Ամենաէրոտիկ բանջարեղենը, կամ սիրո կանաչ սլաքները
Հնում այսպես արտահայտվել են ծնեբեկի մասին: Ծնեբեկը բանջարեղեն է, որը գոնե պետք է հասցնել փորձել, քանի որ այն լինում է տարվա մեջ ընդամենը 2 ամիս: Այն մարդկությանը ծանոթ է եղել դեռեւս 4000 տարի առաջ: Հին եգիպտացիները ուղղակի պաշտում էին` ծնեբեկն անվանելով հրաշք-մթերք: Նրանք արժանի գնահատական էին տալիս ծնեբեկի բուժական հատկություններին: Իսկ Հին Հունաստանում ծնեբեկը ամուսնական ծիսակատարությունների անբաժանելի բաղադրիչներից մեկն էր: Ժամանակի ընթացքում ուժեղները, օրինակ` Ֆրանսիայի Լուի 16-րդ թագավորն արգելեց ծնեբեկի ազատ վաճառքն ու աճեցնելը, եւ ամբողջ բերքը աճեցվում էր միայն թագավորական պալատի տարածքում: Այսօր ծնեբեկը շարունակում է դելիկատես մնալ, բայց հասանելի է բոլորին:
Ծնեբեկը պարունակում է շատ սպիտակուցներ, ածխաջրեր, մեծ քանակությամբ վիտամիններ, կարոտին, սապոնին եւ այլն: Այս բանջարեղենը հարուստ է ոչ թե կալորիաներով, այլ` հանքային նյութերով: Ծնեբեկում պարունակվող նյութերը մաքրում են արյունը, դրականորեն են ազդում լյարդի աշխատանքի վրա:
Նախկինում բժշկության մեջ օգտագործվել են բույսի արմատներն ու վերգետնյա մասը` սրտի, լյարդի, միզաքարային եւ այլ հիվանդությունների բուժման նպատակով: Մի ժամանակ ծնեբեկի պտուղներն օգտագործվել են որպես բուժամիջոց սեռական թուլության դեմ: Պետք է ասել, որ ծնեբեկն այսօր էլ համարվում է շատ լավ աֆրոդիզիակ:
Բուլղարիայում ծնեբեկով կարգավորում են նյութափոխանակության խանգարումը, օրինակ` շաքարային դիաբետի դեպքում: Չինացիներն էլ են խորհուրդ տալիս տոնուսը բարձրացնելու համար ծնեբեկ օգտագործել: Իսկ Ավիցենան իր «Բժշկագիտության մասին աշխատության» մեջ գրում է, որ «ծնեբեկի թուրմը խմում են մեջքի ցավի ու նստաներվի բորբոքման դեպքում»:
Ծնեբեկը հաճախ նշանակում են տախիկարդիայի դեպքում, սրտային ռիթմի խանգարման ժամանակ: 1ճաշի գդալ չորացրած-մանրացրած ծնեբեկի արմատները 0,5 լ ջրով հասցնել եռման ջերմաստիճանի, եռացնել 10 րոպե եւ ընդունել բաժակի 1/2-ից` օրվա մեջ 3-4 անգամ:
3 թեյի գդալ թարմ տերեւները կամ արմատները ներքնացողունների հետ միասին լցնել 250մլ եռջրի մեջ եւ պահել տաք տեղում, ապա քամել: Այս թուրմից օգտագործել 2 ճաշի գդալ` օրը 4 անգամ` հոդացավերի, մաշկի ցանի դեպքում:
Ընձյուղների թուրմը եւ արմատների խաշուկը` 1:10 հարաբերությամբ խմել որպես միզամուղ միջոց` սրտի, երիկամների եւ միզափամփուշտի հիվանդությունների, ինչպես նաեւ՝ հոդատապերի ժամանակ: Ի դեպ, վերջին հիվանդության դեպքում կարելի է օգտագործել նաեւ օշարակը: Թարմ քամած հյութը եփել շաքարի հետ` 2:1 հարաբերությամբ, խմել օրը 2-4 անգամ` 1-ական թեյի գդալ:
Ինչպես ասացինք, այն շատ օգտակար է շաքարախտի, այտվուցվածության, ջրգողության դեպքերում, նաեւ շատ լավ ախորժակը բարձրացնող միջոց է համարվում: Այն նաեւ համարվում է դիետիկ սնունդ:
Դեմքի մաշկը սնուցող, մաքրող ու տոնական տեսք հաղորդող դիմակ
Լորենու ծաղկի, եղեսպակի խոտի, երիցուկի, դաղձի եւ դաշտային ձիաձետի խառնուրդին (հավասար քանակությամբ) ավելացնել եռջուր եւ թողնել մնա 1 օր փակ ամանի մեջ: Հետո այն քամել, ավելացնել մի քիչ մեղր ու եփած օսլա, որպեսզի ստացվի մածուցիկ քսուք: Այս քսուքը կարելի է առանձնացնել մեկանգամյա օգտագործման չափաբաժիններով, լցնել ապակե տարայի մեջ ու պահել սառնարանում: Մեկ անգամ դիմակ դնելու համար պետք է վերցնել անհրաժեշտ քանակությամբ քսուք, մի քիչ տաքացնել, այնուհետեւ լավ շերտով քսել դեմքին ու պարանոցին: Այս դիմակը պետք է մաքրել 20-25 րոպե հետո` տաք ջրով: Այնուհետեւ դեմքը պետք է սառը ջրով լվանալ ու չորացնել փափուկ անձեռոցիկով: Այս դիմակն ունի մաքրող ու սնուցող հատկություն: Այն հարթեցնում է մաշկն ու մաքրում դեմքը կորյակներից: Սրանից հետո դեմքին կարելի է քսել ձեր սովորական դիմափոշին կամ քսուքը, որը դուք օգտագործում եք սովորաբար: Իհարկե, շատ պրոբլեմատիկ մաշկ ունեցողներին, նախքան դիմակն օգտագործելը, խորհուրդ է տրվում դիմել կոսմետոլոգի: