«Շատ ծանր խաղ էր»

22/04/2010

«Բարսելոնի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ Բալոտելիի փոխարեն ինքն այնպես կհարվածեր Մատերացիին, եթե վերջինս հարձակվեր իր վրա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում «Բարսելոնի» հետ կայացած առաջին հանդիպումից հետո: «Ինտերի» հարձակվող Միլիտոն, իր հերթին, ասել է, որ «Բարսելոնի» նկատմամբ հաղթանակը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ իր թիմի պաշտպանությանը հաջողվեց չեզոքացնել Մեսսիին ու Իբրահիմովիչին: «Մենք շատ ենք ուզում հայտնվել եզրափակչում, եւ հիմա ես շատ գոհ եմ, որ հաղթել ենք: Հասկանում ենք, որ դեռ պատասխան հանդիպում ունենք ու առայժմ չպետք է ոգեւորվենք: Սակայն առաջին խաղում արձանագրած արդյունքը, անկասկած, մեզ հնարավորություն կտա պատասխան խաղում ավելի հանգիստ զգալ: Շատ ուշադիր ուսումնասիրել ենք «Բարսելոնին» եւ հնարավոր ամեն ինչ արեցինք, որպեսզի չեզոքացնենք մրցակցի հարձակվողներին:

Մեսսին ֆանտաստիկ խաղացող է, բայց մեր պաշտպանները շատ կոշտ գործեցին եւ ձգտեցին այնպես անել, որպեսզի նա ու Իբրահիմովիչը գնդակին հնարավորինս քիչ տիրեն»,- ընդգծել է Միլիտոն:

«Այս հաղթանակը մեզ հեշտ չտրվեց: Սակայն ես կարծում եմ, որ արժանիորեն հաղթեցինք: Այսօր ապացուցեցինք, որ ուժեղ ենք: Եզրափակչում հայտնվելու ճանապարհին մյուս քայլը պետք է կատարենք Բարսելոնում: Պատասխան խաղում մեզ համար շատ դժվար կլինի, սակայն «Ինտերը» նույնքան լավ պետք է խաղա, ինչպես առաջին խաղում»,- ասել է միլանյան թիմի պաշտպան Խավիեր Ձանետտին:

«Ես գոհ եմ արդյունքից: Գիտեինք, որ հեշտ չի լինի, քանի որ մրցակցի կազմում բարձրակարգ ֆուտբոլիստներ են ընդգրկված: Բայց մենք խաղացինք բարձր տրամադրությամբ: Եվ, իմ կարծիքով, «Ինտերի» բոլոր ֆուտբոլիստները լավ կատարեցին իրենց աշխատանքը: Այսօրվա խաղում մեծ նշանակություն ունեցավ մեր թիմային ոգին»,- խաղից հետո ասել է «Ինտերի» պաշտպան Լուսիոն:

Միլանյան թիմի կիսապաշտպան Դեյան Ստանկովիչը լրագրողների հետ խոսել է իր թիմակից Մարիո Բալոտելիի պահվածքի մասին: Հիշեցնենք, որ վերջինս խաղից հետո պատռել է իր մարզաշապիկը ու շպրտել խոտածածկին: «Մարիոն դեռ երեխա է, իսկ ես արդեն երեք երեխա ունեմ: Մենք դրա համար չենք կարող բռնել Բալոտելիի օձիքից: Հասկանում եմ, որ նրա հարաբերությունները երկրպագուների հետ չեն կարգավորվում: Ես նույնպես շատ եմ տանջվել ֆանատների վերաբերմունքի պատճառով: Նա ճիշտ չի արձագանքել: Բայց Մարիոն, անշուշտ, դեռ ժամանակ ունի` սխալը շտկելու համար: Պետք է կարողանա դիվանագետ լինել»,- ասել է Ստանկովիչը:

«Բարսելոնի» պաշտպան Դանիել Ալվեշն էլ լրագրողների հետ զրույցում նշել է. «Սա շատ ծանր խաղ էր: Կարծում եմ` արժանի էինք ավելի լավ արդյունքի: Այն, որ ստիպված էինք ավտոբուսով երկար ճանապարհ անցնել` Միլան հասնելու համար, արդարացում չէ: Պատասխան հանդիպումն ավելի բարդ ու լարված կլինի: Իսկ արդյոք 11-մետրանոց պետք է նշանակվե՞ր այն դրվագում, երբ ես վայր ընկա տուգանային հրապարակում: Կարծում եմ, որ երբ դու գնդակով ես տուգանային հրապարակում, եւ հարվածում են քո ոտքերին, 11-մետրանոց անպայման պետք է նշանակվի»,- ասել է Ալվեշը:

«Շատ ծանր հանդիպում էր: «Ինտերը» խաղում էր ագրեսիվ ոճով: Մրցավարը մի քանի սխալ թույլ տվեց, բայց ես նրան չեմ ուզում մեղադրել մեր պարտության մեջ, քանի որ մենք անհրաժեշտ խաղը ցուցադրեցինք միայն վերջին 20 րոպեի ընթացքում: Մեկ ամիս չէի խաղացել եւ առայժմ դեռ լիովին պատրաստ չեմ: Եթե «Ինտերը» տանը կարողանում է երկու կամ երեք գոլ խփել, մենք Բարսելոնում կպատասխանենք 4-5 գնդակով: Իհարկե, այն ժամանակների համեմատությամբ, երբ ես հանդես էի գալիս «Ինտերում», թիմի հարձակումն ավելի բազմազան է դարձել: «Ինտերի» կազմում տաղանդավոր շատ ֆուտբոլիստներ կան, իսկ հաղթանակն այնպիսի թիմի նկատմամբ, ինչպիսին «Չելսին» է, բարձրացրել է նրա կշիռը եվրոպական ասպարեզում: Խաղից հետո տեսա, թե ինչպես Մատերացին հարձակվեց Բալոտելիի վրա: Նման բան երբեք չեմ տեսել եւ ցնցված էի: Մարիոյի փոխարեն նույն վայրկյանին այնպես կծեծեի Մատերացիին…»,- հայտարարել է Իբրահիմովիչը: