Մեր «ազգային բուրժուազիայի» երեւելի ներկայացուցիչների կամ
օլիգարխների ֆոնին տնտեսության ամենակարեւոր ենթակառուցվածքներից մեկը`
բանկային համակարգը (ԲՀ), մի տեսակ երկրորդ պլան է մղվել: Ինչպես նկատեց
այս ոլորտի փորձագետներից մեկը, ի տարբերություն հետխորհրդային շատ
երկրների, մեր ԲՀ-ն օլիգարխներ չի «ծնել»: Բացառված չէ, իհարկե, որ ԲՀ-ում
կան մեզ հայտնի օլիգարխներից «ավելի օլիգարխներ», պարզապես, լինելով լավ
հաշվետարներ, նրանք կարողանում են թաքցնել իրենց կարողությունները:
Հաշվի առնելով թեմայի տարողունակությունը, բանկային համակարգը
կներկայացնենք երկու հրապարակմամբ: Նախ կանդրադառնանք Հայաստանում ԲՀ-ի
ներդրման պատմությանն ու ժամանակագրությանը: Իսկ հաջորդ համարում
կանդրադառնանք այսօրվա ԲՀ-ի հիմնական մասնակիցներին` փորձելով ներկայացնել
նաեւ ԲՀ-ի յուրաքանչյուր սեգմենտի խոշոր բանկերի սեփականատերերի կամ
ղեկավարների տեսակետները: Այսպիսով, ե՞րբ եւ ի՞նչ պայմաններում է ՀՀ-ում
ստեղծվել բանկային համակարգը:
Կրեմլից մինչեւ Բազել
Ի տարբերություն տնտեսության մյուս ենթակառուցվածքների, Հայաստանի ԲՀ-ի
հիմքերը դրվել են ոչ թե անկախությունից հետո, այլ ԽՍՀՄ վերջին տարիներին:
Գորբաչովյան վերակառուցման ծրագրի շրջանակներում 1986-88թթ.
ապակենտրոնացվեց մենաշնորհային կարգավիճակ ունեցող համամիութենական
«Խնայբանկը»: ԽՍՀՄ հանրապետություններում, այդ թվում` ՀՀ-ում, հայտնվեցին
կոոպերատիվ բանկեր: Այդ շրջանը` 1988թ. մինչեւ 1993-94 թթ. պայմանականորեն
կարելի է համարել մեր ԲՀ-ի ձեւավորման առաջին փուլը, որի ընթացքում
ստեղծված 70-ից ավելի բանկերի գործունեությունն, ըստ էության, տարերային
բնույթ ուներ, այսինքն` չէր կարգավորվում: Բավական է միայն նշել, որ
ԽՍՀՄ-ը Կենտրոնական բանկի ու բանկային գործունեության մասին օրենքն
ընդունել է միայն 1990 թ., որով էլ մինչեւ 1994 թ. գործել է Հայաստանի
ԲՀ-ն: Իսկ Հայաստանի ԿԲ-ն ստեղծվել է 1991թ. դեկտեմբերին եւ մինչեւ
Ազգային բանկային օրենսդրության ընդունումը գործել է խորհրդային օրենքով:
Այսօր ՀՀ ԿԲ-ն կիրառում է, այսպես կոչված, «universal banking»-ի
երկմակարդակ վերահսկողության համակարգը: Այսինքն` ՀՀ-ում գործում է ոչ թե
մասնագիտացված բանկեր ենթադրող «investment banking»-ի սկզբունքը, այլ
բազմապրոֆիլային բանկային համակարգի մոդելը:
Այսպիսով, ԽՍՀՄ օրենսդրությամբ ձեւավորված ԲՀ-ն գործել է մինչեւ 1994թ.
սկիզբը, որից հետո գործողության մեջ է դրվել ԿԲ-ի եւ բանկային
գործունեության մասին ՀՀ առաջին օրենքը: Հենց այդ ժամանակվանից էլ սկսվում
է ԲՀ-ի ձեւավորման 2-րդ փուլը, որը պայմանականորեն կարելի է անվանել
ազգային ԲՀ-ի կայացման շրջան: Այդ փուլում մեր ԲՀ-ում սկսվեց եվրոպական
չափանիշների ներդրման գործընթացը: ԲՀ-ն սկսեց զարգանալ այդ սկզբունքներով,
որոնք ենթադրում էին ժամանակակից բանկային տեխնոլոգիաների, հաճախորդների
սպասարկման կուլտուրայի ներդրում, համակարգի աշխատակիցների մասնագիտական
որակավորման բարձրացում եւ այլն: Փոքր վերապահումներով, կարելի է ասել, որ
մեր ԲՀ-ն այսօր գրեթե ամբողջությամբ համապատասխանում է այդ չափանիշներին:
1994-ին սկսված նոր փուլն օբյեկտիվորեն հանգեցրեց նրան, որ 1996 թ. ՀՀ-ն
միացավ Բազելյան կազմակերպությանը, որի հիմնարար սկզբունքներով է գործում
ժամանակակից աշխարհի ԲՀ-ն: Նույն թվականին, արդեն` նաեւ բազելյան
սկզբունքներին համապատասխանեցնելու նպատակով, ընդունվեց ԿԲ-ի եւ բանկային
գործունեության մասին նոր օրենքը, որը որոշակի փոփոխություններով գործում
է մինչեւ այսօր:
Բանկային համակարգի արդեն ոչ թե ձեւավորման, այլ կայացման հաջորդ`
որակական զարգացման փուլի սկիզբ կարելի է համարել 1990-ականների վերջին
տարիները, երբ գործնականում սկսեցին կիրառվել ԲՀ-ի կարգավորման եւ
վերահսկողության բազելյան սկզբունքները: Նախորդ` էքստենսիվ զարգացման
շրջանին փոխարինած այս փուլում կրճատվեցին ԲՀ-ի մասնակիցները: 1997-98 թթ.
գործող շուրջ 40 բանկերը կրճատվել են մոտ 50 %-ով: Այսօր Հայաստանում
գործում են թվով 21 բանկեր:
Բանկային համակարգը` հետադարձ հայացքով
Հայաստանում ԲՀ-ն հիմնադրվեց քաղաքական եւ տնտեսական ցնցումների,
հասարակական տրանսֆորմացիայի պայմաններում: Անկախ Հայաստանի առաջին
իշխանությունները երկրի ֆինանսական հատվածում, այդ թվում` բանկային
համակարգում, արեցին այն, ինչ հնարավոր էր անել 1988 թ. երկրաշարժից,
ղարաբաղյան պատերազմի եւ շրջափակման արդյունքում կաթվածահար եղած
տնտեսության մեջ: Ի տարբերություն ԽՍՀՄ շատ երկրների, մեր ԲՀ-ի
ձեւավորումն ընթացավ գրեթե առանց ցնցումների: ԲՀ-ի ձեւավորման 1-ին փուլը
համընկավ պատերազմի հետ: Այդ տարիներին զինվորական համազգեստով ցանկացած
մեկը կարող էր մտնել բանկ եւ «պատերազմի կարիքների համար» բռնագրավել
բանկի միջոցները: Բարեբախտաբար, նման դեպքեր գրեթե չեն եղել: Մյուս
կարեւոր գործոնն այն էր, որ ԲՀ-ն ձեւավորվեց հիպերինֆլյացիայի կամ բարձր
սղաճի պայմաններում, երբ բնակչության միջոցները հավաքագրելով կարելի էր
միանգամից հսկայական գումարներ աշխատել: Հենց այդ փուլում, ինչպես
հետխորհրդային մյուս երկրներում, այնպես էլ` ՀՀ-ում, ի հայտ եկան, այսպես
կոչված, ֆինանսական բուրգերը` բանկերի կամ գրավատնային-վարկային
կազմակերպությունների տեսքով: Մարդկանց հիշողության մեջ թերեւս մնացել են,
ասենք, «Արմենիա» բանկը, կամ JMZ-ի սկզբունքով գործող մոտ 2 տասնյակ
վարկային կազմակերպությունները: Սակայն, ի տարբերություն, ասենք,
Ռուսաստանի, ՀՀ-ում ֆինանսական բուրգերի պատճառով բնակչության կրած
վնասներն անհամեմատ փոքր էին: Այդ տարիների ընդհանուր կորուստները
գնահատվում են շուրջ 5 մլն դոլարի չափով, որից 2 մլն-ն «Արմենիա» բանկում
ներդրված գումարներն են եղել:
Այդ փուլում տեղի ունեցած մյուս կարեւոր իրադարձությունը 1993թ.
նոյեմբերին ՀՀ ազգային դրամի ներդրումն էր, որի արդյունքում
բնակչությունն, իհարկե, կորուստներ կրեց (հիմնականում «Խնայբանկում»
ունեցած ավանդների առումով): Սակայն ազգային դրամի ներդրման տնտեսական ու
սոցիալական էֆեկտը, չնայած հոռետեսական կանխատեսումներին, լայնածավալ
հասարակական դժգոհության ալիք չբարձրացրեց: Այսպիսով, 1993 թ. նոյեմբերի
22-ից ինչպես ՀՀ ողջ տնտեսությունը, այնպես էլ ԲՀ-ն, ռուբլու գոտուց դուրս
գալով, անցավ դրամի «ռեժիմին»: Սակայն կարճ ժամանակում ռուբլուն փոխարինեց
դոլարը, որը, չնայած ԿԲ-ի` տնտեսության դրամայնացմանն ուղղված ազգանվեր
ջանքերին, մինչեւ այսօր շարունակում է դոմինանտ ազդեցություն ունենալ ՀՀ
տնտեսության մեջ եւ ֆինանսաբանկային շուկայում: Եվ ինչպես ԿԲ-ի ներկա
նախագահ Տիգրան Սարգսյանն է ասում, ՀՀ-ում դոլարիզացված է ոչ միայն
տնտեսությունը, այլեւ հասարակության մտածողությունը:
Եվրոպական չափանիշներով դեպի Աֆրիկա
Իսկ ինչպե՞ս է գնահատում ԲՀ-ի ներկայիս վիճակը ԿԲ-ի նախկին նախագահ Բագրատ
Ասատրյանը, որի պաշտոնավարման շրջանում էլ դրվել են ԲՀ-ի հիմքերը:
Անցյալից անցում կատարելով այսօրվա ԲՀ-ին, պրն Ասատրյանը գտնում է, որ նրա
այսօրվա` ֆունկցիոնալ առումով թերզարգացածությունն առավելապես օբյեկտիվ
պատճառներ ունի: Նրա այդ գնահատականը հիմնվում է ԲՀ-ի` տնտեսության
ընդհանուր վիճակի եւ ցուցանիշների հետ համադրման վրա:
Իսկ ինչպե՞ս է բնութագրվում մեր ԲՀ-ի ներկայիս վիճակը: ԲՀ-ի ձեւավորման
պատմության վերը նշված ներկայացումից կարող է տպավորություն ստեղծվել, թե
մեր ԲՀ-ն իդեալական վիճակում է: Ցավոք` ոչ. մեր ԲՀ-ն շատ հեռու է
իդեալական համարվող շվեյցարական ԲՀ-ից կամ նույնիսկ արեւելաեվրոպական
որեւէ երկրից: Ֆորմալ առումով կամ արտաքին «տեսքով» հայկական բանկերն,
իհարկե, համապատասխանում են եվրոպական մոդելին (բանկային տեխնոլոգիաներ,
սպասարկում, գեղեցիկ մասնաճյուղեր, ներկայանալի բանկիրներ ու
ֆինանսիստներ): Սակայն ՀՀ ԲՀ-ն, մեղմ ասած, շատ թերի է կատարում իր
հիմնական ֆունկցիան` ֆինանսական միջնորդությունը: Բանկային համակարգը կամ
բանկն ինստիտուտ է, որը տնտեսության մեջ առկա ազատ դրամական ռեսուրսները
հավաքագրում եւ փոխանցում է դրա կարիքն ունեցող (իսկ բիզնեսը միշտ փողի
կարիք ունի) սուբյեկտներին: Հայկական «սոլիդ» արտաքինով բանկերն այս
ֆունկցիան գրեթե չեն կատարում: Դա սուբյեկտիվ գնահատական չէ: Այդ մասին են
վկայում ԲՀ-ի գործունեության արդյունավետության գնահատման ցուցանիշները:
Ներկայացնենք մեկ տասնյակից անցնող այդ չափորոշիչներից ամենակարեւորները:
ԲՀ-ի գնահատման ամենաօբյեկտիվ ցուցանիշը բանկերում առկա դեպոզիտների եւ
վարկային ներդրումների տարբերության ցուցանիշն է (spread), որը, օրինակ,
2003թ., ՀՀ-ում կազմել է 14 %: Այն դեպքում, երբ այդ ցուցանիշի
համաշխարհային միջինը 6,3% է, իսկ զարգացած երկրներում` 3,9 %: Մյուս
կարեւոր ցուցանիշը, որը ցույց է տալիս տնտեսության մեջ ԲՀ-ի
ներգրավվածության աստիճանը, վարկային ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունն
է: 2005 թ. առաջին 7 ամիսների տվյալներով` այն կազմել է 11% (2004-ին`
19,5%): Այս ցուցանիշի համաշխարհային միջինը 139% է, անցումային
երկրներում` 24%: Մեր ԲՀ-ի թշվառությունը պատկերացնելու համար նշենք, որ
վարկային ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը, օրինակ, աֆրիկյան
տարածաշրջանում կազմում է 67%: Ադրբեջանում այդ ցուցանիշը 2003 թ. (ըստ
Համաշխարհային բանկի տեղեկագրի) կազմել է 6,7%, Վրաստանում` 8,7%:
Զարգացած երկրներում այս հարաբերակցության միջին ցուցանիշը կազմում է
158,3%: Սա եւս մեկ անգամ հաստատում է այն գնահատականը, որ ԲՀ-ն
տնտեսության հետ կամ ընդհանրապես առնչություն չունի, կամ այդ կապը շատ
թույլ է:
Հիմնականում այս ցուցանիշները հաշվի առնելով, ԲՀ-ի ներկայիս վիճակի
վերաբերյալ ոլորտի թե՛ նախկին, թե՛ ներկա պաշտոնյաների գնահատականները
գրեթե համընկնում են: ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն այս վիճակը
համարում է տնտեսության ընդհանուր վիճակի արտահայտությունը, որի հիմնական
պատճառը ֆինանսական ենթակառուցվածքների թերզարգացածությունն է:
ՀՀ բանկային համակարգի եւ տնտեսության միջեւ թույլ կապը կամ դրա
բացակայությունն օրինաչափ է համարում նաեւ ՀՀ Բանկերի ասոցիացիայի (ՀԲԱ)
նախկին նախագահ Արմեն Եղիազարյանը: Ըստ նրա, անգամ տնտեսագիտության մեջ
չկա միասնական կարծիք ֆինանսական շուկայի եւ ընդհանուր տնտեսության միջեւ
կապի աստիճանի վերաբերյալ: Միայն տնտեսության զարգացման որոշակի
մակարդակից սկսած, երբ բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 5-6
հազար դոլար, ԲՀ-ի դերը տնտեսության մեջ կարող է մեծանալ: Պրն Եղիազարյանն
իր այս գնահատականը հիմնավորում է վերը նշված բանկային ցուցանիշների
համադրմամբ: Ընդգծելով, որ կարգավորման եւ վերահսկողության առումով մեր
ԲՀ-ն ամենակայացածն է Հարավային Կովկասում, Արմեն Եղիազարյանն ասում է, որ
ընդհանուր բանկային ցուցանիշներով ՀՀ ԲՀ-ն աշխարհի երկրների շարքում
զբաղեցնում է վերջին հորիզոնականներից մեկը: Ըստ նրա, միայն բանկային
վարկավորման ծավալների եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը բավական է համոզվելու
համար, որ ԲՀ-ն մեր տնտեսության մեջ ամենափոքր դերն ունեցող ոլորտն է:
ԲՀ-ի այս իրավիճակի հիմքում Արմեն Եղիազիարյանն առավելապես օբյեկտիվ
պատճառներ է տեսնում: Ինչպես Բագրատ Ասատրյանը, նա նույնպես թիվ մեկ
պատճառը համարում է արժեթղթերի, ապահովագրական եւ ֆինանսական շուկայի այլ
սեգմենտների թերզարգացածությունը: Մյուս օբյեկտիվ գործոնը, ըստ պրն
Եղիազարյանի, տնտեսության իրական հատվածի ռիսկայնության բարձր մակարդակն
է:
Հետաքրքիր է, որ ամեն ինչ իդեալական ներկայացնելու պաշտոնական
«սովորույթը» խախտելով, ԲՀ-ի ներկայիս վիճակին գրեթե նույն գնահատականն է
տալիս ներկայիս ԿԲ-ի խորհրդի անդամ Վարդան Մովսեսյանը, ով նաեւ 1994-96
թթ. է եղել ԿԲ-ի վարչության անդամ: «Մեր ԲՀ-ն, մեղմ ասած, հեռու է բավարար
լինելուց»,- ասում է Վարդան Մովսեսյանը: Սակայն նա գտնում է, որ ԲՀ-ում
այսօր իրականացվող քաղաքականության եւ նախատեսվող մի շարք նոր
ինստիտուտների ներդրումից հետո տնտեսության մեջ ԲՀ-ի դերը զգալիորեն
կմեծանա: Ըստ նրա, այսօր ՀՀ-ն նախապատրաստվում է կիրառել «Բազել-2»-ի
սկզբունքները, որը ենթադրում է ԲՀ-ի վերահսկողություն եւ կարգավորում`
բանկային ռիսկերի գնահատման հիման վրա: Այս նպատակով առաջիկայում
ներդրվելու է ԲՀ-ի կորպորատիվ կառավարման հայեցակարգը, որի պահանջներից
մեկը բանկի բաժնետերերի եւ կառավարիչների հստակ տարանջատումն է: Այսինքն`
այլեւս բանկի սեփականատերերը չեն կարողանալու զբաղվել բանկի կառավարմամբ,
ինչպես արվում է այսօրվա հայկական շատ բանկերում: Ձեւավորվելու է նաեւ
դիտորդ խորհուրդների ինստիտուտ, ինչն ուղղված է լինելու բաժնետերերի
իրավասությունների մեծացմանը: Որպես ԲՀ-ի բարելավման ապացույց` Վարդան
Մովսեսյանը ներկայացնում է բանկային վարկերի անվերադարձելիության
ցուցանիշի նվազումը. եթե 4-5 տարի առաջ այն կազմում էր 35-40 %, ապա այս
տարվա 7 ամիսների տվյալներով վարկերի անվերադարձելիության ցուցանիշը
նվազել է մինչեւ 2 %-ի, ինչը համապատասխանում է համաշխարհային միջին
ցուցանիշին: Ինչ վերաբերում է բանկային վարկերի դիվերսիֆիկացիային, ապա,
ինչպես մյուս երկրներում, ՀՀ-ում եւս գնալով աճում է սպառողական վարկերի
(այդ թվում` հիպոթեքային) կշիռը: Ըստ Վարդան Մովսեսյանի, 2005 թ. 7
ամիսների տվյալներով` վարկային ներդրումներն ունեցել են հետեւյալ
կառուցվածքը. սպառողական վարկեր-27%, արդյունաբերություն-22%,
առեւտուր-21%, գյուղատնտեսություն-8 %, շինարարություն-4 %, տրանսպորտ եւ
կապ-2,2%:
Իսկ ԲՀ-ի այսօրվա թիվ 1 խնդիրը, ըստ Վարդան Մովսեսյանի, այսպես կոչված,
«երկար փողերի» ձեւավորումն է: Դա ենթադրում է առաջին հերթին ֆինանսական
շուկայի մյուս հատվածների` արժեթղթերի եւ ապահովագրական շուկաների
կայացում, որոնք Հայաստանում, ըստ էության, գոյություն չունեն: