«168 Ժամ» թերթում տպագրված «Հիվանդներին էքսպերիմենտի են ենթարկում» հրապարակմանն արձագանքել է ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանը: Պատասխան նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հայտնում եմ, որ «168 Ժամ» թերթի 13-14.04.2010թ., թիվ 36 համարում տպագրված «Հիվանդներին էքսպերիմենտի են ենթարկում» հոդվածի վերաբերյալ ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ C17H20N4S ֆորմուլայով ատիպիկ նեյրոլեպտիկ «Օլանզապին» դեղը արտադրվում է բազմաթիվ դեղագործական կազմակերպությունների կողմից տարբեր առեւտրային անվանումներով` Միդաքս, Զիպրեքսա, Օլիվին, Օլենազ, Օզապին, Մելտոլան, Փսիխոլանզ, Պիֆոլ, Լանոպին, Ջոյզոլ, Օլան եւ այլն: «Մելտոլան 5մգ» դեղը դրանցից մեկն է, արտադրվում է «Alkem Laboratories (Pentacare)» ՍՊԸ կողմից, քիմիական ակտիվ նյութը`օլանզապին, դեղաչափը` 5 մգ: Հայաստանի Հանրապետությունում գրանցված է Միացյալ Թագավորության «Էլի-Լիլի եւ Քոմպանի Լտդ» դեղագործական ընկերության կողմից արտադրված «Օլանզապին (Զիպրեքսա) 5մգ եւ 10մգ» դեղը, որը ՀՀ Առողջապահության նախարարությունը պետության կողմից կենտրոնացված կարգով գնում եւ պարբերաբար հատկացնում է հոգեկան հիվանդներին: 2009թ. հոկտեմբերին ՀՀ Առողջապահության նախարարությունը, որպես մարդասիրական օգնություն, Միացյալ Հայկական Հիմնադրամի կողմից ստացել է «Օլանզապին (Մելտոլան) 5մգ» դեղը: Նշված դեղը ՀՀ Առողջապահության նախարարության «Դեղերի եւ Բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի «Էքսլաբ-փորձագիտական անալիտիկ լաբորատորիայի» կողմից ենթարկվել է լաբորատոր փորձաքննության եւ ըստ ներկայացված եզրակացության՝ համապատասխանում է ՉՏՓ-ի (Չափորոշիչ Տեխնիկական Փաստաթուղթ) պահանջներին: Ինչպես նաեւ ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, ՀՀ ԱՆ հոգեբուժական բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն Ս. Թորոսյանի ներկայացրած եզրակացությամբ «Օլանզապին (Մելտոլան) 5մգ» դեղն ունի անհրաժեշտ թերապեւտիկ ազդեցություն եւ իր արդյունավետությամբ չի զիջում «Էլի-Լիլի եւ Քոմպանի Լտդ» դեղագործական ընկերության կողմից արտադրված «Օլանզապին (Զիպրեքսա) 5մգ եւ 10մգ» դեղին: Գլխավոր հոգեբույժը նշում է, որ «Մելտոլան-5մգ» դեղը նշանակող եւ տրամադրող բժիշկների կողմից հիվանդների վիճակի սրացման կամ ցածր էֆեկտիվության ահազանգեր չեն եղել: Կլինիկայի եւ ՀԲԿ ղեկավարությունը ոչ բժիշկներից, եւ ոչ էլ հիվանդներից կամ նրանց հարազատներից բողոքներ չի ստացել: Ընդհանրապես, ոչ միայն հոգեկան խանգարումներ ունեցող, այլեւ բոլոր տեսակի քրոնիկական հիվանություններով տառապող անձանց բուժման ընթացքում երկարատեւ ընդունվող դեղերի անվանման փոփոխությունը որոշ հիվանդների մոտ երբեմն առաջացնում է անվստահություն, ինչը անխուսափելի է»:
«168 Ժամ» – Առողջապահության նախարարության պատասխան այս նամակում «Մելտոլան-5» պրեպարատի վերաբերյալ տեղ գտած տեղեկատվությունը վաղուց հրապարակվել էր մեր թերթի էջերում: Սակայն նշենք, որ ինչպես հոգեկան հիվանդություն ունեցող քաղաքացիների հարազատները, այնպես էլ` նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչները համապատասխան մասնագետներին բազմիցս են ահազանգել այս դեղորայքի ընդունումից հետո հիվանդության սրացումների մասին: Խմբագրություն դիմած հոգեկան հիվանդների հարազատներից շատերը մեզ հետ զրույցում ասացին, որ բազմիցս զանգահարել են նաեւ ՀՀ Առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությանը` փորձելով անձամբ նախարարին տեղյակ պահել այս խնդրի մասին: Այնպես որ, մարդասիրական օգնության ճանապարհով Հայաստան մուտք գործած դեղորայքի շուրջ ստեղծված աղմուկի մասին եւ նախարարությունում, եւ հոգեբուժական դիսպանսերում լավատեղյակ են: