«Ընտրեք երկրի նախագահին»

22/04/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Շենգավիթ վարչական շրջանի ինչպես բազմաբնակարան շենքերի, այնպես էլ` մետրոյի «Գարեգին Նժդեհ» հրապարակի գետնանցումի պատերին դեռեւս փակցված են 2008թ. ՀՀ նախագահական եւ Երեւան քաղաքի ավագանու անդամների ընտրությունների նախընտրական պաստառները:

Շենգավիթ համայնքի բնակիչները զանգահարելով խմբագրություն` իրենց դժգոհությունն են հայտնում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանի գործունեությունից: Մասնավորապես մատնանշելով «Գարեգին Նժդեհ» հրապարակի մերձակայքում տիրող իրավիճակը` վերջիններս պահանջում են ապահովել սանիտարական պատշաճ իրավիճակ. «Գնացե՛ք, տեսե՛ք, թե ինչ է կատարվում: Գետնանցումը ոնց որ արեւելյան բազար լինի: Մետրո հասնելու համար պիտի աղբանոցի միջով անցնես: Բայց չէ՞ որ համայնքից գանձվող եկամուտների հաշվին թաղապետարանը պարտավոր է կարգի բերել համայնքի վարչական տարածքը»: Դեռ երկու շաբաթ առաջ էլ Շենգավիթի բնակիչներն ահազանգել էին համայնքի արտաքին լուսավորության խնդրով: Պարզվում է` համայնքում գիշերը փողոցային լուսավորությունն ապահովելուց հետո պատասխանատուները մոռացել էին լուսաբացին անջատել էլեկտրամատակարարումը: Բնակիչներն ասում էին, որ գիշերվանից մինչեւ ժամը ցերեկվա 15:00-ն Շենգավիթ համայնքի որոշ թաղամասերում մայթերի լուսավորության ցանցը անջատված չի եղել: «Փաստորեն անփույթ աշխատակիցների պատճառով էս սուղ պայմաններում կարելի է համայնքի փողերը քամուն տալ»,- դժգոհում էին բնակիչները: Ինչեւէ, արձագանքելով բնակիչների դժգոհություններին՝ երեկ մենք շրջեցինք «Գարեգին Նժդեհ» հրապարակի գետնանցումների հարակից տարածքներում: Նախ՝ ամբողջ տարածքն իսկապես «զավթել» են առեւտրականները, որոնց առաջարկած ապրանքատեսակները հաճախ հայտնվում են անցորդների ոտքերի տակ: Օրինակ` ծաղիկ վաճառողները տաղավարներով չբավարարվելով՝ ծաղկեփնջերը տեղադրում են նույնիսկ հետիոտնի համար նախատեսված աստիճանների վրա: Այսինքն` փողոցային առեւտրի դեմ պայքարը քաղաքի պատասխանատուների մոտ «արդյունք» է տվել. առեւտուրը փողոցից տեղափոխվել է մետրոյի գետնանցում, որտեղից կարելի է կոշիկ, գրենական պիտույքներ, դպրոցական հագուստ, օծանելիք եւ այլ պարագաներ գնել: Ամենաուշագրավը թերեւս գետնանցումի պատերին փակցված 2008-2009-ից մնացած նախընտրական պաստառներն են: «Նկարե՛ք, նկարե՛ք, թող խայտառակ լինեն էս վա՛յ պաշտոնյաները: Փողերը հավաքելիս վազում են, բայց ծախսելուց տնտեսում են: Ամբողջ օրը եթերից մաքուր քաղաքի մասին սիրուն խոսքեր են ասում: Ժողովրդին են ասում, թե աղբը գետին են գցում, փոխարենն աղբամանը նետեն: Էս էլ հո իրանց շնորհքն ա: Գոնե թող մաքրությունից չխոսան, թող եթերից չասեն` քաղաքի մաքրման աշխատանքների համար էսքան փող ա հատկացվել»,- նկատեց մետրոյի ուղեւորներից մեկը` հեգնելով, որ ճիշտ կլինի այդ պաստառները չմաքրել, քանի որ հաջորդ ընտրություններին, միեւնույն է` «նույն դեմքերին են պատին կպցնելու»: Երեկ մենք զանգահարեցինք Շենգավիթի վարչական շրջանի պատասխանատուներին: Կոմունալ բաժնից տեղեկացրին, որ այդ աշխատանքներով զբաղվում է գովազդի բաժինը: Գովազդի բաժնի պատասխանատու Աննա Ղազարյանը, մեր հարցին, թե ինչո՞ւ 2 տարվա պատմություն ունեցող նախընտրական պաստառները չեն մաքրվել` պատասխանեց. «Ճիշտն ասած` թաղապետարանը բյուջե չունի: Այսինքն` այդ աշխատանքների համար նախատեսված գումարները քաղաքապետարանից դեռեւս չեն փոխանցվել: Մաքրման աշխատանքների համար մեծ ծախսեր են պահանջվում, քանի որ դա արվում է հատուկ տեխնիկայով, մեքենաներով եւ հետո՝ աշխատողներ են անհրաժեշտ: Մինչեւ ապրիլ ամսվա վերջ մենք անպայման մաքրման աշխատանքները կիրականացնենք, որովհետեւ քաղաքապետարանից այդ գումարները շուտով փոխանցվելու են»: «Գարեգին Նժդեհ» հրապարակի գետնանցումի մուտքի մոտ օրերս հայտնվել է` «Այստեղ կարող է լինել ձեր գովազդը» մի հսկայական ստենդ, որի ներքեւի հատվածում առկա են նաեւ հետեւյալ ծառայությունների պաստառները. «Գրամով օծանելիք», «Աշխատանքի տեղավորման գործակալություն», «Նարգիլա», «Մաֆ կլուբ», «Վաճառում եմ բնակարան…», «Բջջային հեռախոսներ եւ աքսեսուարներ», «Ընտրեք երկրի նախագահին» եւ այլն: Ա. Ղազարյանը նաեւ ասաց, որ իրենք տեղյակ չեն գետնանցումի մուտքի մոտ տեղադրված` «Այստեղ կարող է լինել ձեր գովազդը» ստենդից, քանի որ այն գովազդի բաժնում գույքագրված չէ:

Այնուամենայնիվ, նշենք, որ Երեւան քաղաքի 2009 թվականի սոցիալ-տնտեսական գործունեության ծրագրով նախատեսված է եղել Երեւանի քաղաքապետարանի եւ թաղային համայնքների գործառույթների գծով իրականացնել շուրջ 176556.3 մլն դրամի աշխատանքներ: Իսկ 2008-ին այդ գումարը կազմել է 154747.7 մլն դրամ: Փաստորեն, 2008-ից մինչեւ 2010թ. ժամանակահատվածում Շենգավիթ վարչական շրջանում առկա նախընտրական պաստառների մաքրման աշխատանքների համար քաղաքապետարանից գումար չի փոխանցվել, կամ փոխանցվել է, բայց գումարները նպատակին չեն ծառայել: Համենայնդեպս, գովազդի պատասխանատու Ա. Ղազարյանը վստահեցրեց, որ գումար չի փոխանցվել:

Երեւան քաղաքի 2009թ. բյուջեն ուսումնասիրելիս մենք գտանք հետեւյալ տեղեկությունները. Երեւան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի շահագործման եւ պահպանման աշխատանքների իրականացման համար հատկացվել է 1200000,00 դրամ: Երեւան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման եւ հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար` 300000,00 դրամ: Այնպես որ, արտաքին լուսավորության ցանցին ուղղված գումարները հավանաբար փոխանցվել են, դրա համար էլ Շենգավիթում անգամ օրը ցերեկով են արտաքին լուսավորություն ապահովում: