ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղիղ մեկ տարի առաջ նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտությունն ավարտվեց` շահագրգիռ կողմերի ու տերությունների ուշադրությունը կենտրոնացնելով Հայաստանի վրա:
Անկախ այն հարցից, թե հայ-թուրքական արձանագրությունների կասեցումը դրակա՞ն, թե՞ բացասական քայլ էր Հայաստանի կողմից, այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունների այս մեկ տարվա վարած քաղաքականությունը չի կարող անհետեւանք ու անարդյունք մնալ: Դժվար է, իհարկե, այսօր ասել` ինչպիսին կլինեն այդ արդյունքները։ Անցած մեկ տարվա ընթացքում Ս.Սարգսյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բազմաթիվ անգամ հանդիպել են իրենց ադրբեջանցի գործընկերներ Իլհամ Ալիեւի ու Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպել են նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Ս.Սարգսյանն արդեն ինքն է ընդունում, որ այդ ընթացքում Թուրքիայից հնչող հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմաններ էին՝ ուղղված Հայաստանին: Եվ որքան էլ ՀՀ իշխանությունները հայտարարեցին, թե Ս.Սարգսյանն Ի.Ալիեւի հետ հաճախ է հանդիպում, որովհետեւ ուզում է լուծել ԼՂՀ հակամարտությունը, հասկանալի է, այդ հանդիպումներն ակտիվացան հայ-թուրքական գործընթացին զուգահեռ: Միջազգային հանրությունը հաճախ էր կազմակերպում Սարգսյանի ու Ալիեւի հանդիպումները, Մինսկի խմբի համանախագահներին հաճախ էր գործուղում տարածաշրջան, որպեսզի կարողանա ապահովել ԼՂՀ հարցում Թուրքիայի պահանջած առաջընթացը: Ֆուտբոլային դիվանագիտությունն ավարտվեց հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չապահովելով` փոխարենը Թուրքիային հնարավորություն տվեց ակտիվանալ ԼՂՀ հարցում: Եվ այսպես, հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության հիմնական «ձեռքբերումը» Թուրքիային ԼՂՀ կարգավորման գործընթաց ներքաշելն էր: ԼՂՀ հարցում Թուրքիան այլեւս պահանջատեր է, եւ այդ պահանջը նա ներկայացրել է ոչ միայն Հայաստանին, այլեւ ողջ աշխարհին: Եթե հիմա ԱՄՆ-ը կամ Եվրոպան ուզում են բաց տեսնել հայ-թուրքական սահմանը, նրանք արդեն հասկացել են, որ նախ պետք է լուծեն ԼՂՀ հարցը: Այնպես որ, մեծ է հավանականությունը, որ առաջիկայում շատ ակտիվ, հայկական կողմի համար նաեւ ոչ ցանկալի զարգացումներ են սպասվում ԼՂՀ բանակցային գործընթացում: Եվ Հարավային Կովկասի տարածաշրջանում ազդեցություն ունենալու համար ԱՄՆ-ը կամ Ռուսաստանը պետք է կարողանան այդ հարցը լուծել իրենց շահերին համապատասխան: Եվ այս գերտերությունների մրցակցության մեջ հայկական կողմի համար շատ դժվար է լինելու գործընթացից նվազագույն կորուստներով դուրս գալը:
Այնուամենայնիվ, ի՞նչ հետեւանք թողեց հայկական քաղաքականության վրա Ս.Սարգսյանի սկսած ֆուտբոլային դիվանագիտությունը: «Այսօր մենք ամուր ենք ավելի, քան երբեւէ, մեր ճակատը պարզ` ինչպես միշտ: Ավելի լավ Հայաստանի, ավելի լավ տարածաշրջանի, ինչու չէ` նաեւ աշխարհի, ավելի ամուր ու միասնական հայության նպատակներին միտված մեր ջանքերն այսուhետ միայն ավելանալու են: Վստահ եղեք` արդյունքներն էլ անընդհատ տեսանելի են լինելու»,- իր սկսած եւ ավարտած ֆուտբոլային քաղաքականությունն այսպես է գնահատում ինքը` Ս.Սարգսյանը: ՀՀ ընդդիմադիր դաշտի ուժերը միանշանակ համաձայն են, որ հայ-թուրքական գործընթացի արդյունքում Թուրքիան ներքաշվեց ԼՂՀ բանակցային պրոցեսի մեջ: «Կապելով հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացները, Թուրքիային հաջողվեց նաեւ առանցքային եւ ՀՀ-ի համար վտանգավոր դերակատարություն ստանձնել Ղարաբաղի շուրջ ընթացող միջազգային բանակցություններում, վտանգվեց այդ բանակցությունների օպտիմալ` Մինսկի խմբի ձեւաչափը»,- հայտարարում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ Ազգային կոնգրեսը:
«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ այս մեկ տարվա հայ-թուրքական գործընթացը առավելապես թողեց վատ հետեւանք: «Լարվածություն մտցրեց Հայաստանի ներսում եւ հավելյալ պառակտող, բաժանարար գծեր դրեց՝ ի դեմս ԱՅՈ-ի, ՈՉ-ի եւ չկողմնորոշվողների: Ես վատ եմ գնահատում, այնուամենայնիվ, որ Սահմանադրական դատարանի մակարդակով արձանագրությունները նման ձեւակերպումներով ընդունեցին: Դա կարող է խնդիր առաջացնել հետագայում նոր բանակցությունների համար, ինչպես, օրինակ, խնդիր է ԼՂՀ հարցը ներկայիս սխալ դրված բանակցային հիմքերի պատճառով: Եվ վերջապես վատ էր, որ մենք չկարողացանք այդ նորաբաց հնարավորությունը մեր արտաքին քաղաքականության մեջ օգտագործել առավելագույնս, սխալներ թույլ տվեցինք: Ասել, թե դրանում մեղքը միայն Թուրքիայինն է, Թուրքիան է փակուղի մտցրել ամբողջ գործընթացը, բայց չպետք է տարանջատել նաեւ մեր բացթողումներն ու սխալները: Միջազգային հանրության մի հատվածը կարող է եզրակացության հանգել, թե Թուրքիան էր, որ ձախողեց պրոցեսը, բայց չպետք է բացառել, որ կարող են մեղքը բարդել ԼՂՀ խնդրի չլուծվածության վրա: Եվ հետեւաբար՝ նոր ջանքեր ուղղել դրա ուղղությամբ»,- ասում է Ս.Սաֆարյանը:
ԼՂՀ Ազգային ժողովի Արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը չցանկացավ հարցը քննարկել այն տեսանկյունից, թե հայ-թուրքական ձախողված բանակցությունների պատճառով միջազգային հանրության ուշադրությունը կկենտրոնանա ԼՂՀ կարգավորման գործընթացի վրա: «Եթե մենք որեւէ փուլում հակվենք այն մտքին, որ խնդիրը կարող է լուծվել կողմերից որեւէ մեկի վրա ճնշում գործադրելու մեթոդով, ապա դա կնշանակի, որ խնդիրը չպետք է լուծվի: Ճնշման, պարտադրման եղանակով ինչ-որ հանգրվանի հասնելու եղանակը, ինչպես պատմությունն է ցույց տալիս, իր մեջ պարունակում է վտանգներ: Ի սկզբանե եթե Ղարաբաղի խնդիրը կարգավորվեր բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ համաձայնությամբ, ապա չէր ծագի 1988թ. շարժման անհրաժեշտությունը»,- ասաց Վ.Աթանեսյանը: