Տոմսերն էժանացրել են

24/04/2010

Ապրիլի 28-ին Երեւանում տեղի կունենա Ջոն ՄքԼաֆլինի եւ 4th Dimension ջազ-ֆյուժն քառյակի համերգը, որին մասնակցելու է նաեւ Արտո Թունջբոյաջյանը: Համերգի կազմակերպիչ «Վիբրոգրաֆուս» ստուդիայի ղեկավար Վարդան Գրիգորյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասել է. «Մեզ համար շատ կարեւոր է, որ լինի այն, ինչ գտնում ենք լավ: Կուզենայի, որ Հայաստանում մարդիկ երաժշտությունն ավելի գլոբալ ընկալեին, միայն երգիչներ, երգչուհիներով եւ PR-ի վրա կառուցված մեխանիզմներով չգնահատեին: Ուսումնասիրությունների վրա Արմենչիկ ենք ստանալու, սակայն մեր երազանքը լավը պրոպագանդելն է, գուցե այս տարի դժվարություններ կկրենք, բայց հույս ունեմ, որ ինչ-որ բան կփոխվի»: «ՄքԼաֆլինին հարցրեցինք` կուզենա՞, որ Արտո Թունջբոյաջյանը նվագի իր հետ, ասաց` հաճույքով, համ լավ երաժիշտ է, համ էլ լավ մարդ: Արտոյին որ հարցրեցինք, դժվար չի՞ լինի, ասաց` այդպիսի մարդու հետ ավելի հեշտ է, քան միջակների»,- հավելել է Վարդան Գրիգորյանը: Համերգի տոմսերը տատանվում են 10.000 դրամից մինչեւ 50.000 դրամի սահմաններում: Քանի որ համերգին մնացել է մի քանի օր, սահմանվել են զեղչեր, օրինակ` 55.000 դրամանոցը վաճառվում է 35.000 դրամով: «Այս համերգը, չեմ ուզում ասել, բայց միգուցե վնասով կանենք: Այդպես ստացվեց, բայց գոնե կհիշեմ իմ կյանքում, որ մի հատ կարգին բան արել եմ: Շատ կոնկրետ են առնողները, այդ առումով միգուցե լավ է, բայց մասսայական չի դա,- ասել է կազմակերպիչը` ավելացնելով,- Տոմսի թանկ լինելը, հասկանում եմ, որ պրոբլեմ է, բայց եթե մարդը շատ է ուզում, ինձ թվում է՝ 18.000-ն այդքան թանկ չի: Ցանկացած երկիր գնաք, նման համերգները նման էժան գնով չեք գտնի»:

Վ. Գրիգորյանը չի նշել, թե ինչքան է արժեցել իրենց համար կիթառահարին Հայաստան հրավիրելը, սակայն վստահեցրել է, որ այն անհամեմատ քիչ է, քան Ալլա Պուգաչովայի եւ մյուսների դեպքում: Նշենք, որ Ջոն ՄքԼաֆլինը, ով հայտնի է նաեւ որպես «Մահավիշնու Ջոն ՄքԼաֆլին», բոլոր ժամանակների լավագույն կիթառահարներից է: Իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա համագործակցել է այնպիսի աշխարհահռչակ երաժիշտների հետ, ինչպիսիք են Տոնի Վիլյամսը, Մայլզ Դեւիսը: 1970-ականներին նրա հիմնադրած «The Mahavishnu Orchestra» խումբը ներկայացնում էր տեխնիկապես վիրտուոզ եւ բարդ երաժշտական ոճ, որը միաձուլում էր էկլեկտիկ ջազը եւ ռոքը արեւելյան եւ հնդկական ելեւէջների հետ: Ջոն ՄքԼաֆլինը նվագում է մի շարք տարբեր երաժշտական ոճեր եւ ժանրեր, այդ թվում` ջազ, հնդկական դասական երաժշտություն, ֆյուժն, արեւմտյան դասական երաժշտություն: Իր որոշ ակուստիկ ձայնագրություններում ՄքԼաֆլինը նաեւ անդրադարձել է ֆլամենկո ոճին: