– Ձեր կարծիքով, ի՞նչ խնդիր լուծվեց Վաշինգտոնում Օբամա-Էրդողան-Սարգսյան հանդիպման արդյունքում:
– Հանդիպման նպատակը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման եւ սահմանի բացման համաձայնության ձեռքբերումն էր: Սա ամբողջ գործընթացի առաջին փուլն է, երկրորդը` ԼՂՀ հարցի լուծումն է: Բայց ի՞նչ տեղի ունեցավ: Թուրքիան պահանջեց, որ մինչեւ արձանագրությունների վավերացումը ԼՂՀ հարցում անպայման որեւէ տեղաշարժ լինի, ինչին ԱՄՆ-ը կողմ չէ: Եվ ճիշտ է այն տպավորությունը, թե ԱՄՆ-ը այս փուլում պահպանում էր հայկական կողմի շահերը: Ճնշումը Թուրքիայի վրա էր, որովհետեւ խնդիրը սահմանի բացումն է, ինչը հող պետք է նախապատրաստի Մադրիդյան սկզբունքների իրագործման համար: Այդ փուլում արդեն ճնշումը կտեղափոխվի հայկական կողմի վրա, որպեսզի վերադարձնի ԼՂՀ հարակից 5 շրջանները: Թուրքիան նպատակ էր դրել, որ Բարաք Օբաման ցեղասպանության մասին չխոսի, որ Ադրբեջանին ցույց տա, թե մնում է նրա դաշնակիցը եւ չի գնա ոչ մի զիջման: Եվ դրան հասավ: Արդյունքում մենք մտանք նոր փուլ, երբ Էրդողան-Օբամա հանդիպման ընթացքում հայտարարվեց, որ հայ-թուրքական հաշտեցման ճանապարհային քարտեզի վերաբերյալ աշխատանքներ սկսելու համաձայնության են եկել: Եվ հրապարակում եղավ, թե ԼՂ հարակից տարածքների վերադարձի հարցը պետք է մտնի այդ քարտեզի մեջ: Օբաման Էրդողանի հետ հանդիպման ժամանակ խոստացավ, որ ամեն ինչ անելու է ԼՂ խնդրի կարգավորումն արագացնելու համար: Ի դեպ, Էրդողանը նույն հանդիպման ժամանակ բարձրացրեց այն հարցը, թե ինչու Իլհամ Ալիեւը չի հրավիրվել Վաշինգտոն` սրանով ընդգծելով հայ-թուրքական գործընթացի եւ ԼՂ խնդրի կարգավորման կապը: Թուրքիան լուծեց այս փուլի իր խնդիրը:
– Ձեր կարծիքով, ի՞նչ նոր պայմաններ կամ կետեր են ավելացել Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակում, որ ՀՀ իշխանությունները չցանկացան այդ տարբերակի մասին խոսել: Մինչդեռ Ադրբեջանը հայտարարեց, թե դրանք ընդունելի են, բացի մի քանի կետերից:
– ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարեց, թե նորացված Մադրիդյան սկզբունքներում նոր բան չկա, ուղղակի ավելացրած են կողմերի առաջարկությունները: Այնտեղ ոչ մի լուրջ փոփոխություն չի կարող լինել: ՀՀ իշխանություններն առաջ են մղում ԼՂՀ անկախության խնդիրը: Իսկ Ադրբեջանի հայտարարությունը, թե իրենք ընդունում են նորացված Մադրիդյան սկզբունքները, դիվանագիտական հնարք է, եւ եթե հայտարարում են, որ որոշ բաներ նրանց համար ընդունելի չեն, դա հենց ԼՂՀ կարգավիճակի հարցն է: ՀՀ արտգործնախարարը պատասխանել է, որ Մադրիդյան սկզբունքները մենք էլ ենք ընդունում որպես բանակցությունների հիմք: Սա դիվանագիտական պայքար է: Եվ ադրբեջանական կողմը, մեղմ ասած, թյուրիմացություն է ստեղծել:
– Մադրիդյան սկզբունքների բացահայտված 6 կետերում ԼՂՀ կարգավիճակը 4-րդ տեղում էր: Առաջինը տարածքների վերադարձն էր: ԼՂՀ կարգավիճակի հարցը առաջին պլան մղելով` ՀՀ իշխանություններն արդյո՞ք անուղղակիորեն չեն մերժում այդ փաստաթուղթը, որքան էլ հայտարարեն, որ դրանք ԼՂՀ հարցում որպես բանակցությունների հիմք են ընդունել:
– Իհարկե, ես ասել եմ, որ դրանք սկզբունքներ չեն, դա պայմանագրի նախագիծ է: Հիմա, երբ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե ԼՂՀ կարգավիճակն է առաջնայինը, Մադրիդյան փաստաթուղթը դառնում է անիմաստ: Մադրիդյան սկզբունքների նպատակը մեկն է. հասնել միջանկյալ լուծման, որի արդյունքում խաղաղարար ուժերը կմտնեն տարածաշրջան:
– Փաստորեն ԼՂՀ կարգավիճակը առաջնահերթ համարելով եւ ՍԴ որոշումը ընդունելով` ՀՀ իշխանություններն անուղղակիորեն մերժե՞լ է Մադրիդյան սկզբունքներն ու հայ-թուրքական արձանագրությունները:
– ՍԴ-ի որոշումը չեզոքացրեց արձանագրությունների թուրքանպաստ կետերը, որոնց համար այդ երկիրը համաձայնել էր փաստաթղթին: Եվ տրամաբանականն այն է, որ ՀՀ-ն դուրս գա հայ-թուրքական գործընթացից, որովհետեւ արձանագրությունների վավերացման ողջամիտ ժամկետն անցել է: Նորն այն է, որ ԼՂՀ կարգավիճակի առաջնահերթության մասին հայկական կողմի հայտարարությունների արդյունքում Մադրիդյանն իր տրամաբանությամբ արդեն չի գործում: Պարզապես հայկական կողմը դիվանագիտորեն ասում է, թե ընդունում ենք որպես հիմք: Կարելի է ասել, որ սա նոր տարր է բանակցություններում:
– Ուրեմն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ի՞նքն է հրաժարվում իր` թե հայ-թուրքական, թե ԼՂՀ խնդիրներում ընդունած նախաձեռնողական քաղաքականությունից:
– Ոչ, այդ երկու գործընթացները Ս.Սարգսյանը չի սկսել: Մադրիդյան սկզբունքներն ընդունվել են 2007թ.: Իսկ հայ-թուրքականի դեպքում դեռ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էին բանակցություններ վարվում: Այնպես որ, այդ երկու գործընթացներն էլ այդ տարիներից են գալիս: Դեռ 2007-ի նոյեմբերին Թուրքիան հայտարարեց, որ եթե Հայաստանի նորընտիր իշխանությունները դիմեն հարաբերությունները բարելավելու առաջարկով, ապա իրենք կգնան դրան:
– Բայց կոչը ուղղված էր նոր իշխանություններին, իսկ Ռ.Քոչարյանն էլ հայտարարեց, թե ինքը Աբդուլլահ Գյուլին չէր հրավիրի Հայաստան:
– Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի տարաձայնությունները միայն տակտիկական քայլերին են վերաբերում: Գործընթացը Ռ.Քոչարյանի տարիներից է եկել: 2008-ի փետրվարի 21-ին Ա.Գյուլը շնորհավորեց Ս.Սարգսյանին եւ հույս հայտնեց, որ վերջինիս պաշտոնավարման ժամանակ հայ-թուրքական հարաբերությունները կբարելավվեն, ապրիլի 21-ին արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարեց, թե «Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում տեսնել խաղաղություն, կայունություն, անվտանգություն եւ բարգավաճում: Իսկ Հայաստանի հետ մեր հարաբերությունները չեն տեղավորվում այս շրջանակում: Մենք ունենք խնդիրներ, եւ դրանց լուծման միակ ուղին երկխոսությունն է»: Եվ միայն հուլիսի 5-ին Ս. Սարգսյանը Գյուլին Հայաստան հրավիրեց: Եթե հետեւենք այս ժամանակագրությանը, կտեսնենք, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացում առաջին քայլը Հայաստանը չի արել: Ֆուտբոլի մասով` գուցե: Նախաձեռնությունը Թուրքիայից է եղել, որի սկիզբը գնում է դեպի անցյալ: Հայ-թուրքականը պարտադրված գործընթաց է, նաեւ շաղկապված է ԼՂՀ հարցի հետ: Հեղինակը ԱՄՆ-ն է, որը լուծումը տեսնում է այսպես` Թուրքիան բացում է սահմանը, ՀՀ-ն վերադարձնում է տարածքները: Այդ ընթացքում Թուրքիան պետք է իրեն մեղմ պահեր ԼՂՀ հարցում: Եվ գործընթացի արդյունքում միջանկյալ լուծում էր գտնվելու, ու տարածաշրջան էին մտնելու խաղաղարար ուժերը: Եթե Թուրքիային հաջողվի իր ներսում` ընդդիմությանը, եւ Ադրբեջանին համոզել, որ առաջին փուլում բացվի սահմանը, եւ դրանով իր ազդեցությունը տարածաշրջանում ու ՀՀ-ում կմեծանա, ապա Թուրքիան կգնա սահմանի բացմանը: Բայց այսօր ստեղծված իրավիճակում նա այդ տարբերակը չունի: Ներսում ընդդիմությունը չի ընդունի, իսկ Ադրբեջանը դա կհամարի Թուրքիայի կողմից դավաճանություն: Իսկ մինչ այդ ՀՀ-ն տարածքները չի հանձնի, որովհետեւ հայտարարել է, թե առաջնային է համարում ԼՂ կարգավիճակի հարցը:
– Բայց ակտիվ բանակցություններ են գնում, եւ գործընթացը սկսած ԱՄՆ-ը ուզում է անպայման արդյունք ստանալ: Դուք եք ասում, որ նա այս փուլում Թուրքիային է ճնշում, հաջորդ փուլում կճնշի Հայաստանին:
– Նման իրավիճակ առաջին անգամ չէ, որ ստեղծվել է: ԱՄՆ-ը նման ծրագրեր ունեցել է, որոնք չեն իրականացել: Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն հայտարարեց, թե նախագահները պատրաստ են լուծման, բայց ժողովուրդները պատրաստ չեն: ԱՄՆ-ինն էր նաեւ 99-ին Մեղրիի տարբերակը, որը նույն կերպ չիրականացավ: Հիմա էլ այդպես կլինի, իհարկե, կճնշի Թուրքիային, իհարկե, կփորձի համոզել Ալիեւին, որ սա ճիշտ է, գլոբալ հարց է լուծվում, հետո ԼՂ հարցը կլուծվի: Նաեւ կճնշի ՀՀ-ին, որ դուրս չգա գործընթացից: Բայց ես այսօր լուծում չեմ տեսնում, որովհետեւ կողմերի դիրքորոշումները իրարից շատ հեռու են: ՀՀ Անվտանգության խորհուրդը սահմանի բացման անհրաժեշտությունը քննարկել է այն ժամանակ, երբ ստորագրված էին արձանագրությունները: Հետո հնչեց, թե կառավարությանը հանձնարարություն է տրվել, որ ուսումնասիրեն հարցը: Պետական որեւէ մարմին պաշտոնական փաստաթղթով ասե՞լ է, որ սահմանի բացումը կբերի այս կամ այն դրական կամ բացասական գործընթացներին: Ոչ: Որովհետեւ դա ոչ թե ներսում հաշվարկված, այլ դրսից պարտադրված գործընթաց է:
– Դուք անընդհատ խոսում եք ԱՄՆ-ի մասին: Բայց չէ՞ որ Մինսկի խմբում ներկայացված է նաեւ Ռուսաստանը, եւ Վաշինգտոնից հետո ՀՀ նախագահը մեկնեց Մոսկվա ու այդ երկու հարցերի շուրջ քննարկում ունեցավ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
– ՌԴ-ն, ի դեմս արտգործնախարար Լավրովի, հայտարարեց, որ ՌԴ-ի մասնակցությունը հայ-թուրքական գործընթացում սահմանափակվում է Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողությանն իրենց մասնակցությամբ: Իսկ վարչապետ Պուտինը բառացիորեն հայտարարեց, որ իրենք ողջունեցին այդ նախաձեռնությունը` սրանով վկայելով, որ այս գործընթացը ՌԴ-ի նախաձեռնությունը չի: Բայց չլինելով այդ նախաձեռնության հեղինակը, ՌԴ-ն չի կարող ձեռնպահ մնալ մի պրոցեսից, որի արդյունքում կարող է նվազել իր ազդեցությունը տարածաշրջանում: