Ինչպես հայտնի է, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը ունեցած մոտ 1 միլիարդ դրամ պարտքի պատճառով, «Նաիրիտ քիմիական գործարանը» ներկայումս պարապուրդի է մատնված: Խորհրդային տարիներին տարեկան մինչեւ 100 հազար տոննա արտադրանք թողարկող գործարանը վերջին տարիներին առավելագույնը 5 հազար տոննա կաուչուկ է արտադրում: Այդ պատճառով էլ գործարանը աշխատում է վնասով եւ չի կարողանում վճարել անգամ օգտագործած գազի եւ հոսանքի դիմաց: Պարզվում է, որ այսքանով հանդերձ` Հայաստանի քիմիական հսկա գործարանում բառի բուն իմաստով պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել: Բանն այն է, որ կաուչուկի մշակման ժամանակ արտադրվում է նաեւ մեկ այլ քիմիական նյութ` լաք-էթինոլ, որը ժամանակին արտահանվել է Ռուսաստան:
Այժմ, գնորդ չլինելու պատճառով, լաք-էթինոլը մնացել է պահեստավորված: Նշենք, որ այն երկարատեւ չգործածելու հետեւանքով կարող է ինքնաայրվել` մեծ վնաս պատճառելով թե շրջակա միջավայրին, թե մարդկանց առողջությանը: Գործարանում նման իրավիճակ է ստեղծվել ղեկավարությանն անտարբերության, անպատասխանատու վերաբերմունքի եւ անառողջ մթնոլորտի պատճառով: Այսպես հավաստացնում է «Նաիրիտի» ավագ գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Իշխան Աղաջանյանը: Դեռեւս 2006 թվականին Ի. Աղաջանյանը գործարանի ղեկավարությանը առաջարկել է մի տարբերակ, որն իրագործելու դեպքում կլուծվեր վնասակար թափոններից ազատվելու խնդիրը: Գիտաշխատողն առաջարկել է այդ թափոններից ստանալ ներկեր, որոնք հնարավոր կլիներ օգտագործել թե «Նաիրիտում» եւ թե գործարանից դուրս: 1 տարի անց, այդ առաջարկի հիման վրա ստացվել է 600 կգ ներկ` փորձարարական աշխատանքներ իրականացնելու եւ հետագայում ներկերի արտադրություն կազմակերպելու նպատակով: Ի. Աղաջանյանի հավաստմամբ, փորձարարական աշխատանքները չեն իրականացվել` հսկողության բացակայության եւ անպատասխանատու վերաբերմունքի պատճառով: Տարիներ անց, արդեն 2009 թվականին, երբ նոր գլխավոր տնօրենը տեղեկացվել է այդ աշխատանքների մասին, նրան ներկայացվել է զեկուցագիր` իբրեւ թե այդ ներկը փորձարկվել է արտադրամասերում: Գիտաշխատողը պնդում է, որ այն իրականությանը չի համապատասխանում, ոչ մի փորձարկում էլ չի կատարվել, եւ այդքան կարեւոր աշխատանքը պարզապես անուշադրության է մատնվել:
Ի. Աղաջանյանը ասում է, որ կեղծ զեկուցագրի մասին ինքն իմացել է պատահմամբ, քանի որ եղել է հարկադիր պարապուրդում: «Ես պարապուրդում էի, որովհետեւ յուրայինների շարքում չէի: Իսկ առաջնակարգ մասնագիտական դպրոցը, գիտական կոչումը, գործարանի համար օգտակար, պրակտիկ բնույթի աշխատանքները քոռ կոպեկի արժեք չունեն: Այստեղ կարեւորը կրթությունն ու լավ աշխատանքը չէ, այլ` ծանոթ-բարեկամը»: Գիտաշխատողը 2 զեկուցագիր է գրել գլխավոր տնօրենին այն մասին, որ գործարանում ոչ մի փորձարկում չի կատարվել, սակայն դրանք մնացել են անպատասխան: Հարկադիր պարապուրդից վերադառնալուց հետո` գլխավոր տնօրենը Ի. Աղաջանյանին հանձնարարական է տվել` էթինոլի հիմքի վրա 25-30 կիլոգրամ ներկ ստանալու եւ նոր փորձարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ: «Հանձնարարականը ստանալուց 2 օր հետո գործուղումից վերադարձավ գիտական կենտրոնի ղեկավար Էմիլ Ոսկանյանը եւ խստորեն կարգադրեց ինքնակամ հրաժարվել հանձնարարականից, այլապես ինձ կհեռացնի աշխատանքից»,- պատմում է մեր զրուցակիցը: Երբ գործարանի արտադրական հարցերով տնօրենը փորձում է պարզել, թե ինչու է ձգձգվում հանձնարարականը, մեղավորին պատժելու եւ խնդրին լուծում տալու փոխարեն, լեզու է գտնում Է. Ոսկանյանի հետ եւ միասին, Ի. Աղաջանյանի ներկայությամբ, որոշում են գլխավոր տնօրենին ասել, իբրեւ հանձնարարությունը ի վիճակի չեն կատարել: Միայն այն բանից հետո, երբ գիտաշխատողը սպառնացել է, թե կբողոքի ընդհուպ մինչեւ հանրապետության նախագահին, նրանք տեղի են տվել:
Այս տարի եւս, գործարանի արտադրական բաժնի տնօրենը ձեւականորեն հանձնարարական է տվել` 10 կիլոգրամ ներկի ստացման վերաբերյալ, սակայն, մինչ այսօր անհրաժեշտ նյութերը չեն տրամադրվել գիտաշխատողին: Եվ սա՝ այն դեպքում, երբ գործարանում պահեստավորված 1000 տոննայից ավելի էթինոլը ցանկացած պահի կարող է բռնկվել ու լուրջ վտանգի պատճառ դառնալ, իսկ գիտաշխատողի կողմից առաջարկվող լուծումը ոչ միայն կկանխի այդ վտանգը, այլ նաեւ կարող է լրացուցիչ եկամտի աղբյուր դառնալ: «Նաիրիտում», շունը տիրոջը չի ճանաչում: Աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: Գործարանում շրջում է 37 թվականի ուրվականը, երբ մի տարրական ճշմարտություն ասելը դիտվում է որպես հերոսություն»,- ասում է նա: Տեսնելով, որ գործարանի ղեկավարության վրա հույս դնելն անիմաստ է, Ի. Աղաջանյանը այս տարվա փետրվարին, իր միջոցների հաշվին, ստացել է 12 կգ ներկի նոր փորձանմուշ, որը հանձնաժողովը փորձարկել է այս տարվա մարտի 1-ին: «Փորձարարական հանձնաժողովի նախագահն իր ակնհայտ բացասական պահվածքով ամեն կերպ փորձում է խոչընդոտել, որպեսզի հանձնաժողովի մյուս մասնակիցները դրական եզրակացություն չտան: Մինչդեռ, արտադրված ներկը առաջին հերթին պետք է օգտագործվեր գործարանի խողովակաշարերն ու սարքավորումները ներկելու եւ կոռոզիայից պաշտպանելու համար: Այդ աշխատանքը հենց իրենք էլ պետք է կատարեին, որն, ինչպես իրենք են համարում, լրացուցիչ բեռ է: Մինչեւ հիմա այդ հարցը անորոշ վիճակում է, երբ կա գործարանի հոգսերը թեթեւացնելու չօգտագործված հնարավորություն»,- վրդովված պատմում էր գործարանի ավագ գիտաշխատողը:
Ի. Աղաջանյանը քլորոպրենային կաուչուկի ստացմանը վերաբերող եւս մի գյուտ է ներկայացրել փորձարկման, սակայն, արդեն 1 տարի է, ոչ մի պատասխան չի ստացել. «Այդ աշխատանքն էլ կատարելու համար նյութական ոչ մի աջակցություն գործարանից չեմ ստացել: Ամեն ինչ արել եմ իմ միջոցներով: Ստեղծել եմ լաբորատորիա: Բայց չէ՞ որ «Նաիրիտում» միլիոններ են պտտվում: Իրենք ոչինչ չեն կարողանում անել, մասնագետներին էլ զրկում են աշխատելու տարրական հնարավորությունից: Սա գործարանի անպատասխանատու աշխատանքի ընդամենը 2 օրինակ է, բայց նման օրինակները բազմաթիվ են»:
Պարոն Աղաջանյանին վրդովեցրել էր նաեւ այն, որ գիտությունների թեկնածուն եւ մեծ կարողություններ ունեցող մասնագետը գործարանում ստանում է ընդամենը 85 հազար դրամ աշխատավարձ, իսկ ավելի քան 12 փոխտնօրեններից յուրաքանչյուրը` 3-4 միլիոն դրամ:
Ըստ գիտաշխատողի, իր ներկայացրած գյուտերի հանդեպ անտարբերության պատճառն այն է, որ գործարանի ղեկավարությունն այնքան անարդար բաներ է արել ու այնքան շատ գաղտնիք ունի, որ պարզապես, ինքնապաշտպանական բնազդից ելնելով` չի ցանկանում, որ որեւէ մեկը մտնի իրենց գործերի մեջ: «Կարծես ապրում ենք ոչ թե պետության մեջ, այլ անկազմակերպ մի տերիտորիայում, ուր իշխում է բռնությունն ու կամայականությունը: Իսկ «Նաիրիտը» մեր պետության հայելային արտացոլումն է` իմիտացիա, կոռուպցիա եւ բարձիթողի վիճակ»,- ասում է գործարանի աշխատակիցը: