Կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է տնտեսական ցուցանիշներին, հատկապես՝ Հայաստանում։
2008թ. վերջին, երբ ճգնաժամը սկսել էր ավերածություններ գործել աշխարհում, Հայաստանի պաշտոնյաները կանխատեսում էին, որ հաջորդ տարի կարձանագրվի 9% տնտեսական աճ։ Հետո սկսեցին կամաց-կամաց ավելի հոռետես դառնալ՝ կանխատեսվող աճը դարձավ 5%, հետո՝ զրոյական։ Իսկ ավելի ուշ՝ արդեն սկսեցին անկում կանխատեսել՝ սկզբում՝ 2%, հետո` 7, ավելի ուշ՝ 15-17%։ Անցած տարեվերջից կանխատեսումները շարունակվեցին, բայց արդեն՝ հակառակ երանգներով։ 2010թ. համար կանխատեսվեց 1.5% աճ, սակայն հունվարին արձանագրվեց 2 տոկոս աճ, հունվար-փետրվարին՝ 3%-ից ավելի։ Իսկ հունվար-մարտի թվերը պարզապես հիացնող են՝ 5.5% աճ։
Պետական պաշտոնյաները կամ դեռ չեն հասցրել այս մասին խոսել, կամ էլ որոշել են համեստություն անել եւ բազմիմաստ լռել։ Ասել է թե՝ տեսնո՞ւմ եք՝ կանխատեսվածից ավելի մեծ տնտեսական աճ ունենք։ Սակայն նրանց փոխարեն սկսել են խոսել ուրիշները։
«Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով անվանական ՀՆԱ-ի 5.5% աճը, բնականաբար, լավ ցուցանիշ է: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ ճգնաժամի բացասական հետեւանքները հետզհետե նահանջում են»,- ըստ panorama.am-ի՝ ասել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Կառլեն Խաչատրյանը: Ընթերցողների լայն շրջանակին ոչ այնքան ծանոթ մեկ այլ տնտեսագետ՝ Արման Գաբրիելյանը, ավելի զգացմունքային է գտնվել։
«Առաջին եռամսյակի ընթացքում ՀՆԱ-ի 5.5 տոկոս աճի ցուցանիշը միարժեքորեն փաստում է, որ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը արդյունավետ ուղով է ընթանում, եւ առկա միտումների պահպանման դեպքում եկամուտների նախաճգնաժամային մակարդակը կվերականգնվի շատ ավելի շուտ, քան սպասվում էր»,- ասել է նա։
Ինչպես ասում են՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ մոտեցում է։ Անգամ կառավարությունը խուսափում է իր «հակաճգնաժամային» կոչված քաղաքականության արդյունքների մասին այդքան ոգեւորված խոսելուց։ Ընդ որում, թե՛ նրանք, թե՛ միջազգային ֆինանսական կառույցները նշում են, որ մեր տնտեսության վիճակը կախված է առաջին հերթին միջազգային զարգացումներից։ Եթե Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի տնտեսությունը ոտքի կանգնի, մեր տնտեսությունն էլ կաշխուժանա, հակառակ դեպքում՝ ոչ մի «հակաճգնաժամային» չի օգնի։
Հետաքրքիրն այն է, որ երկու տնտեսագետներն էլ առանձնահատուկ ուշադրություն են դարձրել արտաքին ապրանքաշրջանառության ցուցանիշի վրա՝ կարեւորելով արտահանման 60%-անոց աճը։ Թե ինչի հաշվին է արձանագրվել այդ աճը, բնեղեն արտահայտությամբ ինչպես են փոխվել ծավալները, փոխարժեքն ինչ ազդեցություն է ունեցել այս ցուցանիշի վրա՝ ոչ մի խոսք։
Իշխանության քաղաքականությունը գովերգող տնտեսագետները վերջին շրջանում սիրում են ուշադրության արժանացնել նաեւ արդյունաբերության տեսակարար կշռի մեծացումը համախառն ներքին արդյունքի կառուցվածքում, եւ շինարարության ծավալների փոքրացումը։ Քիչ է մնում հավատանք, որ կառավարության գործադրած գերագույն ջանքերի գնով է շինարարությունը իր տեղը զիջում արդյունաբերությանը։ Սակայն նման բան չկա։ Նախ՝ այսօրվա պաշտոնյաները իշխանության մեջ են եղել նաեւ այն տարիներին, երբ շինարարության շնորհիվ երկնիշ աճ էր արձանագրվում։ Այն ժամանակ նրանցից ոչ մեկը, որքան հիշում ենք, չէր ասում, որ լավ չէ տնտեսությունը շինարարական փուչիկի վրա կառուցելը։ Հետո եկավ ճգնաժամը, եւ փուչիկը պայթեց՝ շինարարությունը գրեթե կիսով չափ կրճատվեց։ Այսինքն, ամեն ինչ տեղի ունեցավ իշխանությունների կամքից անկախ։ Սակայն, ի պատիվ իրենց՝ մեր պաշտոնյաները չեն հանձնվում եւ փորձում են բացասական երեւույթը (շինարարության բացարձակ ծավալների անկումը) ներկայացնել որպես դրական միտում՝ ՀՆԱ կառուցվածքի փոփոխություն։ Ամենազավեշտալին այն է, որ երբ փորձում ես ի մի բերել «հակաճգնաժամային քաղաքականությունը», առաջին պլանում են հայտնվում հենց այդ «անցանկալի ոլորտի»՝ շինարարության աշխուժացմանն ուղղված քայլերը։ Դրանց թվին կարելի է դասել, օրինակ, խոշոր կառուցապատողներին տրված վարկային երաշխիքները, լայնածավալ պետական ծրագրերը շինարարության ոլորտում, հիպոթեքային ընկերության գործարկումը, երիտասարդ ընտանիքների հիպոթեքային վարկավորման ծրագրերը։
Մակրոտնտեսական ցուցանիշների հակասություններից մեկն էլ այն էր, որ 5.5% տնտեսական աճի ֆոնին՝ հանրապետությունում գործազրկության մակարդակն աճել է 7.2%-ով։
Իսկ ամենազավեշտալին մանրածախ առեւտրաշրջանառության ցուցանիշներն են, ինչին մեր գործընկերները արդեն հասցրել են անդրադառնալ։ ՀՆԱ-ի 5.5% աճի, ներմուծման ծավալների 23.1% աճի, միջին ամսական աշխատավարձի 5.6% աճի պայմաններում մանրածախ առեւտրաշրջանառության ծավալներն ըստ էության չեն փոխվել՝ ընդամենը 1% աճ։ Սակայն այս փաստը առավել զավեշտալի է դառնում, երբ այն դիտարկում ենք ժամանակի մեջ։ Մանրածախ առեւտրի ծավալները փոփոխություն չեն կրում արդեն մեկ տարի շարունակ։ Անգամ ճգնաժամի պիկին՝ երբ գրանցվեց ՀՆԱ-ի 16% անկում, մանրածախ առեւտրի ցուցանիշը մնաց անփոփոխ։ Հայրենի իշխանությունները դրա համար փայլուն բացատրություն գտան՝ այս դաշտում ստվերը կրճատվել է 16%-ով։ Նույն տրամաբանությամբ՝ կարելի է ասել, որ ստվերից դուրս եկած շրջանառության մի մասը՝ 5.5%-ը, այսօր նորից վերադարձել է իր նախկին տեղը։
Ամեն դեպքում, պետք չէ մոռանալ, որ գործ ունենք պաշտոնական ցուցանիշների հետ, որոնք, մեղմ ասած, այնքան էլ ճշգրիտ չեն արտացոլում տնտեսության իրական պատկերը։ Ու թերեւս հենց այդ է պատճառը, որ հայաստանցիները ոչ երկնիշ աճից էին ոգեւորվում, ոչ էլ երկնիշ անկումից ընկնում դեպրեսիայի մեջ։ Թվերը պետք են միայն իշխանություններին, ընդդիմությանը, միջազգային ֆինանսական կառույցներին եւ մասամբ էլ՝ լրագրողներին։ Իսկ հասարակությունն ապրում է լրիվ ուրիշ՝ իրական կյանքում։ Միակ մխիթարությունն այն է, որ թեկուզ զուտ թվանկարչական տեսանկյունից այնքան էլ ետ չենք մնա ղրղըզներից կամ տաջիկներից։ Ի վերջո, մենք ավելի շատ այդ համեմատությունից էինք նեղվում, քան սոցիալ-տնտեսական իրավիճակի իրական վատթարացումից։