ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրները` Ամերիկան, Ֆրանսիան ու Ռուսաստանը երեկ արձագանքել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նախօրեին հղած հայ-թուրքական արձանագրությունների կասեցման մասին ուղերձին:
Ընդ որում, այդ երեք երկրների համար էլ անակնկալ չի եղել ՀՀ նախագահի այդ քայլը: Հասկանալի է, որ Վաշինգտոն եւ Մոսկվա կատարած այցերի ընթացքում Ս.Սարգսյանն այդ հարցը քննարկել կամ համաձայնեցրել է այդ երկրների ղեկավարների հետ: Հիշեցնենք, որ մինչեւ Վաշինգտոն մեկնելը նա հայտարարեց, որ ինքը կայացրել է իր որոշումը եւ այդ մասին կտեղեկացնի վերադառնալուց հետո: Բացի այդ, ՀՀ նախագահն իր ուղերձում էլ հստակ ասել է. «Թուրքիայի հետ սկսված գործընթացի ապագայի վերաբերյալ ես քննարկումներ եմ ունեցել եւ շարունակում եմ դրանք Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, ինչպես նաեւ՝ եվրոպական մի շարք կառույցների մեր գործընկերների հետ… Չեմ թաքցնում, մեր գործընկերները հորդորել են ինձ շարունակել գործընթացը, հորդորել են չկանգնեցնել այն»:
Այնպես որ, արձանագրությունների կասեցման որոշումը ամենայն հավանականությամբ կայացվել է դրսում, միաժամանակ Ս.Սարգսյանը թերեւս պարտավորվել է դուրս չգալ գործընթացից: Հավանաբար «համատեղ» գործունեության արդյունքում է, որ նշված պետությունները ողջունել են Ս.Սարգսյանի որոշումը: «Մենք ինտենսիվ հանդիպումներ ենք ունեցել հայկական ու թուրքական կողմերի հետ այստեղ` Վաշինգտոնում, ինչպես նաեւ շփումներ ենք ունեցել Ադրբեջանի հետ: Մենք հասկանում ենք, որ երկու կողմն էլ հասել էին, չեմ ուզում ասել` փակուղի, բայց որոշ տեսակի խոչընդոտների` արձանագրությունները վավերացնելու համար»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին եւ ավելացրել, թե ոգեւորված են, որ կողմերից որեւէ մեկը դուրս չի եկել գործընթացից:
«Սարկոզին ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը հանձնառու մնալու վերահաստատումը ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի կողմից` չնայած դժվարություններին, որոնց բախվում է կողմերից յուրաքանչյուրը 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացում»,- նշված է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարության մեջ: ՌԴ-ն հույս է հայտնել, թե կողմերին կհաջողվի հաղթահարել առկա բարդ իրավիճակը: «ՀՀ-ն միայն կասեցնում է արձանագրությունների վավերացումը, սակայն հետ չի կանչում ստորագրությունը: Այս պարագայում, ՀՀ-ի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման մեկ տարի առաջ դրված գծի հեռանկարը պահպանվում է»,- սա էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոյի հայտարարությունն է:
Պարզվում է` Ս.Սարգսյանի քայլն անակնկալ չէր նաեւ Թուրքիայի համար: «Հայաստանի ընդունած այդ որոշումը միակողմանի է եւ կապված է իրենց իսկ գործընթացի հետ: Ինչպես ասել է մեր վարչապետը, դա իրենց գործն է: Անշուշտ, չի կարելի կարծել, թե մենք կմիջամտենք իրենց գործընթացին: Բայց դրական տարրն այն է, որ ընդգծված է գործընթացի շարունակման հանգամանքը: Հուսով ենք, որ եւ՛ Հայաստանում, եւ՛ Թուրքիայում կարճ ժամանակում կձեւավորվի համապատասխան քաղաքական մթնոլորտ, ու կարգավորման գործընթացը կտեղաշարժվի իր հանգրվանած կետից»,- երեկ ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: