Պարտքի ներքին հմայքը

20/09/2005 Արա ԳԱԼՈՅԱՆ

Պետական պարտքի մասին գրող լրագրողները գիտեն, որ շատերը ներքին պարտք
հասկացությունը շփոթում են կառավարության չվճարած գումարների հետ։
Տնտեսագետների շրջանում եւս քիչ չեն շփոթողները։ Վերջերս նույնիսկ
դոկտորական դիսերտացիա է ներկայացվել պաշտպանության, որի հեղինակը ներքին
պարտքը շփոթել էր ապառք հասկացության հետ։ Հայաստանի ներքին պարտքի
ձեւավորման պատմությունը սկսվեց 1995թ., երբ կառավարությունը սկսեց
թողարկել կարճաժամկետ պարտատոմսեր։ Այդ շրջանում շատերն էին
կառավարությանը մեղադրում, որ նա ֆինանսական միջոցներ փնտրում է միայն
երկրից դուրս եւ պարտքեր կուտակում միայն տարադրամով։ Դրամով պարտք
վերցնելը հավանաբար ավելի ուշ սկսվեց, որովհետեւ այդ տարիների վարչապետ
Հրանտ Բագրատյանը դեմ էր պետական պարտատոմսերի թողարկմանը։ Հետագայում նա
հրապարակայնորեն քննադատեց ներքին պարտքի համակարգի ձեւավորումը։ Պետական
պարտատոմսեր տպելով ու դրանք վաճառելով` պետությունն 1995-ին կարծես
ուզում էր ավելացնել դրամի նկատմամբ վստահությունը ֆինանսական շուկայում։
Հետաքրքիր է, որ Կենտրոնական բանկը երկար ժամանակ չգնաց այս քայլին եւ
դրամի կայունացման համար արտաքին վարկեր վերցրեց։ Պետության տնտեսավարման
տեսանկյունից ներքին պարտքի համակարգը կառավարությանը հնարավորություն է
տալիս բառացիորեն ուզած պահին ֆինանսական միջոցներ ձեռք բերել։ Եվ
երկրորդ` մի ոլորտից ներգրավելով ազատ փողերը` դրանք ուղղորդել
տնտեսության այլ ոլորտ։ 1998թ. Ռուսաստանում տեղի ունեցավ հանրահայտ
դեֆոլտը։ ՌԴ կառավարությունը հրաժարվեց կատարել ներքին պարտքի գծով
ունեցած իր պարտավորությունները։ Այդ պահին շատերն էին ենթադրում, որ
նույնը կկատարվի Հայաստանում։ Ակնկալիքը չիրականացավ։ Հայաստանում միշտ էլ
հակված են եղել զսպել ներքին շուկայից պարտք վերցնելու ձգտումը։ Դրա
հետեւանքով միշտ էլ ներքին պարտքը համեստ բաժին է ունեցել պետական պարտքի
ծավալում։ Փորձագիտական տվյալներով` ներքին պարտքի 30-50%-ը եւս արտաքին
ծագում ունի։ Այսինքն` օտարերկրյա ներդնողները արտարժույթը Հայաստան
մտցնելով վերածում են դրամի եւ դրամով պարտք տալիս կառավարությանը։ Լայն
իմաստով արտաքին ու ներքին պարտքի հիմնական տարբերությունը հենց սա է։
Արտաքին պարտքը կառավարությունը վերցնում եւ վերադարձնում է տարադրամով,
իսկ ներքին պարտքը` ազգային վճարամիջոցով։ Այսօր ներքին պարտքին բաժին է
ընկնում երկրի պարտքի 10%-ից էլ պակաս։ Այն բավական դժվար ու հակասական
ճանապարհ է անցել։ 1999-ին կառավարությունը ստիպված էր անընդհատ
բարձրացնել պարտատոմսերի շահութաբերությունը։ Հուլիս-օգոստոս ամիսներին
այն հասավ 80%-ի։ Վազգեն Սարգսյանի կառավարությանը, առանց ադմինիստրատիվ
միջոցների, հաջողվեց արդեն սեպտեմբերին այն իջեցնել 35%-ի։ Հետագայում
շուկան կարգավորվեց ու դարձավ մամուլի համար պակաս հետաքրքիր։ Պետական
կառավարման համակարգն այնքան վարկաբեկված է, որ կառավարման ոլորտի դրական
օրինակներին ազատ մամուլը սովորաբար չի անդրադառնում։

2005թ. պետական բյուջեն ենթադրում է, որ դեֆիցիտի մի մասը փակվելու է
պետական պարտատոմսերով ներգրավված փողով։ Այն կազմելու է 6,5 մլրդ դրամ
(մոտ 14,5 մլն դոլար)։ Պետական պարտատոմսերով կուտակված ներքին պարտքն
այսօր կազմում է 58 մլրդ դրամ։ Նախորդ տարվանից շրջանառության մեջ են
միջնաժամկետ եւ երկարաժամկետ պարտատոմսեր։ Այս տարվա վերջում, ենթադրվում
է, որ ներքին պարտքը նվազելով հասնելու է 55 մլրդ դրամի։ ՀՀ Ֆինանսների եւ
էկոնոմիկայի նախարարությունը գանձապետական պահառուի համակարգով
պարտատոմսերի շուկա կարողացել է ներքաշել նաեւ ոչ բանկային կապիտալ։
Պարտատոմսերի մոտ 86%-ն է վաճառվել բանկերին։ 14%-ը գնել են բնակչությունը
եւ ոչ բանկային ֆինանսական սուբյեկտները։ Հնարավոր է, որ այս դեպքում մեծ
է դրամի արժեւորման դերը։ Կարծիք կա, որ անցած մեկ տարուց ավելի շրջանում
կուրսի արժեւորումով ԿԲ-ն փորձում է ծանրացնել կառավարության ներքին
պարտքը։ Պետական պարտատոմսերը շատ համեստ շահույթ են ապահովում` տարեկան
4-6%։ Սակայն ֆինանսական շուկայում նկատելի պահանջարկ կա։ Հայաստանում
տնտեսությունը մաքսիմալ դոլարիզացված է, բայց հայտնվել է մի ոլորտ, ուր
դրամն ինքնուրույն եւ լիարժեք միջոց է։ Հետեւաբար, այն այս տարի հայտնվեց
դոլարիզացիայի դեմ ամենաշատը խոսող կառույցի` ԿԲ-ի ուշադրության
կենտրոնում։ ԿԲ-ն այս տարվանից ինքն է սկսել պարտատոմսեր թողարկել։ Ոչ
պաշտոնական ինֆորմացիայի համաձայն` ԿԲ-ն մի քանի ամիս շարունակ
կառավարությանը համոզում էր իր փոխարեն եւ իր համար պարտատոմսեր թողարկել։
Կառավարությունը դիմացավ այս ճնշմանը, եւ ԿԲ-ի պարտատոմսերն արդեն
շրջանառության մեջ են։ ԿԲ-ին բաժին է ընկնում երկրի արտաքին պարտքի
18,4%-ը։ Հիմա այս կառույցը նաեւ ներքին պարտք է կատարում (մոտ 10 մլրդ
դրամ)։ Նրան արդեն բաժին է ընկնում ներքին պարտքի մոտ 15%-ը։ ԿԲ-ն
պարտատոմսերի շուկայում նոր կառույց է։ Հնարավոր է, որ անփորձության
պատճառով է նա իր պարտատոմսերը պակաս բարենպաստ պայմաններով տեղաբաշխում,
քան կառավարությունը։ ՀՀ բանկային կապիտալի համար կառավարության
պարտատոմսերն ավելի վստահելի են, քան ԿԲ-ինը։ Փորձագիտական այս
գնահատականը ձեւավորվել է պարտատոմսերի աճուրդների տվյալների դիտարկումով։
30 շաբաթանոց պարտատոմսը ԿԲ-ն կարողացել է տեղաբաշխել 0,2%-ով ավելի թանկ,
քան կառավարության 52-շաբաթյա պարտատոմսերը։ Մինչդեռ տնտեսական
տրամաբանությամբ հակառակը պիտի լիներ։ Իրավիճակն այսպիսին է նույնիսկ այն
դեպքում, երբ անցած տարվանից սկսած կառավարությունն իր գումարները ավանդ է
տալիս ԿԲ-ին։ Հետեւաբար կարելի է ենթադրել, որ կառավարությունը, գտնելով
իրենից վատ տնտեսավարող ԿԲ-ին, փող է աշխատում` այնտեղ ավանդ դնելով իր
փողերը։