Սլավոմիր Մրոժեկ

22/04/2010 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Վրեժը

Կինը միանգամից չնկատեց, որ նա փոքրանում է: Բանը բանից անցել էր, երբ մի անգամ նախաճաշին նա նրան հարցրեց` «Քեզ ի՞նչ պատահեց»:

Նա ուսերը թոթվեց, սակայն, մեկեն գիտակցելով, որ իր այդ շարժմունքը ոչ մի լավ բան չի խոստանում, ձեւացրեց, թե մեջքը քոր է գալիս, մի քանի անգամ եւս ուսերը շարժեց, իսկ հետո աջ թիակի տակ մեջքը քորեց: Նա գիտեր, որ իր խիղճը մաքուր չէ, բայց կնոջ հարցը բավականաչափ ընդհանուր բնույթ էր կրում եւ կարող էր ինչին ասես վերաբերել, այսինքն՝ կոնկրետ ոչ մի բանի:

Այսպիսով, այս անգամ լավ պրծավ: Կինը չէր պնդում, կամ, հնարավոր է, նրան փրկեց լոկ նրա դատողությունների ընթացքի հանկարծական եւ հանելուկային շրջադարձը, մեկը նրանցից, որ նրանում բավական հաճախ էր պատահում: Նա սկսեց խոսել իր ինչ-որ հեռավոր ծանոթուհու մասին, այն մասին, թե ինչպես նա չէր կատարել իր խոստումը, որն իբր տվել էր ինչ-որ գործի հետ կապված, ինչն, ըստ իր կարծիքի, վատ էր բնութագրում այդ ծանոթուհուն: Մի քանի դիտողությունների եւ հարցերի միջոցով, որ արվեցին նրա մենախոսության այն տեղերում, որոնք իրեն ամենակարեւորներն էին թվում, նա հմտորեն ընդառաջեց եւ զարգացրեց կնոջ քննադատության այդ ուղղությունը: Նա փորձ ուներ: Այնպես որ, նախաճաշն ավարտվեց մի թեմայի նվագակցությամբ եւ առանց հաջորդող պատահարների:

Սակայն, այդուհանդերձ, կգա պահը, երբ նա առավել ակնհայտ մի բան կնկատի, եւ իրեն չի հաջողվի դժվար հարցերի պատասխաններից խույս տալ: Չէ՞ որ գործընթացը զարգանում էր, եւ որքան այն զարգանում էր, այնքան ակնհայտ պիտի դառնային արդյունքները: Այն, որ նա կնկատի, նա ի սկզբանե չէր կասկածում: Ի դեպ, նա վճռականությամբ լի էր, գիտեր, որ ճակատագրական պահը պիտի վրա հասնի, եւ ձգձգում էր դա սոսկ այն պատճառով, որ ուզում էր որքան հնարավոր է ուշ ստանալ այն, ինչը, միեւնույն է, նրան վիճակված էր լիովին ստանալ:

Բացի այդ, եթե հարցեր առաջանան, որոնց պատասխանը չգտնվի, եւ ցանկություններ, որոնք անհնար կլինի բավարարել, ապա թող այդ հարցերի եւ ցանկությունների օբյեկտը հասունանա, թող ակնհայտ դառնա:

Եվ հետո, այն, որ նա դեռ չգիտեր, որ նա արդեն…, նրան գաղտնի բերկրանք էր պարգեւում:

Նրան համարյա թե մատնեց շալվարը, ավելի ճիշտ` փոխանը: Նա դա հաշվի չէր առել, երբ արեւոտ օրերից հետո, նա այդ ժամանակ շորտերով էր ման գալիս, ինչպես միշտ հանգստի պահին, ամպամած ու ցուրտ եղանակ եղավ, եւ նա, առանց մտածելու, երկար անդրավարտիք հագավ: Ինչպես պարզվեց` չափազանց երկար, թեպետ դեռ վերջերս ճիշտ նրա հագով էր:

Ըստ սովորության, նրանք դուրս եկան զբոսնելու: Կինը հանկարծ կանգ առավ, նա, բնականաբար, նույնպես: Կինն ասաց` «Գնա, մի քանի քայլ արա»:

– Բայց ինչո՞ւ,- բողոքեց նա, ջանալով, որ իր բողոքը հնչի որպես ինքնուրույն քայլեր անելու իր չկամեցողության դրսեւորում, թող որ խոսքը, բառիս բուն իմաստով, ընդամենը մի քանի քայլի մասին էր: Այլ կերպ ասած` որպես առ նա իր կապվածության, նրա մասին հոգածության ցուցադրում, որպեսզի նա իրեն լքված ու մենակ չզգա, նույնիսկ մի պահ եւ նույնիսկ իր կամքով:

– Գնա իմ առջեւից, ես ուզում եմ ինչ-որ բանի նայել:

Նա արդեն գիտեր, թե նա ինչին է ուզում նայել, եւ նրա սիրտը ավելի ուժեղ խփեց: Նա քայլ արեց, հաջորդը:

– Կանգնիր:

Նա կանգ առավ:

– Իմ կողմը շրջվիր:

Նա շրջվեց:

– Քո շալվարի հետ ի՞նչ է կատարվում:

Նա զարմանք արտահայտեց, աչքերն իջեցրեց: Տեսավ, որ փոխանի վրա ծալք է գոյանում, եւ որ, այն հասնում է ճիտքակոշիկների համարյա ներբանին:

– Ի՞նչ:

– Ինչպե՞ս թե ինչ: Երկար է:

– Երկա՞ր:

– Իհարկե, երկար են: Ամենաքիչը մի վեց սանտիմետր: Վեցուկես: Ի՞նչ ես արել դրա հետ:

– Ե՞ս:

– Չէ որ բացարձակ նորմալ էր, տեղը տեղին:

– Ես… ոչինչ չեմ արել:

– Պետք է կարճացնել:

– Հա, հա, անպայման:

Անդրավարտիքը հենց նույն երեկո կարճացրին: Ընթրիքից հետո: «Ես ինչպե՞ս դա հաշվի չէի առել»,- կշտամբում էր նա ինքն իրեն, ձեւացնելով, թե թերթ է կարդում: Ննջարանի լայն բաց արած դռան արանքից նա տեսնում էր նրան, ասեղ ու թելով շալվարի վրա հակված։ Նա մտածեց, որ նա ինքը երբեք չէր կարողանա շալվարն ասեղ-թելով կարճացնել եւ, որ մերկացումը, վաղ թե ուշ, միեւնույն է, անխուսափելի էր: Եվ նույնիսկ անհրաժեշտ է, որպես վրեժի մաս:

Մի քանի օր ոչ մի բանի մասին խոսք չկար, ոչ մի բանի, որ կապված էր… դարձյալ եկան արեւոտ օրերը, եւ նա կարող էր, առանց կասկած հարուցելու, երկար շալվար չհագնել, առաջվա պես շատ երկար, ավելի ու ավելի երկար, նա դա գիտեր, զգում էր այդ, նույնիսկ չհագնելով, թեեւ կարճացվել էր: Ընթրիքից հետո, խորը բազկաթոռի մեջ ընկղմված, կինն ասաց.

Բարի եղիր, տուր ինձ «Ոճիրը Խեջմուր ամրոցում»:

– Իսկ որտե՞ղ է:

– Գրադարակում:

Նա մոտեցավ գրադարակներին եւ կռացավ:

– Այնտեղ չէ: Ավելի բարձր:

Հիմա նա փնտրում էր իր աչքերի բարձրության վրա գտնվող գրադարակում: Ժամանակ էր ձգում:

– Ավելի բարձր: Ամենավերեւի դարակում:

Նա գիտեր, որ նախկինում առանց ճիգ գործադրելու նա կարող էր հասնել վերեւի գրադարակին։ Նախկինում: Եվ գիտեր, որ նա էլ դա գիտեր:

Հարկ կլինի ոտնաթաթերի վրա կանգնել։ Եվ այն էլ… դեռ հայտնի չէ, կհասնի՞ արդյոք: Երեւի թե, ոչ… Հավանաբար ոչ… Ամենայն հավանականությամբ՝ ոչ: Նա դեռեւս ձեռքը չէր ձգում: Կինը բազկաթոռի խորքից ուշադիր զննում էր նրան:

Հանկարծ նա հիշեց, որ անկյունում, պահարանի եւ պատուհանի արանքում, պետք է որ մի աթոռակ լինի: Նա շրջվեց, գնաց դեպի անկյուն… Այնտեղ է:

Նա աթոռակը դրեց գրադարակների առաջ, ելավ դրա վրա եւ առանց դժվարության վերեւի դարակից հանեց «Ոճիրը Խեջմուր ամրոցում», աթոռակից իջավ, նրան հանձնեց գիրքը:

Այդ երեկո` այլեւս ոչինչ: Եվ հաջորդ առավոտ` նույնպես: Բայց ահա նախաճաշից հետո, երբ նա փակ աչքերով պատշգամբում արեւահարվում էր…

– Ելիր:

Ձայնը հնչում էր մեջքի ետեւից: Նա շրջվեց: Նա լողազգեստով կանգնած էր պատշգամբի բաց դռան արանքում: Սովորաբար նա նրա կրծքերին վերեւից էր նայում: Հիմա, հնարավոր է, այն պատճառով, որ նա կիսապառկած էր ցածրիկ թախտի վրա, իսկ նա կեցած էր նրա գլխավերեւում, նա մտածեց, թե կարող էր ատլանտ դառնալ, վեր ցցած ուսերով պահել այդ երկու ծանր կիսագնդերը, պրկել մկանները… Իսկ չէ՞ որ առաջ դրանք բնավ էլ մեծ կամ ծանր չէին թվում: Եվ ոչ էլ այդքան բարձր:

Նա ելավ: Կնոջ ձախ ձեռքում փայտյա մի քանոն էր, իսկ աջում` մատիտ: Նա նրան կանգնեցրեց դռան արանքում, հենելով կողափայտին:

Նա չէր դիմադրում: Նույնիսկ զարմանք չէր արտահայտում, ինչը համազոր էր իր մեղքն ընդունելուն: Համարյա: Ոչ մի բառ չարտասանեց: Նայում էր հեռուն, բայց գիտեր, որ իր համար հիմա հանգստություն կիջնի: Դա այնքան երկար կտեւի, քանի դեռ փորձաքննություն կանցկացվի, հանցանշանների հավաքում, որոնք, իհարկե, անխուսափելիորեն կհաստատեն նրա մեղքը, բայց միայն մի քանի օր հետո: Տեսական կասկածի եւ ֆիզիկական մեղադրանքի միջեւ` լռության շրջանը:

Նա հորիզոնական դիրքով փայտյա քանոնը վերեւից դրեց նրա գլխին եւ մատիտով նշեց այն տեղը, ուր քանոնի ծայրը միանում էր դռան կողափայտին: Հետո սանտիմետրի օգնությամբ չափեց կողափայտի վրա նշած տեղից մինչեւ հատակը: Այսինքն` նրա հասակը: Արդունքը գրի առավ:

Այդ օրվանից չափումներն անցկացվում էին ամեն օր: Նա ծալծլում էր անձեռոցիկը եւ, առանց իսկ խոսք ասելու, մոտենում էր պատշգամբի բաց դռանը, եւ կանգնում էր համապատասխան դիրքով: Սեւ նիշերի քանակը սպիտակ կողափայտի վրա աճում էր: Ամեն օր ավելի ցածր մի նոր նիշ, ամեն հաջորդն ավելի ցածր, ներքեւ, ավելի վար, ավելի ու ավելի ցածր: Նա նույնպես լռություն էր պահպանում: Երկուսն էլ լռում էին:

Յոթերորդ օրը, ավելի ճիշտ՝ յոթերորդ երեկոյան, երբ նրանք արդեն լռիկ պառկեցին իրար կողքի եւ լույսը մարեցին, նրան խուլ հեծկլտոց հասավ:

Նա սպասում էր: Դեռ չէր արձագանքում: Բայց գիտեր, որ հիասքանչ օրերի, հանգստի օրերի վերջն եկել է:

– Ինչո՞ւ ես դու ինձ հետ այդպես վարվում:

Նա ձեռքը երկարեց, որ դիպչի նրա մազերին:

– Ես դրանում մեղք չունեմ: Ամեն ինչ տեղի է ունենում ինձնից անկախ, ինքնաբերաբար:

– Ոչ: Դու դա դիտմամբ ես անում:

Առաջին ուրախությունը` անպատիժ ժխտելու հնարավորությունը, բացարձակապես անպատիժ: Այո, նա փոքրանում է: Բայց արդյոք նա դիտավորյալ էր փոքրանում` դրա ապացույցը չէր կարող լինել, երբեք որեւէ ապացույց չի լինի:

– Ոչ դա ինքնա..

– Ի՞նչ է նշանակում՝ ինքնա…

– Ինքնաբերաբար է, իմ կամքից անկախ: Մի՞թե դու մտածում ես, թե ես կկարողանայի դա անել:

Նա քիչ էր մնում հավելեր` «…Եթե դու չլինեիր», բայց վերջին պահին իրեն զսպեց:

Նա չպատասխանեց, բայց ինքը գիտեր, որ նա ուզում էր ասել` «Կկարողանայիր»: Նրա համոզմամբ, նա ամեն ինչ կարող էր: Իր դեմ:

Նա դադարեց նրան չափել` հաստատվել էր, որ նրա հասակը կարճանում է, իսկ համոզվելու համար, որ նվազումը շարունակվում է, այլեւս գործիքների կարիք չկար: Նա օրեցօր փոքրանում էր, ամենաակնհայտ կերպով, եւ փոքրանում էր նույնպես եւ հույսը, թե այդ գործընթացը ետ կշրջվի կամ թեկուզ կդադարի: Կնոջ հույսը, թե նա կդադարի, կամ որ դա կդադարի, եթե նա իրոք որ փոքրանում էր ոչ իր կամքով… Եթե դա իրոք ինքնաբերաբար է, այլ ոչ իր կամքով, դիտավորյալ, միայն թե իրեն հակառակ արվի… Սակայն այդ վերջին վարկածը նա չէր կարող ընդունել, քանի որ նման վարկածին համաձայնվելը կհակասեր իր անդրդվելի հաստատուն սկզբունքներին, իր ողջ կյանքի համոզմունքներին: Նրա աշխարհայացքին:

Այդժամ նա սկսեց սպառնալ նրան: Իսկ նա միայն խամրած ու անօգնական ժպտում էր եւ ձեռքերն էր տարուբերում: Ժպիտը հազիվ նկատելի էր, քանզի փոքրանում էր եւ նրա դեմքը, դառնալով արդեն դեմքիկ, բայց այդ հազիվ նկատելի ժպիտի ներքո թաքչած էր նրա մեծ հաղթանակը: Այդպես էր, համենայնդեպս, թվում կնոջը: Ոչ, չէր թվում, նա համոզված էր, գիտեր բացարձակ համոզվածությամբ, որ նա հաղթանակ էր տոնում, որ հաղթանակած ժպտում էր: Քանզի, եթե նա նույնիսկ փոքրանում էր եւ ոչ դիտավորյալ, եթե ինչ-որ բան փոքրացնում էր նրան, եթե այդ փոքրացմանը չէր մասնակցում նրա չար կամքը… դե ոչ, այդպիսի բան նա չէր կարող թույլ տալ… ապա նա հաղթանակ կտոներ… այո, նա դրանում հաստատապես համոզված էր, առանց դույզն-ինչ կասկածի… նա հաղթանակ կտոներ ճիշտ նույնպես, ինչպես կհաղթանակեր, դիտավորյալ փոքրանալով: Նույնիսկ, եթե նա դիտավորյալ չէր փոքրանում, ապա դիտավորյալ էր հաղթանակ տոնում: Նույնիսկ, եթե մեղավոր չէր, որ փոքրանում էր, նրա մեղքն այն էր, որ հաղթանակ էր տոնում: Ավելի ճիշտ, նրա հաղթանակած ժպիտն ապացուցում էր, որ նա, այսպես թե այնպես, մեղավոր էր: Քանզի նա կամենում էր փոքրանալ, նա կուզենար նրան հակառակ դիտավորյալ փոքրանալ, եթե նույնիսկ դիտմամբ չէր փոքրանում: Նրա դեմքը չափսերով փոքրանում էր, հետզհետե փոքրանում էր ողջ մարմնի եւ օրգանիզմի փոքրացմանը համապատասխան, որպեսզի դեմքիկ դառնա, իսկ հետո՝ մռութիկ, բայց որքան այն փոքրանում էր, այնքան ակնհայտորեն խորանում, աճում էր նրա փոքրացող դեմքիկի վրա հաղթանակի արտահայտությունը: Եվ, հետեւաբար, խորանում, ուժգնանում, աճում էր նրա մեղքը: Քանի որ խորանում, ուժգնանում, աճում էր նրա մեղքի ապացույցը: Նրա հաղթանակը:

Եվ կինը ոչինչ չէր կարող անել: Ինչպիսի տառապանք: Ինչպիսի անդադար ուժգնացող տառապանք: Բայց ինչպե՞ս պատժել նրան, ինչպե՞ս կանգնեցնել: Որքան շատ էր նա փոքրանում ու փոքրանում, այնքան խորն ու խորն էր նրա մեղքը, եւ այնքան անպատիժ ու անպատիժ էր նա ինքը: Չէ՞ որ, ինչքան որ նրա կողքին նա ավելի ու ավելի մեծ էր դառնում, այնքան անօգնական ու անօգնական էր դառնում: Եվ այդժամ նա ծնկի եկավ եւ սկսեց նրան խնդրել:

Նա կանգնած էր հատակին եւ նրան, ծնկի եկածի հազիվ կրծքին էր հասնում, նա ստիպված եղավ կռանալու, բայց միեւնույն է, նրա գլուխը նրա գլխից ցածր չեղավ, նույնիսկ նույն հարթության վրա, եւ այդ պատճառով նրա խոնարհ, պաղատագին դիրքը իր մեջ ինչ-որ ծիծաղելի բան ուներ, նրա պաղատանքը, այսպես ասած, հօդս ցնդեց: Նա մտածեց, թե կարող էր պառկել եւ սողալ նրա մոտ, բայց գաճաճի առջեւ սողացող հսկան` այդպես շատ ավելի վատ ու տխմար կլիներ: Իսկ նա միայն ձեռքերը, ձեռիկները, ձեռքիկները, թաթիկներն էր տարուբերում` այն նույն շարժմունքով, որն ասես նշանակում էր` «Ի՞նչ ես ուզում, չէ՞ որ ես մեղավոր չեմ», բայց կարող էր նաեւ նշանակել` «Դու արդեն ինձ ոչինչ չես կարող անել»: Եվ ժպտաց:

Իսկ հետո ավելի վատ եղավ, քանի որ նա այնքան փոքրացավ, որ հեշտությամբ (ավելի ու ավելի) թաքնվում էր զանազան անկյուններում, թեեւ նա, բնականաբար, չէր կարող նրան ապացուցել, թե նա դիտավորյալ է թաքնվում, անհետանում իր աչքերի առաջից: Նրա փնտրտուքներում, ավելի ու ավելի տենդագին, նույնիսկ տագնապալի, նա ավելի ու ավելի հաճախ էր ժամեր անցկացնում: Որպեսզի արդյունքում գտնի նրան գրասեղանի դարակում, որի մեջ նա, ըստ իր խոսքերի, պատահաբար էր ընկել, մեկ էլ պահարանի տակ, կամ կենտրոնական ջեռուցման մարտկոցի տակ, իսկ մի անգամ նա գտնվեց դատարկ շշի հատակին:

Շուտով նա դադարեց չզինված աչքով տեսանելի լինել: Նա առաջվա պես փնտրում էր նրան, բայց հիմա արդեն մշտապես եւ խոշորացույցով զինված: Երբեմն նա նրան դեռ գտնում էր, բայց ավելի հաճախ` ոչ: Սակայն, եթե նույնիսկ հաջողվում էր նրան հայտնաբերել, ապա մարմինն արդեն այնքան փոքր էր, որ նա դժվարությամբ էր կարողանում այն ճանաչել, այսինքն՝ տարբերել փշրանքներից, թրթուրներից եւ միջատներից: Այժմ նրա դեմքն անհնար էր տեսնել նույնիսկ խոշորացույցով, նա հազիվ էր գլխի ընկնում, որ դա նա է, եւ առավել եւս չէր տեսնում նրա դեմքի արտահայտությունը: Եվ այդուհանդերձ նրան տանջում էր համոզվածությունն այն բանում, որ այդ միկրոդեմքը ժպտում է:

Բայց եկավ այն օրը, երբ նա իսպառ վերացավ նրա տեսադաշտից: Եվ դա ամենից վատն էր:

Նա դադարեց տունը հավաքել եւ օգտվել փոշեկուլից, երկյուղելով, որ փոշու հետ նրան էլ դեն կնետի: Նա կարող էր ուր ասես գտնվել: Դուրս ելնող կամ մայր մտնող արեգակի շողերով ներթափանցված օդում կախված փոշեհատիկների գալակտիկայում, նրա շնչառությունից հայելին ծածկող միգում, նրա արցունքների միջի աղե բյուրեղների միջեւ: Նա կարող էր ուր ասես գտնվել, բայց այն չափով, որ նա հեռանում էր միկրոտիեզերք, ենթադրությունների ոլորտը ընդլայնվում էր մինչեւ մակրոտիեզերք: Եվ միայն մի բան նա գիտեր վստահաբար, որ նա գոյություն ունի (բայց որտե՞ղ), թեպետ նա կարծես թե չկար:

Նույնիսկ քաղաքակիրթ հասարակության մեջ քիչ ժամանակ չպետք է անցնի, մինչեւ որ հասարակությունը նկատի մարդու անհետացումը: Սակայն վաղ թե ուշ այդուհանդերձ գալիս է այն պահը, երբ մարդու անհետացումը դադարում է կնոջ գաղտնիքը լինել, քանզի ամուսինը, ցանկացած ամուսին, նույնպես եւ մարդ է մնում, եւ հետեւաբար` հասարակության անդամ, որն անխուսափելիորեն նրա համար հաշիվ կպահանջի: Հարեւանները, գործատուները եւ, ի վերջո, բնականաբար, ոստիկանությունը:

Նրա ցուցմունքները, թե նա անհետացել է, հետզհետե քչանալով, չճանաչվեցին որպես բավարար բացատրություն: Երկարատեւ հետաքննության ընթացքում մասնակցությունը պատահածին ապացուցել չհաջողվեց: Եվ այդ ժամանակ նրան տեղավորեցին հոգեբուժարանում:

Այդպիսի որոշումը, ինչպես պարզվեց, ճիշտ էր: Նա դադարեց պատմել իր խելագար պատմությունն ամուսնու մասին, ով փոքրանում ու փոքրանում էր, մինչեւ որ իսպառ անհետացավ: Երկար հետազոտումից հետո որոշեցին նրան ազատել հոգեբուժարանից, որպես բուժված, եւ կոնկրետ օր նշանակեցին:

Նրա դուրս գրման նախօրեին մի նոր հիվանդ հայտնվեց: Նա մաթեմատիկայի ուսուցիչ էր: Երեսուն տարի շարունակ, դասացուցակով պայմանավորված ռիթմով, անփոփոխ մշտատեւությամբ նա բացատրում էր աշակերտների հերթական սերունդներին, այսպես կոչված, մաթեմատիկական կետի էությունը: «Այսպիսով տեսեք,- սկսում էր նա սովորաբար այդ թեմայով իր դասախոսությունը,- մաթեմատիկական կետը` դա տարածության մեջ այնպիսի կետ է, որը գոյություն ունի, լինելով անսահմանորեն փոքր, այլ կերպ ասած` յուրաքանչյուր պահին ինքն իրենից փոքր է: Դուք տեսնո՞ւմ եք այն, այո՞»:

Մաթեմատիկայի ուսուցիչների մեծամասնությունը հասնում է թոշակի տարիքի՝ առանց հոգեկան խախտումների: Իսկ նրան կործանեց հոժարակամ, միայն իր գործածած (հավանաբար, նյութի աշխուժության համար), իսկ մաթեմատիկական լեզվի եւ վերացական հասկացությունների դիրքերից՝ միանգամայն ավելորդ ներածությունը` «Այսպիսով, տեսեք»: Եվ մեկ էլ նույնչափ անտեղի ավարտը` «Դուք տեսնո՞ւմ եք նրան, այո՞»:

Հիվանդասենյակում ոչ ոք չկամեցավ լսել համեստ ուսուցչին: Նապոլեոնը զբաղված էր Վաթերլոոյի մարտով, Ներոնը` Հռոմը կրակի տալով, Քրիստոս… բառով` յուրաքանչյուրն իր գործով: Եվ միայն նա մինչեւ վերջ լսեց նրան, բավական լուրջ եւ չափազանց կենտրոնացած: Իսկ երբ նա ավարտեց իր այդ «Դուք տեսնում եք նրան, Այո՞»-ով, նա գլխով արեց եւ համոզված պատասխանեց.

– Տեսնում եմ: Եվ տեսնում եմ, որ նա ժպտում է:

Եվ այդ ժամանակ նրան անորոշ ժամանակով թողեցին հոգեբուժարանում:

Չինական սկահակի պահակը

Մեծ քաղաքակիրթ պետության մայրաքաղաքում կա մի թանգարան, եւ դրանում՝ արեւելյան արվեստին նվիրված բաժին: Բազում ցուցանմուշների մեջ քիչ չեն այնպիսիները, որոնք հազվագյուտ են եւ իրենցից մեծ արժեք են ներկայացնում, ինչպես մշակութային, այնպես էլ` նյութական: Իսկ այդ հազվագյուտությունների մեջ հատկապես առանձնանում է մի բացառիկ ցուցանմուշ, անկրկնելի, ողջ աշխարհում միակ նմուշօրինակը: Շնորհիվ իր բացառիկության՝ այն վիթխարի մշակութային արժեք ունի, իսկ նրա փողային արժեքն անհնար է որոշել:

Այդ ցուցանմուշը մի չինական սկահակ էր: Եվ սկահակի բացառիկությունը նաեւ այն էր, որ այն գտել էին ոչ թե ամբողջապես, այլ հազար ութ հարյուր ութսուներկու կտորներով, ավելի ճիշտ, մասերով: Կտորներից յուրաքանչյուրը միանգամից չէին գտել, այլ հետզհետե, տասնհինգ տարվա ընթացքում դուրս բերելով գետի տիղմից, որը հանում էին մեծ չինական գետի հունից, հատուկ պայմաններում չորացնում էին եւ այնուհետեւ մաղում էին հատուկ հնագիտական մաղերով: Այդ միջոցով դուրս բերված կտորներից հաջողվեց գուշակել, թե ինչպիսին է եղել միասնական ամբողջությունը, բնականաբար, ոչ միանգամից, այլ քայլ առ քայլ, յոթ տարվա ընթացքում: Բայց պիտի անցներ եւս յոթ տարի, մինչեւ որ սկահակը, որը ջարդվել էր հինգ հազար տարի առաջ հազար ութ հարյուր ութսուներկու մասերի, որ ցաքուցրիվ էին եղել մեծ չինական գետի հատակին, կարողացան նորից սոսնձել, այլ կերպ ասած, վերականգնել նախնական տեսքով:

Ցուցանմուշի անսահման արժեքի պատճառով դրա համար առանձնահատուկ տեղ էր հատկացվել եւ հատուկ վերակացու էր դրվել: Թանգարաններում սովորաբար վերակացուները միաժամանակ հետեւում են մի քանի ցուցանմուշների, իսկ այստեղ նրա խնդիրն էր հետեւել միայն սրան, մեն-միակ չինական սկահակը: Այնպես որ նրա պարտավորություններն ավելի թեթեւ էին, քան գործընկերներինը, փոխարենը շատ ավելի պատասխանատու էին:

Հաշվի առնելով այդչափ բարձր պատասխանատվությունը, արժանի թեկնածություն միանգամից չգտան, այլ միայն երկար որոնումներից հետո: Դա պարտքի մեծ զգացումով, մի հասուն տղամարդ էր: Չինական սկահակի կողքին մի աթոռ դրեցին, որի վրա այսուհետ նրան վիճակված էր նստել օրական ութ ժամ, շաբաթը վեց օր եւ տարին տասնմեկ ամիս` տասնմեկ այն պատճառով, որ նրան տարին մեկ ամիս արձակուրդ էր հասնում: Այդ մեկ ամսին թանգարանը փակում էին, որպեսզի անհրաժեշտ վերանորոգում եւ վերակազմավորում կատարեն:

Ցուցանմուշ, որը պահպանվում է այդչափ աչալուրջ` վերակացուն ոչ մի պահ աչքը դրանից չէր հեռացնում, հենց դա էր նրա պարտավորությունը, այսպիսով այն թանգարանային ցուցանմուշներին սպառնացող վտանգներից հուսալիորեն պաշտպանված էր: Պոտենցիալ առեւանգիչը կամ բարբարոսը, այցելուների ամբոխի մեջ մոտենալով սկահակին, միանգամից հասկանում էր, որ այստեղ նա ոչ մի շանս չունի: Աչալուրջ պահակի անդադար ուշադրությունը ի չիք էր դարձնում առեւանգման կամ չկանխատեսված արարքի ուզածդ փորձ: Չարագործը ստիպված էր լինում հեռանալ եւ անցնել թանգարանի այն բաժինները, ուր բախտը փորձելու հնարավորությունն ավելի իրական էր: Եվ եթե շատ տարիների ընթացքում թանգարանում ամեն դեպքում առեւանգումներ եւ բարբարոսական գործողություններ պատահում էին, ապա ոչ մի անգամ դա չէր պատահում չինական սկահակի հետ կամ նույնիսկ նրա կողքին: Առավելագույն աչալրջությունը գրավականն էր այն բանի, որ սկահակի մոտ տիրում էր բացարձակ եւ երբեք ոչնչով չխախտվող անդորր:

Եվ այդուհանդերձ, այդ անդորրը չէր քնացնում վերակացուի աչալրջությունը: Ընդհակառակը: Որքան երկար էր նա այնտեղ մնում, չէ՞ որ այն օրից ի վեր շատ տարիներ էին անցել, երբ նրան հանձնարարեցին պահպանել սկահակի անձեռնմխելիությունը, իսկ տարիներն անցնում ու անցնում էին, եւ նա ավելի ու ավելի աչալուրջ էր պահպանում իրեն վստահված գանձը, առավել կասկածելի էր դառնում հայացքը, որը նա նետում էր այցելուների վրա: Քանզի, ինչպես ցույց է տալիս փորձը, որքան երկար ոչինչ չի պատահում, այնքան շատ է դժբախտության հավանականությունը: Եվ դրա հետ մեկտեղ՝ տարիների ընթացքում անսահման արժեքը սկահակի, որի նկատմամբ ոչ ոք չէր էլ փորձում ոտնձգություն անել, բնավ չէր դադարում անսահման մնալ, այլ ընդհակառակը` այն աճում էր, բայց ոչ կոնկրետ թվերով, քանզի անպարագրելիությունը. կամ, այլ կերպ ասած, անսահմանությունը` աճել չի կարող, աճում էր նրա լեգենդի, առասպելի ազդեցությունը: Չէ՞ որ որքան երկար է պահպանվում առասպելի անձեռնմխելիությունը, այնքան ուժեղ է նրա ազդեցությունը, եւ կանգնեցնել այդ ազդեցությունը կարող է միայն առասպելի անարգանքը: Եվ չինական սկահակը ավելի ու ավելի մեծ կշիռ էր ձեռք բերում՝ որպես մշակութային եւ նյութական արժեք, որի լեգենդարությունը տարիների ընթացքում միայն ուժգնանում էր:

Հետզհետե, բայց անշեղ պահակն անգին սկահակի մոտենում էր թոշակի տարիքին: Նա առաջվա պես երջանիկ էր ընտանիքում, հարգանքը նրա հանդեպ, շնորհիվ երկար տարիների ընթացքում այդչափ անբասիր ծառայության, մշտապես աճում էր, եւ արված կուտակումները, նա, ինչպես հայտնի է, գեշ սովորություններ չուներ, նրան թույլատրեցին փոքրիկ տան եւ այգու տեր դառնալ:

Եվ ահա նրա համար վրա հասավ ծառայության վերջին օրը, արդեն վաղը նա կարող է իր տեղը զիջել հաջորդ սերնդին եւ գնալ վաստակած հանգստի: Երեկոյան պետք է հրաժեշտ տային այդ մեծավաստակ մարդուն, նրան շքանշան եւ դիպլոմ հանձնեին, հետո տնօրինության, նախարարության ներկայացուցիչների եւ գործընկերների մասնակցությամբ բանկետ պիտի լիներ: Նա, սովորականի պես, գրավեց իր տեղը, բայց հանկարծ նրան համակեց մի կանխազգացում, որ ինչ-որ արտասովոր բան է կատարվելու: Պահակի վեցերորդ զգայարանը, որ ծառայության երեսուն տարիների ընթացքում սրվել էր, հուշում էր նրան, որ այսօր ինչ-որ բան է պատահելու, որ մինչեւ այժմ երբեք չի պատահել: Եվ նրա անհանգստությունը կարելի էր հասկանալ: Նրան տանջում էին կասկածները, որ հենց այսօր, երբ նա վերջին անգամ կատարում է իր պարտքը, իր պարտավորությունը, որը նրան հաջողվել էր այդչափ անխաթար պահպանել երկար երեսուն տարիների ընթացքում, ինչ-որ մեկն իր պահպանած սրբության հանդեպ հանցափորձ է կատարելու, եւ կործանելու է իր ողջ կարիերան, եթե նա չկարողանա կանխել համանման սրբապղծությունը:

Եվ նա ուժգնացրեց առանց այն էլ բարձր եւ երկար տարիների ընթացքում մարզված աչալրջությունը ծայրահեղ աստիճանի: Նա տառացիորեն հայացքով շամփրում էր յուրաքանչյուրին, ով մոտենում էր սրբությանը, ձգտելով կանխել ամեն մի շարժումը, սահմանադրել ուզածդ շրշյուն եւ նույնիսկ հոգոց: Անխոնջ պատասխանատվությամբ նա քարանում էր, որպեսզի վտանգի դույզն-ինչ հայտանիշի դեպքում վեր թռչի, կանխագուշակի, թույլ չտա եւ կանխի: Սակայն ինչ դանդաղ էին ընթանում վայրկյանները երկար ժամերի ընթացքում: Բայց որքան երկար ոչինչ չէր պատահում, այնքան ուժեղ էր նրա համոզվածությունը, որ վերջապես պիտի ինչ-որ բան տեղի ունենա:

Երեկոյան ժամը մոտենում էր, մոտենում էին մթնշաղն ու իր ապրումների ավարտը: Բայց այդ ընթացքում անսովոր իրադարձության կանխազգացումը վերածվեց համոզվածության, եւ, երբ հնչեցին զանգերը, որ այցելուներին ազդարարում էին, որ թանգարանը լքելու ժամն է, նա չէր կարողանում հավատալ, որ օրն անցավ, եւ սակայն ոչինչ չկատարվեց: Ոչ այսօր, ոչ էլ վերջին երեսուն տարվա ընթացքում:

Նա չէր կարողանում հավատալ նույնիսկ այն ժամանակ, երբ վերջին այցելուն անհետացավ հեռավոր դռների ետեւում, եւ ավելի ուշ, երբ թանգարանի դահլիճում մնաց արդեն միայն ինքը, մեն-մենակ չինական սկահակի մոտ, առաջվա պես չդիպչած, անվնաս եւ անգին:

Ջարդելն այն դժվար չէր: Նա հեշտությամբ դա արեց հաշված վայրկյանների ընթացքում, ձեռնափայտի օգնությամբ: Որոշ ժամանակից ի վեր նա հոդացավով էր տառապում եւ շրջում էր հաստ ձեռնափայտով: Ջարդելով ցուցանմուշը հազար ութ հարյուր ութսուն երկու կտորի, նա այդ թիվը դեռ եռապատկեց, կոշիկների տակ յուրաքանչյուր կտորն առանձին տրորելով: Այնուհետեւ, ոչ մեկից չնկատված, կողմնային դռնով լքեց թանգարանը:

Հուշարձանը

Հոգեբույժների համաշխարհային կոնգրեսը որոշում ընդունեց կանգնեցնել Զիգմունդ Ֆրեյդի` հոգեբուժության հիմնադրի հուշարձանը: Նախնական նախագիծը նախատեսել էր, որ հուշարձանը, գրանիտե կամ բրոնզե, պետք է պատկերի Ֆրեյդին բնական չափով, ինչպես նաեւ՝ երկու այլաբանական կանացի ֆիգուր: Դրանցից մեկը, որ ներկայացնում էր Ենթագիտակցությունը, առաջարկվում էր նստեցնել նրա ձախ ծնկին, մյուսը՝ Գիտակցությունը` աջ:

Կասկածներ առաջացան այն բանի շուրջ, թե ինչ պիտի անի Ֆրեյդն իր ձեռքերի հետ: Ոչ աջի, քանզի պարզ է, որ աջ ձեռքը նա պետք է պահի Գիտակցության գլխի վրա: Իսկ ահա ուր դնել ձախ ձեռքը, այն, որ Ենթագիտակցության կողմից է` կարծիքները բաժանվեցին:

Շուտով, սակայն, այդ տարաձայնությունները երկրորդ պլան մղվեցին առավել կարեւոր խնդրի առջեւ: Նշվեց, որ հուշարձանին չի բավում Գերգիտակցությունը։ Քանի որ Ֆրեյդը չէր կարող երրորդ ոտքն ունենալ, Գերգիտակցության ֆիգուրը տեղադրեցին նրա մեջքի ետեւում:

Սակայն Գերգիտակցության այդպիսի գերիշխող դիրքը, թող որ եւ գիտականորեն ճիշտ, նախագծի քննադատների ուշադրությունը բեւեռեց Գիտակցության եւ Ենթագիտակցության անթույլատրելի համահարթեցման վրա: Չէ որ նրանք նստած էին նույն հարթության վրա, յուրաքանչյուր ֆիգուրը ծնկի վրա:

Այդժամ Ենթագիտակցությունը հանեցին Ֆրեյդի ծնկից եւ դրեցին նրա ոտքերի մոտ:

Հիմա ամեն ինչ տեղն ընկավ: Ենթագիտակցությունը, ինչպես եւ հարկ էր` ամենաներքեւում, նրա վերեւում՝ Գիտակցությունը, իսկ Գերգիտակցությունը՝ նրանց երկուսի վերեւում: Ձեռքի հետ ինքնաբերաբար լուծվում էր այն խնդիրը, թե ինչ պիտի աներ Ֆրեյդը ձախ ձեռքի հետ, որ Ենթագիտակցության կողմից էր:

Երբ հասավ հուշարձանի բացման հանդիսավոր օրը, պարզվեց, որ Ֆրեյդը գլուխն է քորում: Աղմուկ բարձրացավ, քանի որ համանման ժեստը կասկած եւ նույնիսկ մտահոգություն է արտահայտում:

Հուշարձանը տեղնուտեղը դարձյալ փակեցին, իսկ ավելի ուշ փոխարինեցին խորանարդի վրա գունդ պատկերող վերացական քանդակով: Ամեն ոք քանդակի մեջ տեսնում էր այն, ինչ ինքը կամենում էր, իսկ հոգեբուժությունը այդուհետ եւս կարող էր անխաթար զարգանալ: