Հիշո՞ւմ եք այս նախադասությունները. «2001 թվականին The Heritage
Foundation հիմնադրամը եւ The Wall Street Journal-ը Հայաստանը
տնտեսության ազատականության տեսանկյունից ճանաչել են 45-րդն աշխարհում՝
Լեհաստանի եւ Ֆրանսիայի հետ մեկտեղ։ Արդեն կան նաեւ 2002 թվականի
տվյալները, մեր երկիրը 44-րդն է»։
Իսկ հիշո՞ւմ եք` որտեղ եք լսել։ Ճիշտ է, 2003 թվականի ընտրություններից
առաջ, որտեղ ի թիվս գործող նախագահի օգտին խոսող այլ փաստարկների,
նախընտրական բուկլետի մեջ նշվում էր նաեւ այս փաստը, ընդ որում` այնպիսի
հպարտությամբ, որ կարելի էր կարծել, թե մենք ունենք նույնպիսի կայացած
շուկայական տնտեսություն, ինչպիսին Ֆրանսիան։
Հուրախություն մեր հայրենակիցների` նշենք, որ 2005 թվականի տվյալներով
մենք առաջադիմել ենք եւս 2 աստիճանով եւ այժմ գտնվում ենք 42-րդ տեղում։
Ընդ որում, Ֆրանսիայից առաջ ենք անցել. այն դեռ գտնվում է 44-րդ տեղում։
Եթե սա մեր ընթերցողներին կուրախացնի, ապա նշեմ նաեւ, որ մեր հարեւաններից
ամենաբարձր տեղը զբաղեցնում է Վրաստանը՝ 100-րդ հորիզոնականը։ Ադրբեջանը
Չադի եւ Եգիպտոսի հետ բաժանում է 103-105-րդ տեղերը, Թուրքիան 112-րդն է,
իսկ մեր ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանի Դաշնությունը, էլ ավելի «ոչ
ազատական է». այն գտնվում է 124-րդ տեղում։
Եթե այդքան արագ նկատում ենք մեկ-երկու աստիճանով վեր բարձրանալը եւ
Ֆրանսիայից առաջ անցնելը, ապա ինչո՞ւ ենք անուշադրության մատնում նույն
կազմակերպության գնահատականները, ասենք՝ պետական կառավարման համակարգի
մասին, որը հիմք ընդունվող 10 չափանիշներից մեկն է։ 4 տարի առաջ եւ
2005-ին կատարված ձեւակերպումները գրեթե ոչ մի բանով չեն տարբերվում, եւ
որոշ նախադասություններ կրկնվում են նույնությամբ։ Պետական կարգավորման
բնագավառում առկա թերությունները արտահայտվում են 4 միավորով, ինչը
համարվում է շատ բարձր։ Ահա թե ինչ են գրում «Heritage Foundation»-ի
մասնագետները. «Կոռուպցիան եւ բյուրոկրատական համակարգը խոչընդոտում են
ցանկացած բարեփոխումների արդյունքում ակնկալվող առաջընթացը։ Լայն
մասշտաբների է հասնում կաշառակերությունը, որը կոռուպցիայի ամենատարածված
ձեւն է։ Արհեստական խոչընդոտներ են ստեղծվում գործարարության բնագավառին
առնչվող այնպիսի ծառայությունների ժամանակ, ինչպիսիք են ընկերությունների
գրանցումը, լիցենզավորումը եւ այլն… Բյուրոկրատական գործընթացները հաճախ
ծանրաբեռնող են եւ դրանց վրա շատ ժամանակ է ծախսվում, հատկապես, երբ
ներդրողը բանակցում է Հայաստանի կառավարության հետ, քանի որ պայմանագրի
կնքմանը շատ դեպքերում պետք է հավանություն տան մի քանի
նախարարություններ»։
2005 թվականի համար ավելացել են նաեւ այլ, իշխանությունների ականջին ոչ
այնքան հաճելի գնահատականներ, օրինակ` այս մեկը. «Օրենքների
փոփոխությունների մասին հանրությանը դեպքերի մեծ մասում տեղյակ է պահվում
դրանց ուժի մեջ մտնելուց հետո»։ Այսինքն` գործարարները, հատկապես` մանր ու
միջին, հաճախ հայտնվում են փաստի առաջ, երբ հայրենի կառավարությունը նրանց
«հաճելի» անակնկալ է մատուցում։ Այսպես եղավ նաեւ վերջերս, երբ անհատ
ձեռներեցների մեծամասնությունն իմացավ, որ պետք է կատարեն պարտադիր
սոցիալական ապահովության վճարումները, եթե նույնիսկ չեն աշխատում (այս
խնդրին առավել մանրամասն կանդրադառնանք մեր թերթի առաջիկա համարներից
մեկում)։ Անմխիթար վիճակում են մեր երկրի գործերը նաեւ մյուս չափանիշի՝
ստվերային տնտեսության առումով։ Սա սերտորեն կապված է նախորդ գործոնի հետ։
Մեր երկրում փորձում են պայքարել ստվերային դաշտի դեմ միայն
վարչարարության խստացմամբ, ինչը բերում է հակառակ արդյունքի. «Կոռուպցիայի
բարձր մակարդակը ֆիրմաներին ստիպում է գործունեությունը տեղափոխել
ստվերային դաշտ, որպեսզի խուսափեն պետական չինովնիկների
ոտնձգություններից» (նույն կազմակերպության գնահատականներն են)։
Դրական տեղաշարժեր չկան նաեւ սեփականության պաշտպանվածության առումով։ Դրա
համար անհրաժեշտ է լիարժեք գործող դատաիրավական համակարգ, որն ահա թե
ինչպես է գնահատվում զեկույցի մեջ. «Սահմանադրությունը երաշխավորում է
դատական համակարգի անկախությունը, սակայն գործնականում դատարանները
գտնվում են գործադիր եւ օրենսդիր իշխանության ճնշման տակ։ Դատավորներից
ոմանք կոռումպացված են…»։ Չեմ կարծում, թե սա նորություն է մեր
ընթերցողների համար, սակայն «Heritage Foundation»-ի մասնագետների այն
համոզմունքը, որ դատարանները գնալով ավելի անկախ են դառնում, արդեն
նորություն է, որին ուզում ես հավատալ։ Եթե 4 տարի առաջ այդքան ուշադիր
էինք եւ կարեւորում էինք նշված կազմակերպության ինդեքսում մեր զբաղեցրած
տեղը, ապա ճիշտ չէ՞ր լինի ուշադրություն դարձնել նաեւ այս գնահատականներին
եւ էական քայլեր կատարել, որպեսզի մեր մասին այսպես չարտահայտվեն։ Միգուցե
մեր պաշտոնյաները պարզապես չե՞ն նկատել այս գնահատականները։ Դժվար թե:
Առանց որեւէ միջազգային զեկույցի էլ բոլորը լավ գիտեն, թե ինչ է
կատարվում…
Արդարության դեմ չմեղանչելու համար նշեմ, որ դրական տեղաշարժեր նույնպես
կան, մասնավորապես` բանկային համակարգում։ Նույն կազմակերպության
մասնագետների գնահատմամբ` բանկային համակարգը զարգանում է, բանկերի թիվը
զգալիորեն նվազել է, բայց դրանք դարձել են առավել հուսալի, սկսել են
գործել միջազգային չափանիշներին համապատասխան եւ բնակչության մոտ
աստիճանաբար վերականգնվում է վստահությունն այս համակարգի նկատմամբ։
Այնուամենայնիվ, հալած յուղի տեղ պետք չէ ընդունել արտասահմանցի
մասնագետների գնահատականները, միայն նրա համար, որ նրանք արտասահմանցի են։
Օրինակ, 2001 թվականին արտաքին առեւտրի ազատականության մակարդակը
գնահատվել էր շատ բարձր, ինչը «Heritage Foundation»-ի մասնագետների սրտով
էր, եւ Ֆրանսիայի հետ նույն մակարդակի վրա հայտնվել էինք հիմնականում հենց
այս ցուցանիշի շնորհիվ։ Այս տարի մեզ մեկ կետով ցածր են գնահատել։
«Ներմուծվող ապրանքների մեծ մասը զերծ է արգելքներից, քվոտաներից կամ
պարտադիր լիցենզավորումից, սակայն որոշ կոնկրետ ապրանքների համար
կառավարությունը կիրառում է ավելացված արժեքի հարկ՝ տեղական արտադրողին
աջակցելու համար»,- ասվում է զեկույցում։ Սա լա՞վ է, թե՞ վատ. նայած՝ ում
տեսանկյունից ես դիտարկում։ Մեր տեսանկյունից, կարծում ենք, ճիշտ է։
Տնտեսագետներն այն կարծիքին են, որ ազատ առեւտուրը կողմերին ձեռնտու է
միայն այն դեպքում, երբ նրանք գտնվում են զարգացման հավասար մակարդակի
վրա։ Այս առթիվ ահա թե ինչպես է արտահայտվել մեր հանրապետության անվանի
տնտեսագետներից մեկը. «…Այլ երկրների առջեւ իրենց դռները լայնորեն կարող
են բացել միայն հզոր տերությունները, այն էլ` ոչ միշտ»։ Իսկ մենք հասե՞լ
ենք այն աստիճանի, որ մեր դռներն ազատ բացենք բոլորի առաջ։ Երեւի ոչ։
Այնպես որ, իհարկե, պետք է հաշվի նստենք միջազգային կառույցների կարծիքի հետ, սակայն շարժվենք այնպես, ինչպես ձեռնտու է մեր երկրին։
Ուրախանալու առիթ ունենք, սակայն տարբեր ինդեքսներում, այդ թվում` եւ այս,
բարձր տեղ զբաղեցնելն ինքնանպատակ չպետք է դառնա։ Իսկ թերությունները,
որոնց մասին արտասահմանցիներից էլ լավ գիտենք, անհրաժեշտ է շտկել ոչ թե
վարկանիշային աղյուսակներում ավելի վեր բարձրանալու եւ ուրիշների աչքին
ավելի լավը երեւալու, այլ երկրի վիճակը մի փոքր բարելավելու համար։
Վերջիվերջո, մարդիկ առաջընթացում համոզվում են ոչ թե տարբեր միջազգային
կազմակերպությունների գնահատականներին նայելով, այլ այդ առաջընթացը
սեփական մաշկի վրա զգալով։