«Amnesty International» կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին հորդորել է ազատ արձակել ահաբեկչության եւ զրպարտության կեղծ մեղադրանքներով ձերբակալված լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւին: Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ լրագրողի ձերբակալությունն անարդարացի է եղել: Դատարանի համաձայն` Է. Ֆաթուլաեւը, ով 2007թ. ապրիլին ձերբակալվել էր իշխանությունների հասցեին մի շարք քննադատական հոդվածներ գրելու համար, պետք է անհապաղ ազատ արձակվի: Հիշեցնենք, որ Ֆաթուլաեւին իշխանությունները մեղադրում էին զրպարտության համար: Նա երկու հոդված էր տպագրել, որոնցում կասկածի տակ էր դնում Խոջալուի դեպքերի ադրբեջանական մեկնաբանությունը: Ավելի ուշ ադրբեջանցի լրագրողի դեմ առաջ էին քաշվել նաեւ ահաբեկչության մեղադրանքներ` ահաբեկչական բնույթի հոդվածներ գրելու համար, որոնցում նա քննադատության էր ենթարկում Ադրբեջանի կառավարության արտաքին քաղաքական որոշումները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի համաձայն` Է. Ֆաթուլաեւի դեմ առաջ քաշված մեղադրանքները խախտում են խոսքի իրավունքը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը վերջնականապես ուժի մեջ կմտնի երեք ամիս անց, եթե չբողոքարկվի: Եվրոպական դատարանը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել լրագրողին:
«Amnesty International»-ը հավատացած է, որ Է. Ֆաթուլաեւի ազատազրկումը լրագրողին լռեցնելու փորձ է` համարելով նրան «խղճի բանտարկյալ»: