Ղրղըզական սցենարը բացառել չի կարելի,- կարծում է ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը

22/04/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

– Պարոն Դեմիրճյան, ՀԱԿ-ը, որի կազմում է նաեւ ՀԺԿ-ն, հայտարարում է, որ իր հիմնական նպատակներից մեկը իշխանափոխությունն է: Այս առումով ինչ դաս կարող ենք քաղել Ղրղըզստանի դեպքերից:

– Ղրղըզստանի դեպքերից առաջին հերթին պետք է հետեւություններ անեն իշխանությունները: Քանի դեռ մեր երկրում ընտրությունները ընտրությունների նման չեն, քանի դեռ քաղաքական պայքարը իմաստազրկվում է, քանի դեռ երկրում տիրում է ամենաթողությունը, իշխանությունը ապավինում է կեղծիքներին ու բռնություններին, իսկ անարդարություններն ու անօրինականությունները կրում են համատարած բնույթ` բացառել ղրղըզական դեպքերի նման զարգացումները մեր երկրում` չի կարելի: Ի վերջո, ժողովուրդն էլ իր համբերության սահմանը ունի: Ինչ վերաբերում է ընդդդիմությանը, ապա մենք մշտապես եղել ենք խաղաղ պայքարի կողմնակից: Պայքարել ենք սահմանադրական ճանապարհով, ինչը միանշանակ չէր ընկալվում, եւ դա նաեւ ոմանց հնարավորություն էր տալիս զբաղվելու շահարկումներով եւ հանդես գալու իբրեւ «վճռական» կերպարներով: Սակայն այսօր մենք տեսնում ենք, որ շատերը, ովքեր ժամանակին քննադատում էին այդ ճանապարհը, հիմա հաստատում են, որ ճիշտը սա է: Չափազանց կարեւոր է մեր երկրի համար ձեւավորել իշխանափոխության ժողովրդավարական ավանդույթ: Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր երկրում հասնենք փոփոխությունների` առանց մեծ ցնցումների: Ես բազմիցս ասել եմ, որ միջոցները նույնքան կարեւոր են, որքան նպատակները, նաեւ մենք մշտապես նկատի ենք ունեցել Ղարաբաղի հարցը: Սակայն, իշխանությունը, ճիշտ հակառակը, ցույց է տվել, որ պատրաստ է ամեն ինչի, անգամ պատրաստ է հանուն իշխանության թափել սեփական ժողովրդի արյունը:

– Սակայն, փաստ է, որ Հայաստանում ընդդիմության պայքարը դեռեւս իշխանափոխության չի հանգեցրել:

– Միեւնույն է, սա է ճիշտ ճանապարհը, եւ այն ի վերջո արդյունք տալու է, ես համոզված եմ: Փոփոխությունը պետք է պարտադրվի խաղաղ ճանապարհով` հասարակական ճնշման միջոցով:

– Ի վերջո ասելով, նկատի ունեք արտահերթ ընտրությունների անցկացման համար ՀԱԿ-ի կողմից նախանշված մինչեւ սեպտեմբեր ժամկե՞տը:

– Սա այլընտրանքային առաջարկ էր, որը ներկայացվեց Եվրախորհրդին: ՀԱԿ-ը ներկայացրել է իր մոտեցումները: Սակայն պետք չէ ֆիքսվել ժամկետների վրա: Մի բան փաստ է, ինչքան շուտ տեղի ունենան արդար ընտրություններ, ինչքան շուտ վերջ կդրվի ընտրությունները կեղծելու ավանդույթին, այնքան մեր երկիրը կշահի:

– Պարոն Դեմիրճյան, Վաշինգտոնում կայացած հանդիպումներից հետո, Թուրքիայի վարչապետը հայտարարեց, որ եթե հայերը գոնե 2 ազատագրված շրջաններից հանեն զորքերը, կարգավորման գործընթացը կարագանա: Դրան հաջորդեց Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի բացումը այդ 2 պետությունների գործն է, եւ որեւէ մեկը չպետք է միջամտի այդ գործընթացին: Կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի իշխանությունները նպաստավոր առաջարկ են ստացել ամերիկյան իշխանություններից, կամ գուցե որոշակի հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն:

– Նախ ասեմ, որ Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան հանդիպումների մասին որեւէ պաշտոնական տեղեկատվություն չտրվեց, ինչը նորմալ երեւույթ չէ: Նորմալ չէ նաեւ այն, որ գաղտնի է պահվում երկրի ղեկավարի արձակուրդի վայրը: Սակայն մի բան ակնհայտ է, որ այդ հանդիպումներից հետո Թուրքիայի դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն չի նկատվում: Այն, որ նա ասում է, թե գոնե 2 շրջան հանձնեք Ադրբեջանին, դա սկզբունքային փոփոխություն չէ: Իսկ առհասարակ, այս թեմայով կարելի է խոսել այն ժամանակ, երբ հայկական կողմը պաշտոնապես տեղեկատվություն տա:

– Հայաստանի քաղաքական ուժերից ոմանք պահանջում են ետ կանչել ստորագրությունը արձանագրություններից, ոմանք էլ պնդում են, որ Հայաստանը չպետք է սպասի Թուրքիային եւ առաջինը պետք է վավերացնի դրանք: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը:

– Եթե Հայաստանը առաջինը վավերացնի այդ արձանագրությունները, դրանից Թուրքիայի դիրքորոշումը փոխվելո՞ւ է, իհարկե` ոչ: Այսինքն, այդ քայլը ես համարում եմ անիմաստ: Ինչ վերաբերում է ստորագրությունները հետ կանչելուն, ապա այս տարբերակը եւս ես ռեալ չեմ համարում: Այն էլ վաշինգտոնյան հանդիպումից հետո` դա նշանակում է՝ մարտահրավեր նետել միջազգային հանրությանը: Ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը նման քայլի չի գնա:

– Ինչպե՞ս եք վերաբերվում նորացված Մադրիդյան սկզբունքները բանակցային գործընթացում հիմք ընդունելուն: Չե՞ք կարծում, որ մեզ հայտնի մի քանի դրույթներ ուղղակիորեն բխում են Ադրբեջանի շահերից:

– Մադրիդյան նորացված սկզբունքները միանշանակ ընդունելի չեն: Իհարկե, մենք դրանք չենք տեսել, սակայն այն ինֆորմացիան, որը մենք ունենք, հիմք է տալիս ասելու, որ խոսքը գնում է կապիտուլյացիայի մասին: Այսինքն՝ այն, ըստ էության, նշանակում է տարածքների զիջում` ոչ մի բանի դիմաց, անորոշ ռեֆերենդումի հեռանկարով: Ակնհայտ է, որ այսօր Ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ ճնշումները ուժեղանում են, եւ բավականին դժվար իրավիճակ է ստեղծվել այս առումով: Հայաստանը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած: Այս մարտահրավերներին դիմակայելու համար նախ պետք է լուծել ներքին խնդիրները, կոնսոլիդացնել հասարակությանը: Ա՛յ սրա մասին պետք է մտածի իշխանությունը եւ համապատասխան քայլեր ձեռնարկի: Այն է` ազատի քաղբանտարկյալներին, երկրի ներսում տարրական կարգ ու կանոն հաստատի ու վերջ տա անպատժելիությանը: Ի վերջո պետք է անցկացնել նոր, ազատ, արդար ընտրություններ: Սա պետք է թե արտաքին մարտահրավերներին դիմակայելու եւ թե այն բանի համար, որ խուսափենք ղրղըզական տարբերակից: