Շաբաթ օրը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի հարակից տարածքում տեղի է ունեցել հերթական աղմկահարույց «ռազբորկան»` 60-70 զինված երիտասարդների մասնակցությամբ: Բարեբախտաբար, ի տարբերություն նմանատիպ այլ միջադեպերի՝ զոհեր եւ տուժածներ չկան. ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները, հավանաբար, տեղեկացված լինելով միջադեպի մասին՝ մեկնել են դեպքի վայր, ինչի հետեւանքով զինված երիտասարդները չեն հասցրել միմյանց վրա կրակել, թեեւ նրանց մոտ հայտնաբերվել է հսկայական քանակությամբ զենք-զինամթերք: Շաբաթ օրվանից այս միջադեպի վերաբերյալ շրջանառվող հիմնական վարկածն այն էր, որ դրա մասնակիցներից ոմանք ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի անդամներ են, անգամ դեպքի վայրում եղել են կուսակցական կրծքանշաններով: Ավելի ուշ պարզ դարձավ, որ «ռազբորկան» տեղի է ունեցել ինչ-որ հողատարածք չկիսելու պատճառով, դրան մասնակցել են նաեւ քրեական հեղինակություններ եւ ինչ-որ մեծահարուստների զավակներ: Երեկ եւ ՀՀԿ-ն, եւ ԲՀԿ-ն հերքեցին լուրերը, որ միջադեպի մասնակիցների շարքում եղել են իրենց կուսակցության անդամներ: Ավելին` միջադեպի մասին պատմող քնարական-բարոյախրատական հաղորդագրությունում Ոստիկանությունը եւս հատուկ հերքել էր «ռազբորկայի» մասնակիցների կուսակցական լինելու փաստը: Տվյալ դեպքում, սակայն, այնքան էլ էական չէ` շաբաթ օրվա հրոսակները անդամատոմսեր ունեցող կուսակցականնե՞ր են եղել, թե՞ ոչ: Իրականում նրանք իրենց «ֆունկցիոնալ նշանակությամբ» ավելի մոլի ՀՀԿ-ականներ ու ԲՀԿ-ականներ են, քան հեռուստատեսությամբ ելույթ ունեցող այդ կուսակցությունների փողկապավոր ներկայացուցիչները: Քանի որ շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպին մասնակցել է այն կոնտինգենտը, որը Հայաստանում ապահովում է իշխանության վերարտադրությունը: Հենց այդ երիտասարդներն ու քրեական հեղինակություններն են իշխանությունների համար «դոշ տվել» անցած եւ նախագահական, եւ խորհրդարանական, եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Նրանք կեղծել են ընտրությունները` ի թիվս այլ քվոտաների, իշխանություններից նաեւ նման «ռազբորկաներ անելու» հնարավորություն ստանալու համար: Անկախ ամեն ինչից, շաբաթ օրը տեղի ունեցածը շատ դիտարժան էր: Իրավապահների գործողությունները դեպքի վայրում ներկայացվեցին այնպիսի «հերոսականությամբ», որ տպավորություն էր ստեղծվում, թե նկարահանվում է հերթական տեսահոլովակը խիզախ ու աննկուն ոստիկանների մասին: Այնպես որ, այս «ռազբորկան» կարելի է համարել նաեւ հանցաշխարհի նվերը` հայրենի Ոստիկանությանը: Ոստիկանության օրվա առթիվ: