Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ մեկնարկեց «Armenia
EXSPO-2005» հինգերորդ տարածաշրջանային առեւտրա-արդյունաբերական
միջազգային էքսպո-ֆորումը: Այն իր մեջ ներառում է մի շարք միջոցառումներ՝
6 զուգահեռաբար անցկացվող միջազգային, մասնագիտացված ցուցահանդեսներ,
հայ-ռուսական բիզնես-հանդիպում «Համագործակցություն-2005» խորագրով, ԱՄՆ-ի
եւ Չինաստանի բիզնեսի օրեր եւ «Բարձր որակ» մրցույթ: Առեւտրի եւ տնտեսական
զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը ցուցահանդեսի պաշտոնական բացման
արարողության ժամանակ գոհունակություն հայտնեց: Ցուցահանդեսին մասնակցում
էին 162 տեղական եւ 20 օտարերկրյա արդյունաբերական, առեւտրային
կազմակերպություններ, ընկերություններ եւ ասոցիացիաներ: Բացի Հայաստանից
եւ ԼՂՀ-ից, մասնակցում էին Ռուսաստանը, Վրաստանը, Իտալիան, Ճապոնիան, Մեծ
Բրիտանիան, Միջին Ասիան, Չինաստանը, Իրանը, Թուրքիան, Ինդոնեզիան,
Հնդկաստանը եւ այլ երկրներ: Տաղավարներում իրենց արտադրանքը ներկայացնող
մասնակիցներից շատերը ցուցահանդեսին իրենց մասնակցությունը կարեւորում էին
այն առումով, որ «Armenia EXSPO-2005»-ն եզակի հնարավորություն է
արտադրանքը ներկայացնելու համար: Ոմանք էլ իրենց դժգոհությունն
արտահայտեցին կազմակերպչական թույլ աշխատանքի համար՝ ասելով, որ
ցուցահանդեսի գովազդային արշավը լավ կազմակերպված չէ: «Նոր տուն»
ընկերությունը ներկայացնում էր սանտեխնիկական ապրանքներ, լամինատե
հատակներ, ջահեր, որոնք ներկրվում են մի շարք երկրներից: Ընկերության
փոխտնօրեն Արմեն Ոսկանյանն ասաց, որ նախորդ ցուցահանդեսներին մասնակցելիս
նոր գործընկերներ են ձեռք բերել. «Ցուցահանդեսը լավ է կազմակերպված, բայց
այն գովազդային արշավը, որը կարելի էր անել նման ռազմավարական
նշանակության ցուցահանդեսի համար, չի արվել»,- ասաց նա: Ցուցահանդեսի մեկ
այլ մասնակից՝ «Շեն-կոնցեռնը» արտադրում է սալիկի սոսինձ, ծեփամածիկ,
սվաղ, մանրահատակի լաք, ալկիդային էմալ, գունանյութ եւ այլ պարագաներ,
որոնք ներկայացված էին ցուցահանդեսում: Ինչպես նշեց Մարքետինգի եւ գովազդի
բաժնի տնօրենի տեղակալ Արեգ Հասրաթյանը՝ արտադրանքի տեսականու տեսքը
փոխվել է, եւ նոր դիզայնը ներկայացնելու լավագույն միջոցը ցուցադրելն է:
«Logos Expo» կենտրոնի կազմակերպած նախորդ ցուցահանդեսի շնորհիվ
«Շեն-կոնցեռնը» ներկայումս համագործակցում է Վրաստանի հետ եւ այնտեղ
ներկայացուցչություն ունի: