Գնացել է Բաքու

22/04/2010

Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Յուրի Մերզլյակովի հետ միասին Բաքու է ժամանել ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Պոպովը: Նոր համանախագահը Բաքվի օդանավակայանում լրագրողներին ասել է, որ կփորձի իր լուման ներդնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: «Ներկա պահին շարունակվում է ԼՂ հիմնախնդրի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության բանակցային ակտիվ գործընթացը: Համանախագահի պաշտոնում ես կուղղեմ իմ գործունեությունը հակամարտության արագ կարգավորմանը»,- ասել է Պոպովը: Նաեւ հավելել է. «Ռուսաստանի դիրքորոշումն այս հակամարտության շուրջ հայտնի է եւ մնում է անփոփոխ: Գլխավորը՝ չկորցնել բանակցային գործընթացի բարձր ակտիվությունը»: Յուրի Մերզլյակովն էլ ասել է, թե ՄԽ համանախագահի պաշտոնում սա իր վերջին, բայց եւ շատ արդյունավետ այցն է: Հավելենք, որ նախօրեին կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի հին եւ նոր համանախագահների հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության հարցը: