Երեխաները եւ վախը

22/04/2010

Մինչեւ 6 տարեկան երեխաների մոտ հաճախ են ի հայտ գալիս վախի տարբեր երեւույթներ: Տարիքային տարբեր շրջաններում առկա են տվյալ տարիքին բնորոշ վախեր: Ծնված օրվանից մինչեւ 6 ամսական երեխաների մոտ կարող է վախ առաջանալ ցանկացած զիլ եւ անսպասելի ձայնից կամ աղմուկից: 7 ամսականից մինչեւ 1 տարեկան երեխայի մոտ` որոշակի բարձր աղմուկից, անծանոթ ցանկացած մարդուց, հանվելուց եւ հագնվելուց, միջավայրի փոփոխությունից, բարձրությունից հանդիպող վախերը շատ են: Վախերը կարող են լինել բնականոն, տարիքային, պաթոլոգիկ: Եթե որեւէ վախ երեխայի մոտ առկա է 1 ամսից ավելի, ապա հարկավոր է անպայման հետազոտել՝ արդյոք վախը հետեւանք չէ՞ այնպիսի երեւույթների, ինչպիսիք են սրտի արագ զարկերը, գլխապտույտը, գլխացավը: Եթե խոսքը գնում է բնական վախի մասին, որպես կանոն՝ դա շատ արագ հաղթահարվում է: Սրան նպաստում է նաեւ ծնողների վերաբերմունքը. վախի քննարկումը երեխայի հետ` չի կարելի վախեցնել, ամաչեցնել, նախատել: Որքան շատ է երեխան խոսում վախի մասին, այնքան շուտ կհաղթահարի այն: