Եղրեւանին` (յասամանը) ժողովրդական բժշկության մեջ
Եղրեւանու կամ, ինչպես հաճախ ասում ենք, յասամանի հայրենիքը Բալկանյան թերակղզին է, սակայն բոլորն էլ շատ են սիրում այս ծաղիկը: Մի գեղեցիկ լեգենդ կա եղրեւանու (սիրեն) մասին: Գարնան դիցուհին ապրիլ ամսին գնում է արեւին արթնացնելու` իր հետ վերցնելով նաեւ Իրիսին` ծիածանի դիցուհուն: Անցնում էին նրանք` երկիրը ողողելով ոչ երկրային բույրով ու գեղեցիկ գույներով: Նրանք հասնելով Սկանդինավյան երկրներ, որտեղ դեռ ցուրտ էր ու սառույց` գարնան դիցուհին այս երկրի համար եւս խնդրեց գեղեցիկ գույներ, բայց Իրիսը բաժանել էր բոլոր գույները եւ մնացել էին միայն մանուշակագույնի տարբեր երանգներն ու սպիտակը: Այս գույները նրանք շաղ են տալիս թփերի վրա, ու այսպես առաջանում է բոլորի համար շատ սիրելի ու քնքուշ ծաղիկը:
Բայց քչերը գիտեն նրա բուժական նշանակության մասին: Դեռեւս հնում եղրեւանին օգտագործվել է բժշկության մեջ: Որպես բուժամիջոց օգտագործվում են բաց մանուշակագույնից մինչեւ մուգ մանուշակագույն տեսակները: Բուժական նպատակներով չեն օգտագործվում սպիտակ եւ հոտ չունեցող տեսակները: Շատ լավ է այն տեսակը, որն ունի «երջանիկ հնգյակներ»:
Եղրեւանուց պատրաստված պրեպարատներ հատկապես ներքին ընդունման համար նշանակելիս պետք է չմոռանալ նաեւ նրա հակացուցումների մասին: Օրինակ` այն չեն կարող ընդունել կանայք, ովքեր խնդիրներ ունեն դաշտանային ցիկլի խանգարման հետ: Թեկուզ այն երբեմն օգտագործում են երիկամային որոշ բորբոքային հիվանդությունների ժամանակ, սակայն չի կարելի այն ընդունել երիկամային քրոնիկական անբավարարության դեպքում: Չի կարելի գործածել նաեւ փորկապության դեպքում: Եվ պետք է չմոռանալ, որ յասամանի ծաղիկների մեծ քանակությունը թունավոր է. ավելի լավ է օգտագործել բողբոջներն ու տերեւները:
Եղրեւանուց պատրաստված պրեպարատներն ունեն քրտնամուղ, ջերմիջեցնող, հակաբորբոքային, ցավազրկող ու միզամուղ հատկություններ: Ժողովրդական բժշկության մեջ ծաղիկներից ստացված պատրաստուկներն օգտագործում են որպես հակամալարիային, ցավազրկող միջոց: Ծաղիկների թուրմը կիրառում են նաեւ թոքաբորբի, վերին շնչուղիների կատարի դեպքում: Սպիտակ եղրեւանու ծաղիկների թուրմն օգտագործվում է ստամոքսի խոցի, հազի, լեղաքարային հիվանդությունների, իսկ 40 տոկոսանոց ոգեթուրմը` հոդերի աղային կուտակումների դեմ: Ժողովրդական բժշկության մեջ տերեւները մտնում են այն բուսահավաքների կազմի մեջ, որոնցով բուժում են թոքերի տուբերկուլյոզը:
Ծաղկաթուրմը պատրաստելու համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ ծաղիկները 250մլ եռջրի մեջ թողնել 1 ժամ, քամել եւ խմել 30-50մլ`օրը 3-4անգամ` բրոնխիտի դեպքում: Ծաղկաթուրմը կարելի է օգտագործել նաեւ կապույտ հազի եւ երիկամային որոշ հիվանդությունների ժամանակ:
Եղրեւանու ծաղիկներից պատրաստվում է նաեւ ոգեթուրմ, որը շատ լավ կոմպրեսային միջոց է, օրինակ` աղերի կուտակման ժամանակ: Այն շատ օգտակար է կոշտացած կրունկներին: Դրա համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ ծաղիկները 500մլ օղու մեջ պահել 10 օր ու քամել: Կարելի է թանզիֆի կտորը թրջել այս թուրմով ու աղերի կուտակման դեպքում թրջոցներ դնել ցավող մասերին:
Հոդացավերի դեպքում կարելի է ծաղիկները լավ ծեծել, խառնել կարագի հետ ու քսուքի ձեւով օգտագործել՝ քսելով հոդերին:
Իսկ թարմ տերեւները ծեծած վիճակում շատ օգտակար են թարախոտված վերքերին: Կարելի է տերեւները ծեծել, դնել վերքի վրա ու կապել: Այն արագացնում է ապաքինումը:
Միգրենային ցավերի դեպքում օգտագործում են յասամանի հիմքի վրա պատրաստված քսուք: Այն պատրաստվում է հետեւյալ կերպ. յասամանի ծաղիկներից 2 գդալ աղալ ու խառնել 2 ճաշի գդալ սերուցքային կարագի հետ, այնքան, որ ստացվի միատարր զանգված: Հետո ստացված կրեմը քսել քունքերին ու ճակատին:
Ծաղիկներից պատրաստված թուրմով կարելի է ողողել կոկորդը` լարինգիտի ժամանակ: