Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր
տուգանեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփանի Արմենիա» ընկերությանը`
գերիշխող դիրքը չարաշահելու համար: Տուգանքը կազմելու է նախորդ մեկ տարում
ստացած շահույթի 1 տոկոսը, որը կազմել է 100 հազար դոլար:
Հանձնաժողովն այդ ուսումնասիրությունները իբր կատարել է «Իրավունք» թերթի
հուլիսի 1-ի համարում տպագրված հրապարակումից հետո: Դրան հետեւել են նաեւ
պեպսի-կոլա ներմուծող «Ջերմուկ գրուպ» ընկերության բողոքները: Իսկ
«Կոկա-Կոլա» ընկերության ներկայացուցիչ Աշոտ Կակոյանի ելույթից զգացվում
էր, որ իրենց նկատմամբ հանձնաժողովի վերաբերմունքը կանխակալ է: «Ջերմուկ
գրուպը» բողոքում է, որ «Կոկա-կոլա» ընկերությունը շանտաժների միջոցով
տնտեսվարող սուբյեկտներին ստիպել է պեպսի-կոլայի սառնարանները հանել իրենց
առեւտրի կետերից, հակառակ դեպքում` իրենք կհանեն իրենց սառնարաններն ու
իրենց արտադրանքն այլեւս չեն մատակարարի: Իսկ տնտեսվարող սուբյեկտները
հանուն պեպսի-կոլայի կոկա-կոլայից չեն հրաժարվում: «Բայց նրանցը լավ է
վաճառվում, խանութները շահագրգռված են ավելի շատ նրանցը վաճառել, դրա
համար էլ նրանք նախընտրում են պեպսիից հրաժարվել»,- ասում է «Ջերմուկ
գրուպ» ընկերության ներկայացուցիչ Էդգար Ղազարյանը: Այդ դեպքում ո՞րն է
«Կոկա-կոլայի» մեղքը, ընկերությունը պարտավո՞ր է դաշտ ազատել, որպեսզի
պեպսին լավ վաճառվի:
«Բա տնտեսական մրցակցությունն ի՞նչ ա,- փորձում է բացատրել պարոն
Ղազարյանը: -«Կոկա-կոլան» իր գրաված դաշտով խոչընդոտում է, չէ՞ մյուսների
զարգացմանը: Անցած տարի Ամերիկայի տնտեսական մրցակցության պաշտպանության
հանձնաժողովը «Մայքրոսոֆթ» ընկերությունը բաժանեց երկու մասի: Ասաց, ճիշտ
է, դու լավն ես, լավ ծրագրեր ես գրում, լավ զարգանում ես, բայց էնքան ես
հզորացել, որ խոչընդոտում ես այս բնագավառում ինչ-որ մեկի զարգացմանը»:
Այս տրամաբանությամբ ու ակնկալիքով էլ «Ջերմուկ գրուպ» ընկերությունը
դիմել է մեր տնտեսական մրցակցությունը պաշտպանող հանձնաժողովին: Իսկ
հանձնաժողովի բացասական տրամադրվածությունը «Կոկա-կոլայի» եւ դրական
տրամադրվածությունը «Ջերմուկ գրուպի» նկատմամբ նիստի հենց սկզբից զգացվեց:
Ինչեւէ, հանձնաժողովն ուսումնասիրել եւ պարզել է, որ «Կոկա-կոլան»
շուկայում ունի 63,30 տոկոս գերիշխող դիրք: Հանձնաժողովի ներկայացուցիչ
պարոն Խեչոյանի ասելով` այդ թիվը ստացվել է Հարկային ու Մաքսային
ծառայությունների, տնտեսվարող սուբյեկտներում անցկացված
ուսումնասիրությունների եւ այլ փաստերի համադրման արդյունքում: Կարծիք կա,
որ «Ջերմուկ գրուպը» վայելում է իշխանական վերնախավի համակրանքը: Միգուցե
այդ ընկերությո՞ւնն է իր գործունեությունը պակաս չափով ներկայացնում, եւ
արդյունքում «Կոկա-կոլան» հայտնվում է գերիշխող դիրքում: Իսկ
«Կոկա-կոլայի» տուգանվելը բնականաբար բացասական ազդեցություն կունենա
ընկերության արտադրանքի վաճառքի վրա: Դա հավանաբար լավ են գիտակցում թե՛
հանձնաժողովում, թե՛ «Ջերմուկ- գրուպում»: Այն, որ կոկա-կոլան իր որակով
առանձնապես չի գերազանցում պեպսի-կոլային, շատ է ասվել: Բայց սպառողը դեռ
նախընտրում է կոկա-կոլան: Իսկ «Ջերմուկ գրուպի» ներկայացուցիչների
կարծիքով, դա «Կոկա-կոլա» ընկերության կազմակերպած աշխատանքների եւ
Հայաստանի շուկա ավելի վաղ մուտք գործելու շնորհիվ է: Բայց այս հանգամանքը
պեպսիի ներկրողներին ոչ թե տրամադրում է բարեխիղճ մրցակցության
արդյունքում ընդլայնել իրենց վաճառքը, այլ` ճիշտ հակառակը: Կարծես թե
նրանք էլ իրենց ունեցած ուժային մեթոդներով են փորձում մեծ դաշտ
զբաղեցնել: Ստացվում է, որ մեր Տնտեսական մրցակցության պաշտպանության
հանձնաժողովն էլ, ի տարբերություն իր ամերիկյան գործընկերոջ, իրականում ոչ
թե տնտեսական մրցակցությունն է պաշտպանում, այլ ինչ-որ մի խմբի
գործունեության մրցունակությունը: Ի դեպ, նիստի ժամանակ հնչեցվեց, թե
Ջերմուկում՝ «Ջերմուկ գրուպի» հայրենիքում, արգելվել է կոկա-կոլա
ներմուծել: Հանձնաժողովն այս հանգամանքը կարող է ուսումնասիրել, երբ
համապատասխան բողոք-դիմում ստանա: Մինչդեռ, որքան էլ զարմանալի ու
անհասկանալի է, «Կոկա-կոլան» չի ցանկանում բողոքել: