Անգլիական Բորնմուտ քաղաքի համալսարանի ուսանողուհի Տորա Բերգը խափանել է շվեդ արքայադուստր Մադլենի եւ իրավաբան Յոնաս Բերգստրեմի հարսանիքը: Բերգը սկանդալային հարցազրույց է տվել նորվեգական «Se Og Hor» ամսագրին` դրա դիմաց ստանալով 1,5 հազար եվրո: Ուսանողուհին պատմել է, որ անցյալ տարվա փետրվարին նա գիշեր է անցկացրել արքայադստեր փեսացուի հետ: Այդ սկանդալից հետո Շվեդիայի թագավորական ընտանիքը չեղյալ է հայտարարել թագավոր Կարլ XVI Գուստավի եւ թագուհի Սիլվիայի 27-ամյա դստեր հարսանյաց հանդիսությունը 31-ամյա Բերգստրեմի հետ: Պարզվել է, որ նորվեգացի ուսանողուհու եւ արքայադստեր փեսացուի ծանոթությունը տեղի է ունեցել Շվեդիայի էլիտար լեռնադահուկային հանգստավայրերից մեկի գիշերային ակումբում: Ըստ Բերգի` նա չի իմացել, թե իրականում ով է Բերգստրեմը, քանի որ վերջինը թաքցրել է իր անունը: Հարցազրույցի ժամանակ նա պատմել է, որ երիտասարդի առաջարկով իրենք փոխանակվել են հեռախոսահամարներով: Ուսանողուհին գիտակցել է, թե ում հետ է անցկացրել գիշերը, երբ հաջորդ օրը լսել է նրա հեռախոսային փոստարկղի ինքնապատասխանիչի ձայնագրությունը: Արքայադստեր եւ իրավաբանի ամուսնության ամսաթիվը հստակ հայտարարված չէր, սակայն սպասվում էր, որ այն տեղի կունենա արդեն այս ամռանը: Ի դեպ, այս զույգը հանդիպում էր արդեն ութ տարի: