Հայաստանում արդեն մեկնարկել է «Անահիտ» անիմացիոն, լիամետրաժ ֆիլմի ստեղծման աշխատանքը, որն իրականացնում են Հայաստանի Ազգային Կինոկենտրոնն ու «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշըն» ստուդիան:
Ռոբերտ Սահակյանցի անունը կրող ստուդիան վերջերս է պաշտոնապես հիմնվել։ Անիմացիոն աշխարհում մեծ հեղինակություն վայելող Ռոբերտ Սահակյանցի անվան հետ են կապված հայկական մուլտիպլիկացիայի հաջողությունների մեծ մասը (նրա գեղարվեստական ձեռագիրն ու բազմապլան աշխատանքային սկզբունքը միանգամից ճանաչելի էր ցանկացած դիտողի համար), եւ բնական է, որ հենց նրա անունը կրող դպրոց-ստուդիան կարող է հայկական մուլտիպլիկացիայի ավանդույթների պահպանման ու զարգացման հիմքերից մեկը լինել։ Ստուդիայի հիմնական կորիզը կազմում են այն նկարիչ-անիմատորները, որոնք եղել են Ռոբերտ Սահակյանցի աշակերտներն ու համախոհները։ Առաջին հերթին` Ռ. Սահակյանցի այրին՝ Լյուդմիլա Սահակյանցն է, ով իր ամուսնու գրեթե բոլոր ֆիլմերի համահեղինակն է եղել, որդին՝ ինքնատիպ ոճ ունեցող անիմատոր Դավիթ Սահակյանց, ու դուստրը՝ օրիգինալ նկարիչ-մոդելավորող Նանա Սահակյանցը, որոնք էլ կիրականացնեն «Անահիտի» նկարահանումները։ Ֆիլմի բեմադրող նկարիչը կլինի Էռնեստ Մուրադյանը, իսկ սցենարական աշխատանքներին կմասնակցի Վահրամ Սահակյանը, ում վստահված են հերոսների դիալոգները։ «Անահիտ» հեքիաթը անիմացիոն ֆիլմ դառնալու ճանապարհին բազմաթիվ ճյուղավորումներ է ստանալու ու հարստանալու է նոր հերոսներով։
Հաշվի առնելով առաջին հայրենական անիմացիոն «Սասունցի Դավիթ» ֆիլմի անհաջող դրամատուրգիական կառուցվածքն ու էկլեկտիկ գեղարվեստական ոճը, մենք փորձեցինք դեռ սկզբնական փուլում գտնվող «Անահիտի» սյուժետային կառուցվածքի մանրամասներն իմանալ: Ֆիլմի հեղինակ Դավիթ Սահակյանցը պատմեց, որ իրենք փորձելու են դինամիկ զարգացող եւ ամուր կոնցեպտուալ հիմք ունեցող մուլտֆիլմ ստեղծել: «Մենք հեքիաթի սահմաններից դուրս ենք գալու, սակայն պահպանելու ենք հիմնական լեյտմոտիվը` սեփական ձեռքերով արժեքավոր բան արարելու անհրաժեշտությունը: Ֆիլմը աշխատանքի, արհեստների ու հարստություններով լի հողի յուրատեսակ հիմնը կլինի: Չէ՞ որ արքան միայն այն մարդը չէ, որը արքայավայել է ապրում ու թագավորում է, այլ այն մարդն է, որը արարել ու կառուցել գիտե: Ու նաեւ սիրել»,- ասում է նա: Մուլտֆիլմում սիրո թեման ուղղակիորեն կապվում է աշխատելու, մշակելու ու սեփական աշխատանքին տեր կանգնելու կարողության հետ: Համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչագան թագավորին արհեստ գնահատել է սովորեցնում, եւ հենց ստեղծագործ մոտեցումն էլ թագավորի հոգում սիրո կայծ է վառում ու ստիպում նորովի՝ ավելի թարմ ու սթափ հայացքով նայել սեփական հողին, սեփական պատմությանն ու արքայի դերակատարությանը։ Եվ այդ սթափ հայացքը հրաշքների սկիզբ է դառնում։ Թագավորն այն պահին է պատրաստ լինում սովորել, երբ գիտակցում է, որ իրականում շատ քիչ բան գիտի։ Հայ թագավորը (շարունակելով Սոկրատեսի միտքը) շտապում է լրացնել իր գիտելիքների բացն ու իր գահից իջնելով՝ վերադառնում է հողից ծնվող, հավերժական աշխատանքի գաղափարին։
Դ. Սահակյանցը նշում է, որ մուլտֆիլմն առաջին հերթին մանկական լսարանի համար է նախատեսված, եւ այդ պատճառով էլ ֆիլմը կհիշեցնի կախարդական ու գեղեցիկ մի պատմություն, որտեղ բազմազան, վառ ու ցայտուն պերսոնաժներ կգործեն:
«Ուզում ենք երեխաների ուշադրությունը առավելագույնս էկրանին սեւեռել` փորձելով պահպանել հեքիաթի ինտրիգը: Ֆիլմի հերոսներից շատերը ծիծաղաշարժ ու վառ գույներով օժտված կլինեն։ Ի հայտ կգա նաեւ չարի ու բարու հավերժական բախումը»,- ասում է նա։ «Անահիտ» ֆիլմում չարագործների դերը վերապահված է Ազարին ու Էնվերին, որոնք կփորձեն անընդհատ խանգարել ազնիվ ու բարի Վաչագանին, սակայն, ինչպես տեղի է ունենում բոլոր հեքիաթներում` դա նրանց չի հաջողվի: Ընդ որում՝ մուլտֆիլմի սցենարի մեջ հայտնված գլխավոր չարագործ Էնվերը Վաչագանի հորեղբայրն է, որին հանգիստ չեն տալիս երիտասարդ թագավորի հաջողություններն, ու նա սկսում է մանր ու խոշոր դավադրություններ կազմակերպել: Շեքսպիրի «Համլետը» հիշեցնող նման դրամատուրգիական պտույտը թույլ կտա ֆիլմի հեղինակներին ավելի ամուր սյուժեի վրա հիմնվել, քանի որ, ինչպես հայտնի է՝ աշխարհում թափառող սյուժեներն այնքան էլ շատ չեն, եւ կարեւորը դրանց օգտագործման եղանակն է։ Ի դեպ, Դ. Սահակյանցն ասում է, որ ֆիլմում հատուկ չեն շեշտվելու աշխարհագրական կոնկրետությունն ու հերոսների ապրելու վայրը։ Հավաքական հայկական հողի գաղափարը պարզաբանման կարիք չունի, եւ հայրենիքի հետ կապը որոշ պերսոնաժների մոտ` առավել, իսկ ոմանց մոտ էլ՝ նվազ է ընդգծվելու։ Եվ կստացվի, որ իսկական դրական հերոսը նա է, ով իր հողի, կենդանական աշխարհի ու մարդկանց հետ ներդաշնակ ու խաղաղ ապրել գիտի։ «Առանց մեկնաբանությունների էլ պարզ կլինի, թե ով` ով է»,- ասում է Դ. Սահակյանցը եւ դրանով իսկ շարունակում իր հայրիկի՝ Ռոբերտ Սահակյանցի աշխատանքային սկզբունքը, ով վստահ էր, որ երբեք չի կարելի թեման «ծամել» ու երեխաներին կերակրել, այլ պետք է տարածություն թողնել` վերաիմաստավորելու ու երեւակայելու համար։
«Անահիտի» հեղինակները նշում են նաեւ, որ ֆիլմի երկրորդական պերսոնաժները նույնպես մանրակրկիտ ու տրամաբանական մշակման են ենթարկվել: Գործող անձանց շարքերում կլինեն փոքր-ինչ խենթ ու խոցելի գուշակ Պետրոսը, ինչպես նաեւ կենդանիները` կախարդական աղբյուրից ծնունդ առած Անդոկ ձին ու հավատարիմ Զանգի շունը։
«Անահիտ» մուլտֆիլմը երաժշտական է լինելու։ Ըստ հեղինակների՝ դա նույնպես անհրաժեշտ հավելում է, քանի որ խոսքը մանուկներին հասցեագրված մուլտֆիլմի մասին է։ Կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն ու երգչուհի Շուշան Պետրոսյանը այժմ ֆիլմի երգերն են գրում։ Իսկ Շուշան Պետրոսյանը կմասնակցի նաեւ ձայնագրման աշխատանքներին։ Աշխարհահռչակ դերասանները միշտ հաճույքով են իրենց ձայները տալիս մուլտ-հերոսներին՝ դա պատվաբեր գործ համարելով։ Ու թեեւ դեռ շատ վաղ է խոսել «Անահիտի» հերոսների ձայնային դերակատարների մասին, սակայն հեղինակներն արդեն նախանշել են, որ միջնադարյան հեքիաթի հերոսները խոսելու են Ռաֆայել Քոթանջյանի, Հրանտ Թոխատյանի ու Խորեն Լեւոնյանի ձայներով։
Ինչ վերաբերում է «Անահիտի» պատկերաշարին, ապա, ըստ Դ. Սահակյանցի՝ այն թեեւ հեքիաթային, սակայն միաժամանակ ռեալիստական ու ճանաչելի է լինելու։ «Ֆիլմի գեղարվեստական ոճն իմ ոճից բավական տարբեր է լինելու, պատկերների կառուցվածքը փորձելու ենք եվրոպական մակարդակին մոտ անել։ Ստատիկ դրվագներ չեն լինելու, փոխարենը՝ դինամիկ, «կենդանի» տեսաշար կտեսնենք»,- ասում է նա։
«Անահիտի» ստեղծման աշխատատար ու բարդ աշխատանքները նախատեսվում է ավարտել 2 տարում: «Եթե մեզ աջակցեն նաեւ ռուսական ընկերությունները, մենք կհասցնենք 2 տարի հետո ֆիլմն ավարտել, իսկ եթե բանակցությունները ձգձգվեն, ապա ավելի ուշ կլինի»: Ֆիլմի մոտավոր բյուջեն կազմելու է 700 հազար դոլար: Ստեղծագործող խումբը հույս ունի, որ արտադրության փուլում մուլտֆիլմի ստեղծմանը կմասնակցեն նաեւ մասնավոր ներդրողները: