Հայաստանում նախատեսվում է անցկացնել «Ճարտարապետական սիմֆոնիա» լուսանկարչական մրցույթը, որի նպատակը մեր ժառանգած արդյունաբերական ճարտարապետության վրա ուշադրության սեւեռելն է։ Ցուցահանդես-մրցույթի կազմակերպիչ «Հայաս» մշակութային կենտրոնը նշում է, որ Հայաստանի տարածքում շատ կան արհամարհված ու մոռացության մատնված գործարաններ, արտադրամասեր ու կայաններ, որոնք ժամանակին մեր տնտեսության հզոր հիմքն են եղել, իսկ հիմա կիսաքանդ ու կորուսյալ վիճակում են գտնվում։ Մինչդեռ դրանցից շատերը նախագծվել են մեր լավագույն ճարտարապետների ու նկարիչների կողմից, որոնց թվում են Թամանյանը, Քոչարը, Իսրայելյանը, Մազմանյանը, Մարգարյանը, Չիսլիեւը։ «Այժմ այդ շինությունները լքված են կամ էլ կերպարանափոխված, սակայն կասկածից վեր է, որ դրանք մեծ ճարտարապետական արժանիքներ ունեն, եւ լուսանկարչի խնդիրն է ցույց տալ այս մեքենայական աշխարհին ներհատուկ գեղեցկությունը»,- այսպես է նշվում մրցույթի կոնցեպցիան։ Իսկ կազմակերպիչները մրցույթին մասնակցել ցանկացող լուսանկարիչներին հորդորում են ուսումնասիրել Հայաստանի արդյունաբերական կենտրոնները՝ Ալավերդին, Քաջարանը, Գյումրին եւ այլ վայրեր ու քաղաքները՝ գտնելու համար բացառիկ ճարտարապետական տարածքային լուծումները` վավերագրական նյութերին գումարելով սեփական հեղինակային հայացքը։ Յուրաքանչյուր լուսանկարիչ իր իսկ ստեղծած ճարտարապետական տարածքի հեղինակն է դառնալու, այլ ոչ թե սոսկ՝ արձանագրողը։ Մրցույթի հաղթողները գումարային պարգեւներ կստանան, իսկ լավագույն 40 աշխատանքները կմասնակցեն սեպտեմբերին կայանալիք ցուցահանդեսին։