Ավտոմեքենաների համաշխարհային տեղեկատու «Jato Dynamics»-ի տվյալներով` Եվրոպայում 2010թ. մարտի եւ առաջին եռամսյակի ամենավաճառվող մեքենան «Ford Fiesta»-ն է: Միայն մարտ ամսին 68.630 «Ford Fiesta» է վաճառվել, ինչը 25.8%-ով ավելի է անցյալ տարվա նույն ամսվա ցուցանիշից եւ գրեթե 11.800 միավորով առաջ է իր ամենամոտ մրցակից «Volkswagen Golf»-ից: 2010թ. առաջին քառորդում վաճառվել է 140.496 «Ford Fiesta»: Ամենամոտ մրցակցի ցուցանիշը 5400 միավորով զիջում է: Մեծ Բրիտանիայում, օրինակ, «Fiesta»-ի վաճառքները մարտին ավելացել են 14.7%-ով, Իտալիայում` 87%-ով: Ընդ որում` այս երկրներում վաճառված «Fiesta»-ների 57%-ը (11251) եղել է փոքր հզորությամբ շարժիչներով: «Չնայած տնտեսական դժվարություններին` անցյալ տարին շատ լավ տարի էր «Fiesta»-ի համար, սակայն այս տարին է՛լ ավելի լավ է սկսվել: Այս մոդելի մարտ ամսվա վաճառքների ցուցանիշները երբեւէ «Ford»-ի որեւէ այլ մակնիշ չի գրանցել: Մենք հպարտ ենք «Ford Fiesta»-ի նորագույն մակնիշով, որը մեր հաճախորդները սիրում են»,- ասել է Եվրոպայում «Ford» ավտոկոնցեռնի մարկետինգի, վաճառքների եւ ծառայությունների բաժնի փոխնախագահ Ինգվար Սվիգումը: «Fiesta»-ի վաճառքների մեկնարկից սկսած` 18 ամսվա ընթացքում այս մոդելից ամբողջ աշխարհում վաճառվել է 750 հազ. հատ, ինչը, ըստ Սվիգումի, նշանավոր ձեռքբերում է բոլոր ժամանակներում: Այսպիսով` մարտ ամսին «Ford»-ը Եվրոպայի ամենալավ վաճառվող բրենդն է եղել: