Պահանջում են հետ վերցնել ստորագրությունը

24/04/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Հայ-թուրքական արձանագրությունների կասեցումը չի գոհացնում Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերին:

Խոսքը «Ոչ»-ի շարժման 14 քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների մասին է: ՀՀ նախագահի այս քայլը նրանք համարում են կիսատ եւ պահանջում են ոչ թե կասեցնել նախորդ տարի Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման ընթացակարգը, այլ ետ կանչել հայկական կողմի ստորագրություններն ընդհանրապես: Նախօրեին նրանք հանդես էին եկել նման պահանջով: «Հակառակ դեպքում` պատրաստակամություն ենք հայտնում ազգային շահերին սպառնացող ստեղծված վտանգի դեմ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով չարգելված բոլոր միջոցներով պայքարել` մինչեւ ստեղծված վտանգների լիակատար վերացումը»,- ասվում է հայտարարության մեջ:

Երեկ Մատենադարանի հարակից տարածքում Շարժման մասնակիցները հանրահավաք էին կազմակերպել եւ ՀՀ իշխանություններից պահանջում էին ոչ թե կասեցնել, այլ` չեղյալ համարել արձանագրությունները: «Մենք «ոչ» ենք ասում հենց այն արձանագրություններին, որոնք նպատակ ունեին կասեցնել, խոչընդոտել եւ արգելափակել մեր` Ցեղասպանության հետ կապված պայքարը: Մենք պետք է շատ լավ հասկանանք, որ Ցեղասպանության հարցի հետ են կապված հայկական մնացած բոլոր հարցերը: Դրանից են բխում թե Ղարաբաղի հարցը, թե Սփյուռքի հետ կապված մեր բոլոր ազգային խնդիրները, Հայ դատի խնդիրներն ընդհանրապես»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Շարժման մասնակիցները նշում են, որ եթե վավերացվեն արձանագրությունները, ապա դա պետք է տեղի ունենա միայն որոշակի վերապահումներով: 4 կետով շարադրված վերապահումները վերաբերում են նրան, որ արձանագրությունները պետք է ունենան բացառապես երկկողմանի միջպետական բնույթ եւ չեն կարող վերաբերել որեւէ երրորդ կողմի, դրանք չեն կարող առնչվել ԼՂՀ խնդրի կարգավորմանը: Բացի այդ, ըստ այս շարժման մասնակիցների, արձանագրությունները չեն կարող մեկնաբանվել եւ կիրառվել այն ձեւով, որով ուղղակի կամ անուղղակի կերպով քննարկման առարկա կարող է դառնալ Ցեղասպանության եւ հայ ժողովրդի հայրենազրկման փաստը: Հայտարարության մեջ նշված հենց այս վերապահումների պատճառով էլ «Ժառանգությունը» հրաժարվել է ստորագրել փաստաթղթի տակ: Արձանագրությունների հետ կապված նրանց ակնկալիքներն այլ են: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: «Ոչ»-ի շարժման կուսակցությունների հայտարարության մեջ խոսք է գնում վերապահումների մասին, իսկ «Ժառանգությունը» վերապահումներ չի ընդունում: Մենք դեմ ենք արտահայտվում նաեւ ՍԴ որոշմանը: Այդ որոշումը համարում ենք ոչ նպաստավոր, այն գնահատում ենք բացասական: Իսկ վերապահումներ չենք ընդունում, որովհետեւ կարծում ենք, որ արձանագրությունները պետք է անպայման չեղյալ համարվեն: Ինչ վերաբերում է արձանագրությունների կասեցման վերաբերյալ նախագահի եւ կոալիցիայի կողմից արված հայտարարությանը, ապա, այն կես քայլ է, ամբողջականը կլինի այն, որ հայկական կողմը արձանագրություններից հետ վերցնի իր ստորագրությունը, ինչը, ցավոք, չարվեց»,- ասում է նա: Ա. Մարտիրոսյանը կարծում է, որ մեկ տարվա մեջ իշխանությունները հազիվ կարողացան տեսնել, որ սա նախապայմաններով գործընթաց է. «Այն, որ ի սկզբանե սխալ գործընթաց էր գնում սխալ արձանագրություններով, դա միանշանակ այդպես է: Բայց սխալի կես ճանապարհից հետ կանգնելը ես ճիշտ եմ գնահատում: Հուսով եմ, որ մեկ տարի ժամանակ էլ մեր իշխանություններից չի պահանջվի ստորագրությունները հետ վերցնելու համար: Դա պետք է ավելի շուտ լինի: Պետք է ասել նաեւ, որ արձանագրությունները մեծ վնաս հասցրեցին նաեւ Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, եւ մենք շատ բարդ իրավիճակով անցանք…»: Չնայած երեկ «Ժառանգությունից» մեզ տեղեկացրին, որ իրենք շարունակում են մնալ «Ոչ»-ի շարժման շարքերում եւ կմասնակցեն հանրահավաքին, սակայն միջոցառմանը «Ժառանգության» ներկայացուցիչները ներկա չէին: ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ գործընթացի կասեցումը իրենց չի բավարարում, մանավանդ, որ Հայաստանը բոլոր հիմքերն ունի ստորագրությունները հետ կանչելու համար. «Որպես իրավական փաստաթուղթ՝ արձանագրությունները շարունակում են մնալ եւ վտանգավոր են այնքան ժամանակ, քանի դեռ դրանք կենդանի են: Անհրաժեշտ է ստորագրությունները հետ վերցնել: Հայաստանը բոլոր հիմքերն ունի դա անելու, որովհետեւ Թուրքիայի կողմից չկա անկեղծության ոչ մի նշույլ: Պարզ օրինակ, վաղը Անկարայում ոչ պետական հովանավորությամբ նախատեսվում էր հայ, թուրք եւ այլազգի մասնագետների մասնակցությամբ կլոր սեղան-գիտաժողով անցկացնել` Հայոց ցեղասպանության թեմայով, որը, փաստորեն, Թուրքիայի իշխանությունների ճնշումով տեղի չի ունենալու»: Նրա կարծիքով, արձանագրությունները կենդանի պահելով, մենք շարունակում ենք Թուրքիային հնարավորություն տալ` ԼՂՀ հարցում դերակատարություն վերապահելու իրեն: «Իսկ եթե դրանք իրավական առումով մահանան, այսինքն՝ կողմերից մեկը հետ վերցնի ստորագրությունները, Թուրքիան նման հնարավորություն չի ունենա»,- ասաց Կ. Մանոյանը` հավելելով, որ այս գործընթացում դրականն այն է, որ «Ցեղասպանություն» բառը չօգտագործելու համար ԱՄՆ նախագահն այլեւս պատրվակ չունի եւ ապրիլի 24-ին արդեն «նրա իսկական դեմքը պարզ կդառնա բոլորին»: Հանրահավաքի ժամանակ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության անդամները, ինչպես ամեն տարի, այրեցին Թուրքիայի դրոշն ու Գյուլի, Էրդողանի եւ Դավութօղլուի նկարներով պաստառները: Հանրահավաքից հետո մեկնարկեց ջահերով երթ` դեպի Ծիծեռնակաբերդ: