Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր երկիրն աղքատ է բնական ռեսուրսներով,
եւ աշխարհից ետ չմնալու համար մենք՝ հայերս, ստիպված ենք ավելի շատ
ուղեղներիս զոռ տալ։ Այսինքն, ճանապարհներ գտնել աղքատ ռեսուրսներով
հնարավորինս լավ ապրելու համար։ Այդ ճանապարհներից մեկն էլ զբոսաշրջության
զարգացումն է, որը պաշտոնապես ճանաչվել է մեր տնտեսության զարգացման
գերակա ուղղություններից մեկը։
Գաղտնիք չէ նաեւ, որ մեր երկիրը դեռ շատ հեռու է զբոսաշրջության կենտրոն
համարվելուց, անգամ տարածաշրջանային առումով, եւ այս ուղղությամբ պետք է
լուրջ քայլեր կատարվեն։ Այս ոլորտում առկա հիմնախնդիրներին էր նվիրված
սեպտեմբերի 13-ին Թեքեյան մշակութային կենտրոնում կայացած սեմինարը։ Այն
անցկացվում էր «Միջազգային հարաբերությունների մասին գիտելիքների
ամրապնդում» կոչվող ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է
Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության կողմից։
Կազմակերպիչը նույն այս ծրագրի շրջանակներում ստեղծված «Շրջանավարտների
խորհուրդն» էր։
Դատելով մեզ տրամադրված նյութերի բովանդակությունից, ի սկզբանե սպասում
էինք, որ սեմինարին ներկա կլինեն ոլորտին առնչվող պետական ծառայողներ,
քանի որ այն կազմակերպվում է «… մեր երկրում երիտասարդ պետական
մասնագետների մասնագիտական աճն ու առաջխաղացումը խթանելու համար»։ Ի
զարմանս մեզ, ունկնդիրների գերակշիռ մասն ուսանողներ էին, իսկ պետական
ծառայողներից ներկա էին միայն առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար
Արա Պետրոսյանը եւ նույն նախարարության Զբոսաշրջության բաժնի պետ Մեխակ
Ապրեսյանը։ Նրանք էլ եկել էին ոչ թե իրենց, այլ ուրիշների մասնագիտական
ունակությունները զարգացնելու նպատակով։ Իսկ որ այլ պետծառայողներ չկային,
կարելի է բացատրել այն պարզ պատճառով, որ մեր պետծառայողները այնքան
խելացի ու տեղեկացված են, որ սովորելու կարիք չունեն։ … Ինչեւէ, սա մեր
խնդիրը չէ, թեեւ ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ մեր երկրի
զբոսաշրջության ապագան լուրջ վնաս չկրեց նրանց չժամանելուց։
Ելույթը սկսեց Կովկասում Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի դասախոս,
տնտ. գիտ. թեկնածու Արտակ Մանուկյանը։ Իր ելույթում նա նշեց
զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտող ամենակարեւոր գործոնները։
Մասնավորապես, նշվեց, որ գովազդը թույլ է եւ լավ չի կազմակերպվում,
արտասահմանցիները Հայաստանը համարում են ռիսկային երկիր, տրանսպորտային
համակարգը ունի շատ թերություններ՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով,
մարզերում, որոնք էլ, ըստ էության, պիտի հանդիսանան զբոսաշրջության
կենտրոն, բացակայում են նորմալ հյուրանոցները, դրանք կենտրոնացած են
Երեւանում, պետական աջակցությունը բավարար չէ եւ այլն։
Գուցե սա սուբյեկտիվ կարծիք է, սակայն ավելի հետաքրքիր էր Ա. Պետրոսյանի
խոսքը։ Նա, ինչպես եւ սպասվում էր, փորձեց առկա խնդիրների վերաբերյալ
ավելի լավատեսական մոտեցումներ ցուցաբերել։ Անդրադառնալով պետական
աջակցությանը, պրն Պետրոսյանը նշեց, որ մեր երկրում էլ պետությունն
«աննախադեպ» գումարներ է ներդնում զբոսաշրջության զարգացման գործում,
մասնավորապես նշվեց ճանապարհների վերանորոգումը… Ինչ վերաբերում է
գովազդին, ապա 2000 թվականին հիմնադրված Զբոսաշրջության զարգացման
հայկական գործակալությունն այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ է տանում։
Անդրադառնալով մարզերում հյուրանոցների բացակայության խնդրին, պրն
Պետրոսյանը նշեց. «…իսկ ո՞վ ասաց, որ չկան, մարզերում կան բավական
հարմար գիշերակացի վայրեր, օրինակ, այդ տարածքում ապրող տնատերերն իրենց
տները վարձով տրամադրում են զբոսաշրջիկներին… սա նրանց համար ավելի
հետաքրքիր է…»։ Դատելով նույն տրամաբանությամբ` կարելի է պնդել, որ
ընդհանրապես ճանապարհները վերանորոգել էլ պետք չի, զբոսաշրջիկները կարող
են ման գալ, ասենք, էշերով կամ ձիերով, սա երեւի նրանց համար ավելի հաճելի
կլինի, ավելի էկզոտիկ։ Մանավանդ որ, ինչպես նշեց Ա. Պետրոսյանը, վատ
ճանապարհներն ամենեւին էլ տուրիզմի խոչընդոտ չեն։
Փոխնախարարի կարծիքով, թեեւ առկա են խնդիրներ, սակայն մեր երկրում
զբոսաշրջությունն, այնուամենայնիվ, զարգանում է, ընդ որում, բարձր
տեմպերով։ Այսպես. եթե 2000 թվականին մեր երկիր այցելած զբոսաշրջիկների
թիվը տատանվում էր 50.000-ի սահմաններում, ապա 2001-ին այդ թիվը կազմում է
160.000, իսկ 2005-ին, ըստ կանխատեսումների, կգերազանցի 300.000-ը։
Որպես զբոսաշրջության աճի մասին վկայող փաստ, նշվեց նաեւ հյուրանոցների
քանակը։ Եթե 2000 թվականին ունեինք ընդամենը 3-4 բարձրակարգ հյուրանոց,
ապա այժմ դրանց թիվը հասնում է 25-ի, որոնք միաժամանակ կարող են սպասարկել
4000 հոգու։ Պրն Պետրոսյանը չժխտեց, որ այս ոլորտում նույնպես առկա են
խնդիրներ, մասնավորապես` սպասարկման ոլորտում։ Սպասարկման որակը եւ գները
միմյանց չեն համապատասխանում. «մեզ մոտ մարդկային գործոնը՝ հիմնականում
միջին սպասարկող անձնակազմի զարգացումը զգալիորեն ետ է մնացել
ենթակառուցվածքների զարգացումից»,- նշում է պրն Պետրոսյանը։
Այս հարցում նա նույնպես լավատես է եւ գտնում է, որ ամեն ինչ աստիճանաբար
կկարգավորվի։ Դրան կնպաստի նաեւ զբոսաշրջության մասին նոր ընդունվելիք
օրենքը, որը շատ հարցեր կլուծի։ Մասնավորապես, հյուրանոցատերերն
ինքնուրույն չեն որոշի` քանի աստղ փակցնել իրենց հյուրանոցի վրա, դա կանի
կառավարության կողմից լիազորված համապատասխան կառույցը՝ ելնելով կոնկրետ
չափանիշներից։ Այդ դեպքում, հյուրանոցի` ցանկալի 4 կամ առավել եւս 5
աստղանի կոչվելու համար գործարարը ստիպված կլինի ներդրումներ կատարել,
բարձրացնել ծառայությունների որակը եւ այլն։
Առանձին ուշադրություն դարձվեց օդանավակայանի խնդրին։ Եվ այստեղ պրն
փոխնախարարը մեզ իսկապես զարմացրեց, նշելով որ թեեւ օդանավակայանն ունի
խնդիրներ, սակայն այն պրն Էռնեկյանի կառավարմանը հանձնելը իրոք լավ
գործարք էր, եւ «…մենք պետք է շնորհակալություն հայտնենք մեր
հայրենակցին՝ նման պայմաններում այսպիսի փոփոխություններ իրականացնելու
համար»։ Հետաքրքիր է, օդանավակայանն Էռնեկյանին հանձնելուց հետո, օրինակ`
մեր ընթերցողները, ի՞նչ դրական փոփոխություններ են տեսել։ Թերեւս
զգալիորեն բարելավվել է միայն գումար գանձելու մեխանիզմը (օրինակ`
մեքենաների կայանելու վարձի համար կառուցված արգելապատնեշներն ու
ավտոմատները)։ Իսկ միակ բանը, որը համապատասխանում է միջազգային
չափանիշներին եւ անգամ գերազանցում է դրանք, գներն են։
Իսկ օդանավակայանը երկրի դեմքն է։ Առաջին անգամ երկիր մուտք գործող մարդն
առաջին կարծիքը կազմում է հենց այստեղ։ Իսկ ի՞նչ կարծիք պետք է կազմի
զբոսաշրջիկը՝ հանդիպելով ոչ այնքան քաղաքավարի մաքսային տեսուչներին, տեր
ու տիրականի դեմքով անցուդարձ անող ոստիկաններին եւ իրեն համառորեն իրենց
կողմը քաշել ցանկացող տաքսու վարորդներին։ Էլ չեմ ասում, եթե զբոսաշրջիկը
մի քիչ ուշադիր լինի օդանավակայանում գործող գների եւ դոլարի փոխարժեքի
նկատմամբ, ապա քաղաք հասնելուն պես կհասկանա, որ իրեն «քցել են» հենց
ժամանելուն պես։
Ներկաներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք դա բարոյական է, որ որոշ
ծառայությունների համար արտասահմանցիներից գանձվում է 3-4 անգամ ավելի
գումար, քան տեղացիներից, պրն Պետրոսյանը վստահորեն պնդեց, որ հիմա
այդպիսի բան չկա։ Ու եթե լինի էլ, ողբերգություն չէ, նրանց եկամուտները
թույլ են տալիս, որ ավելի բարձր վճարեն։
Չգիտես ինչու, ոչ ոք չխոսեց երկրի հեղինակության մասին։ Թեեւ ելույթ
ունեցողները բավականությամբ նշեցին, որ զբոսաշրջիկների նկատմամբ կատարվող
հանցագործությունների տեսանկյունից Հայաստանը դասվում ապահով երկրների
շարքին, սակայն, կարծում ենք, արտասահմանում հիացած չեն մեր երկրում
մարդու իրավունքների պաշտպանության մակարդակով։ Ասենք, օրինակ, ո՞ր հայը
կցանկանա ուղեւորվել Հասարակածային Գվինեա, եթե նույնիսկ նրան առաջարկեն
90% զեղչ։ Այն կարծիքը, որը մենք ունենք այդ երկրի մասին, շատ քիչ է
տարբերվում այն կարծիքից, որ օտարերկրացիներն ունեն մեր մասին, եթե,
իհարկե, ընդհանրապես լսել են Հայաստանի մասին։
Եվ, այնուամենայնիվ, մենք լավատես ենք, որ ապագայում Հայաստանն էլ կդառնա
այնպիսի երկիր, որը կգրավի մեծ թվով զբոսաշրջիկներ։ Ընդ որում, ոչ միայն
սփյուռքահայերի։