենների իսպառ բացակայության մասին։ Բլոգի այցելուներից մեկը նշել է, որ ինովացիոն նախագծերը Հայաստանում մոտ ապագայում չեն զարգանա, որովհետեւ գիտության մեջ ներդրված գումարները ետ են գալիս տարիներ անց։ Մինչդեռ մեզանում բիզնեսմենները սովոր են շատ կարճ ժամանակահատվածում ետ բերել ներդրված գումարը՝ ստանալով նաեւ գերշահույթներ։ Սակայն բիզնեսի տրամաբանությունը հենց այն է, որ ներդրումներ ուղղի առավել շահութաբեր ոլորտներ։

Իրոք՝ Հայաստանում ո՞վ պետք է ներդրումներ անի գիտության մեջ։ Խոշոր բիզնեսմեննե՞րը։ Աչքի անցկացրեք խոշոր հարկատուների ցանկը՝ հիմնականում ներկրողներ են եւ հանքարդյունաբերողներ։ Նրանք գիտելիքի վրա փող ծախսելու կարիք եւ ցանկություն չունեն։ Առանց դրա էլ մարդիկ կարողանում են գերշահույթներ ստանալ։ Իսկ միջին ու առավելեւս՝ փոքր բիզնեսի տեսանկյունից այս մասին խոսելն անիմաստ է։ Անգամ մեծ հետաքրքրության ու շահագրգռվածության դեպքում՝ նրանք պարզապես չեն կարող երկրարաժամկետ ներդրումներ կատարել գիտության մեջ՝ ռեսուրսների բացակայության պատճառով։ Փաստորեն, եթե անգամ կա գիտական նորույթ ու նորույթը կյանքի կոչել ցանկացող գործարար, չկան ռեսուրսներ։ Իսկ բանկերը, ինչպես գիտեք, նման դեպքերում վարկեր չեն տրամադրում։

Իհարկե, ողջ աշխարհում այդ խնդիրը կա։ Սակայն պետությունը հենց նրա համար է, որ կարեւոր դեր խաղա գիտություն-պետություն-բիզնես եռանկյունու մեջ։ Դժվար է հավատալ, որ մեծ թվով գիտնականներ ունեցող ու իր ինտելեկտուալ ներուժով հպարտացող ազգը ընդամենը 28 նախագիծ է ներկայացրել։ Պարզապես մարդկանց մոտ վստահություն չկա, որ իրենց նախագծերը նորմալ կքննարկվեն եւ աջակցություն կստանան։ Ինչ վերաբերում է հետագա փուլին՝ գաղափարը բիզնես նախագծի վերածելուն, ապա այստեղ խնդիրը ավելի խորն է ու համակարգային։

Խնդիրն այն է, որ մենք ունենք այնպիսի թերի մրցակցային դաշտ, որտեղ շահույթ ապահովելու համար հարկավոր են ոչ թե գիտելիքներ ու նորարարություն, այլ զոռբայություն, քծնանք ու լավ կապեր։ Վերացրեք «օդից» գերշահույթներ ստանալու հնարավորությունը, ապահովեք նորմալ մրցակցություն, եւ բիզնեսմեններն իրենք կսկսեն հետաքրքրվել նոր ոլորտներում ներգրավվելու հեռանկարով։ Այդ թվում՝ գիտության ոլորտում։ Տարիքն առած գիտնականներին մեղադրելը, իհարկե, հեշտ զբաղմունք է, բայց դրանից ոչ մի օգուտ չկա։ Ի վերջո, հարկատուների հաշվին գիտական հետաքրքրասիրությունը բավարարելը ավելի օգտակար բան է, քան նույն հարկատուների հաշվին պետական պաշտոնյաների կողմից ծառայողական նոր արտասահմանյան ավտոմեքենաներ ձեռք բերելն ու արտասահմաններում մեծաթիվ պատվիրակություններով «ֆռֆռալը»։