Բեմականացված աճուրդ

20/09/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Բազմիցս ենք լսել, որ Հայաստանում աճուրդները ձեւական բնույթ են կրում:
Ասենք, որեւէ հողակտորի, տարածքի կամ բնակարանի վաճառքի մասին սովորաբար
ցածր պահանջարկ ունեցող որեւէ թերթում, մանր տառերով ու կորած մի
անկյունում հայտարարություն է տպվում: Սա աճուրդի պարտադիր պահանջներից
մեկն է: Եվ իբր թե այդ հայտարարությունը շատ պատահաբար ընկնում է շատ
սովորական մի մարդու աչքով:

Միայն թե շատ հաճախ այդ սովորական մարդը լինում է պետական պաշտոնյա,
ծայրահեղ դեպքում` տվյալ աճուրդի մանրամասներին իրազեկ մարդու բարեկամ: Ու
իբր թե այդ բարեկամն այլ մրցակից չի ունենում, այսինքն` միայն ինքն է
ուզում գնել տվյալ ապրանքը: Ու գնում է մեկնարկային առանց այդ էլ շատ ցածր
գնից մի քիչ բարձր գնով՝ կատարելով ընդամենը մեկ քայլ: Իսկ մեզ թվում էր,
թե աճուրդն առեւտրի մի փոքր թատերականացված ու մոլի տեսակն է, ուր
մասնակիցը, մեծ ցանկություն ունենալով գնել տվյալ ապրանքը, կամ նույնիսկ
«թասիբի ընկնելով»՝ երբեմն վճարում է իրական արժեքից շատ ավելին: Եվ
ապրանքին տիրանալու մրցակցությունը երբեմն վերածվում է շատ հետաքրքիր
ներկայացման: Հնարավոր է, որ արտասահմանում աճուրդները հենց այդպես էլ
ընթանում են: Բայց քանի որ «մերն ուրիշ» է, մեր աճուրդներն էլ ուրիշ են:

Ծանոթանալու համար երեքշաբթի մասնակցեցի Դատական ակտերի հարկադիր
կատարողների (ԴԱՀԿ) աճուրդին: Աճուրդը կազմակերպվում է հարկադիր
կատարողների կողմից բռնագրավված ապրանքները վաճառելու համար: Նախօրոք
տպվում է «Հարկադիր կատարող» տեղեկագիրը, ուր տեղեկություններ կան աճուրդի
հանված բոլոր ապրանքների մասին: Գնորդը ծանոթանում է ամբողջ ցուցակին եւ
ցանկության դեպքում գնելու հայտ ներկայացնում:

 Հարկադիր կատարողների աճուրդը տեղի ունեցավ Հալաբյան 41 ա հասցեում
գտնվող ԴԱՀԿ-ի շենքում: Մասնակցում էին մոտ 20 հայտատուներ: Աճուրդը
սկսվեց ժամը 12 անց 7 րոպեին եւ ավարտվեց 12 անց 35 րոպեին: Կես ժամվա
ընթացքում բոլոր հայտատուներն էլ հասցրին ձեռք բերել իրենց ցանկացած
ապրանքները: Վաճառվեց մի քանի տարածք ու բնակարան, ինչ-որ մեքենաներ,
հեռուստացույցներ, սառնարաններ, գորգեր, կահույք ու լիքը ոսկեղեն:
Աճուրդին մասնակցեցի՝ մտածելով, որ կլինի իսկական աճուրդ: Սակայն ամեն մի
լոտն (ապրանքը) ուներ մեկ հայտատու եւ, ուրեմն, մեկ գնորդ: Աճուրդավարի
կողմից հայտարարվում էր լոտի մեկնարկային գինը: Հայտատուն պարտավոր էր
գոնե մեկ քայլ անել, այսինքն` մեկնարկային գնից որոշակի չափով ավելի
առաջարկել: Ընդամենը 4-5 լոտ ունեին երկու գնորդ, ու դրանք վաճառվեցին իբր
թե իսկական աճուրդով: Բայց տպավորությունն այնպիսին էր, որ գնորդն,
այնուամենայնիվ, մեկն էր, ուղղակի այդ միջոցառմանը աճուրդային տեսք տալու
համար մասնակցեցին երկու հայտատուներ: Երկուսն էլ մի քանի քայլ կատարեցին,
գինը հասցրին հավանաբար նախօրոք որոշված չափի ու վերջացրին: Տարօրինակ էր,
որ տվյալ լոտի աճուրդից հետո երկու հայտատուն էլ դահլիճից դուրս էին գալիս
իրար հետ՝ չթաքցնելով, որ իրենք իրականում նույն գնորդն են: Իսկ մնացած
լոտերն ունեին մեկ հայտատու ու գնվեցին ընդամենը մեկ քայլով՝ շատ հաճախ
մեկնարկային արժեքից բարձր ընդամենը 100-500 դրամով: Այդ աճուրդ կոչված
ներկայացումն այնքան արհեստական ու ձեւական էր, որ մասնակիցներն իրար
նայելով՝ թաքուն ծիծաղում էին: Այդ ներկայացման միակ ուշագրավ երեւույթն
այն էր, որ հայտատուներից մեկը գնեց ադամանդյա քարերով մոտ 50 գրամ ոսկե
զարդեր:

Ընդամենը 2-3 զարդ գնելու համար երկրորդ հայտատու եղավ, բայց մոտ 15 զարդ
էլ գնեց նույն հայտատուն՝ մեկնարկային գնից` 100, լավագույն դեպքում՝
500-1000 դրամ ավելի առաջարկելով: Ասենք, 29 հատ ադամանդե քարերով 4,4
գրամանոց 583 հարգի մատանու մեկնարկային արժեքը 19.956 դրամ էր ու
վաճառվեց մոտ 21.000 դրամով, 14 ադամանդե քարով 5,94 գրամանոց ականջողն
արժեր 21.049 դրամ ու վաճառվեց ընդամենը 100 դրամ ավելի գնով: Կամ 2 x 5
չափի «Էրեբունի» գորգը վաճառվեց 5000 դրամով եւ այդպես շարունակ: Այսպիսով
պատահական մարդու մոտ տպավորություն է ստեղծվում, թե հարկադիր կատարողների
աճուրդին մի քանի անգամ մասնակցելով կարելի է լավ տունուտեղ դնել՝ սկսած
տնից:

Այդ օրվա աճուրդի ներկայացումը դարձավ զավեշտալի, երբ աճուրդավարը
հոգնելով երկար խոսելուց՝ որոշեց ավելորդ ձեւականությունների հետեւից
չընկնել եւ լոտերը ներկայացնել շատ կարճ: Վերջին 15 րոպեն նա աճուրդը
վարեց գլուխը ցուցակից գրեթե չբարձրացնելով եւ մուրճիկն արագ-արագ
թխկթխկացնելով: Փորձեցի խոսել գնորդներից մի քանիսի հետ՝ հասկանալու
համար, թե այդ աճուրդը ինչքանով է իսկական կամ ձեւական: Նրանք խուսափում
էին խոսքի բռնվելուց: Հասկանալի դարձավ, որ մասնակիցների մեջ պատահական
գնորդ չկա: Ուղղակի ցանկություն ունեցա հաջորդ անգամ արդեն ինքս հայտ
ներկայացնել եւ մոտ 50.000 դրամով գնել հեռուստացույց, սառնարան, գորգ,
զգեստապահարան, բազմոց բազկաթոռներով եւ մի քանի այլ մանր-մունր բաներ:
Հավատացեք, որ հարկադիր կատարողների աճուրդում դա հնարավոր է: