Ինչո՞ւ են հայերը խուսափում հարկերից

20/04/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հայաստանի անկախացումից ի վեր` ստվերային տնտեսության մասին շատ է խոսվում։ Խոսվելուց բացի՝ իշխանությունները մշտապես փորձում են ցույց տալ, որ ամեն ինչ արվում է ստվերը կրճատելու, տնտեսվարողներին հարկման դաշտ բերելու համար։

Հաճախակի են դարձել ռեպորտաժները, երբ բռնում են ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող մարդկանց. մեկը իրական շրջանառությունն է թաքցրել, մյուսը՝ կեղծ փաստաթղթերի միջոցով ուռճացրել է ծախսերն ու քիչ հարկեր վճարել, երրորդն ընդհանրապես չի գրանցել իր բիզնեսը, եւ այդպես շարունակ։ Ռեպորտաժների հիմնական նպատակը հասկանալի է. անօրինական (կամ՝ մասամբ անօրինական) գործունեությամբ զբաղվողներին ցույց տալ, որ իրենց եւս սպասում է այդ հեռանկարը, եթե նորմալ չվճարեն հարկերը։

Այսինքն՝ պետական բյուջեի համալրման ամենաարդյունավետ միջոցը ընտրելիս՝ պատկան մարմինները կանգ են առնում ուժային մեթոդի վրա։ Սակայն չէր խանգարի հարցին հակառակ տեսանկյունից նայել՝ ինչո՞ւ են մարդիկ խուսափում հարկեր մուծելուց։ «Ագահություն՝ ահա պատճառը։ Ցանկանում են որքան հնարավոր է քիչ մուծել պետությանը եւ շատ փող ստանալ»,- կպատասխանեն պետական իշխանության ներկայացուցիչները։ Իհարկե, ամբողջ աշխարհում է այդպես. հարկատուն միշտ էլ դժվարությամբ է բաժանվում փողից, եւ անգամ ամենազարգացած երկրներում հնարավորության դեպքում «քցում» են պետությանը։ Բայց մերն, ամեն դեպքում, ուրիշ է։ Իհարկե, հնարավորինս շատ վաստակելու ձգտումը հայերիս էլ է հատուկ, բայց մեր դեպքում կան նաեւ 2 լրացուցիչ գործոններ, որոնք ավելի էական դեր են խաղում։ Առաջին, հարկերից խուսափող ցանկացած տնտեսվարող (փոքր ու միջին) շատ համոզիչ կերպով կհիմնավորի, որ ազնիվ աշխատելու դեպքում ինքը պարզապես կսնանկանա։ Այսինքն՝ գործում է ոչ թե գերշահույթ ստանալու ձգտումը, այլ պարզապես գոյատեւելու։ Եվ կա երրորդ՝ բարոյահոգեբանական գործոնը, որի ազդեցությունը թերեւս մյուսներից ավելի մեծ է։ Տնտեսվարողը հարց է տալիս՝ ինչո՞ւ ես պետք է չարչարվեմ, փող աշխատեմ ու դրա մի մասը տամ պետությանը։ Նորմալ երկրներում այդ հարցին քիչ թե շատ համոզիչ պատասխան կարելի է տալ՝ որովհետեւ պետությունն էլ քեզ համար հանրային բարիքներ է ստեղծում` ապահովում է քո անվտանգությունը, բանակ է պահում, Ոստիկանություն, որը նաեւ քեզ է պաշտպանում, նորմալ բիզնես-մրցակցային միջավայր է ձեւավորում, որ հանգիստ բիզնես անես, քեզ պաշտպանված զգաս, եւ այլն։ Իսկ Հայաստանում հնարավո՞ր է ուղեղ ունեցող մարդուն նման «լոլո» կարդալ։ Իհարկե ոչ։ Ավելին, այն գիտակցությունը, որ իրեն ամեն կերպ ճնշող պետական ապարատը պահվում է նաեւ ի՛ր վճարած գումարներով, մարդուն ավելի շատ է դրդում հարկերից խուսափելու։ Օրինակ՝ հազարավոր մանր կրպակատերերը վճարում են X գումարի հարկ։ Դրա մի մասն ուղղվում է պետական գերատեսչություն, որի համար փափուկ բազկաթոռներ են գնվում, ծառայողական մեքենա, համակարգիչ ու տպիչ, գրիչներ։ Ու համապատասխան պաշտոնյան, որը աշխատավարձ է ստանում մանր կրպակատերերի վճարած գումարներից, նույն այդ գումարներով գնված բազկաթոռի մեջ սուզված մտմտում է՝ ի՞նչ նոր օրենսդրական թակարդ լարի, որ այս մարդկանցից ավելի շատ փող հավաքի։ Մտմտում է, հետո նույն այդ գումարով գնված համակարգչի վրա շարադրում իր «գյուտը», տպում տպիչով ու ստորագրում։ Հետո այդ թուղթն անցնում է որոշ ընթացակարգեր ու սկսում իր սեւ գործը։ Այս ամենը պատկերացնելուց հետո՝ ո՞ր մի հարկատուն սիրահոժար հարկեր կվճարի։ Լավ, ենթադրենք՝ դա էլ կարելի է հասկանալ. աշխարհի դրվածքն է այդպիսին։ Բայց Հայաստանում գործում է նաեւ, այսպես ասենք, 3Ա գործոնը՝ արանքում փող են ուտում։ Լի՜քը փող։ Օրինակ՝ նույն գրիչների մասով։ Ապացո՞ւյց եք ուզում՝ խնդրեմ։ «Պետության կարիքների համար ապրանքներ են գնվել շուկայականից մի քանի անգամ թանկ գներով, երբեմն՝ մինչեւ մի քանի անգամ թանկ»,- ասվում է Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ, որը վերաբերում է «Պետական գնումների գործակալության» 2006-2007-2008թթ. գործունեությանը։ Որպես ամենավառ ապացույց՝ մեջբերենք ՎՊ հաշվետվությունից մի հատված՝ հենց գրիչների ու նման այլ պարագաների մասով։ «ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի հրամանի համաձայն, պետական բյուջեի միջոցների հաշվին «Սմարթլայն» ՍՊԸ-ից ապրանքների ձեռք բերման գործընթացի նկատմամբ իրականացված հանդիպակաց ստուգման արդյունքում պարզվել է, որ կնքված ՊԱՊՁԲ -06/122 գլխավոր գնման պայմանագրի շրջանակներում 2007-2008թթ. ընթացքում ընկերության կողմից մատակարարվել է 374.0 մլն դրամի գրենական պիտույքներ: Հանձնաժողովի կողմից կատարված, շուկայում («Սուրմալու», «Փեթակ») առկա գրենական պիտույքների գների ընտրանքային ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մի շարք ապրանքների գները էականորեն ավելի ցածր են, քան «Սմարթլայն» ՍՊԸ-ի կողմից պետական հիմնարկներին մատակարարված ապրանքների գները: Գների համադրումը ըստ ապրանքատեսակների ներկայացված է ստորեւ»։

ՎՊ մասնագետները, սակայն, ուղղակիորեն «ուտելու» մասին չեն խոսում։ Նրանք ավելի մեղմ ձեւակերպումներ են տալիս՝ «եթե ժամանակին, պայմանագրի 4.1 կետով նախատեսված պահանջի հրամանով ձեւավորված աշխատանքային խմբի կողմից առավել հանգամանալից ուսումնասիրվեր շուկայում առկա գները, հնարավոր կլիներ պետությանը վաճառել գրենական պիտույքներ, տնտեսելով նվազագույնը` 98.4 մլն դրամ»։ Այնպես է ներկայացվում, կարծես պատճառը միայն աշխատանքային խմբի անփութությունն է։ Մինչդեռ բոլորին է հայտնի, որ երբ խոսքը գնում է մեծ գումարների մասին, «անփութություն» չի կարող լինել։ Մենք գործ ունենք պարզապես մի երեւույթի հետ, որը «գրական հայերենով» կոչվում է «ատկատ»։ Այսինքն՝ մրցույթի մասնակիցը համաձայնության է գալիս մրցույթի կազմակերպիչների հետ, նրան խոստանում պայմանագրով նախատեսված գումարի 10-15%-ը, հետո «հաղթում» եւ իր ապրանքը շուկայականից թանկ գներով վաճառում պետությանը։ Չնայած վարչապետ Տ. Սարգսյանը միայն նախորդ տարվա վերջին սկսեց խոսել այս երեւույթի մասին (երբ խոսում էր շինարարության վերաբերյալ), այս մեխանիզմը Հայաստանում գործում է թերեւս անկախության հռչակումից ի վեր։ Այսօր Հայաստանում չես գտնի որեւէ մեկին, ով հավատա, որ պետական մրցույթում հնարավոր է առանց կողմնակի միջամտությունների մասնակցել ու հաղթել։ Շուրջ 10 տարի առաջ, երբ ընդունվեց «Գնումների մասին» օրենքը, մեզ ստիպում էին հավատալ, որ վերջ կդրվի «փայ մտնելու» արատավոր պրակտիկային։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Պետական գնումների գործակալությունը ընդամենը միջանկյալ օղակ դարձավ «ատկատների» սխեմայում։ Պատկերավոր ասած, սա նման է նրան, որ հյութը անմիջապես բաժակից խմելու փոխարեն՝ ձողիկով խմես։ Հյութը, հասկանալի է՝ հարկատուներիս վճարած փողերն են, խմողը՝ բարձրաստիճան չինովնիկները, իսկ ձողիկը՝ գնումների գործակալությունը։ Տվյալ դեպքում ձողիկի միակ գործառույթն այն է, որ այն որոշակիորեն դանդաղեցնում է խմելու պրոցեսը, սակայն խմված հյութի քանակությունը դրանից առանձնապես չի փոխվում։ Ընդ որում, հյութի որոշակի քանակություն՝ կաթիլների տեսքով, մնում է ձողիկի ներքին պատերին. սա էլ գնումների գործակալության միջանկյալ օղակի աշխատողների «փայն» է։ Իսկ գումարներն այնքան մեծ են, որ անգամ կաթիլներով կարելի է կարգին հարստություն կուտակել։ Մոտ 1 ամիս առաջ Վերահսկիչ պալատը հրապարակեց ցուցանիշներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ ախորժակով են «լափվում» պետության փողերը ճանապարհաշինության ոլորտում։ Կապի եւ տրանսպորտի նախարարությանը 2008-2009թթ. ավտոճանապարհների հիմնանորոգման համար տրամադրվել է 5 միլիարդ դրամ, որից ստուգվել է 927 միլիոնը եւ արդյունքում հայտնաբերվել 345 միլիոնի խախտում։ Կամ, օրինակ, դաբաղանյութերի դեպքը, երբ պարզվեց, որ պետության վրա սաղացրել են շուկայականից 2 անգամ թանկ գնով պատվաստանյութ։ Դեպքերը բազում են։

Ստացվում է, որ «ունքը դզելու»՝ գնումների գործընթացն ավելի արդար ու թափանցիկ դարձնելու փոխարեն, «աչքն են հանել»։ Ու այս պարագայում հարց է առաջանում՝ ինչո՞վ է արդարացված գնումների գործակալության գոյությունը։

Հետաքրքիրն այն է, որ Վերահսկիչ պալատը հաշվետվության մեջ իր առաջարկների թվում ներկայացրել է նաեւ այսպիսի մի առաջարկ. «Պետության կարիքների համար կազմակերպված ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների գնման մրցույթներում մասնակիցների կողմից գերշահույթի ստացումը բացառելու, գործընթացում առկա կոռուպցիոն ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է ստեղծել գներն ուսումնասիրող խումբ, որը մանրակրկիտ կուսումնասիրի շուկայում առկա գներն ու կկանխի գերատեսչությունների կողմից ներկայացված ոչ իրատեսական գներով կազմված նախահաշիվներով պահանջվող գումարների վճարումը»։ Ռուս երգիծաբան Զադորնովը մի հետաքրքիր մանրապատում ունի, որի բովանդակությունը մոտավորապես հետեւյալն է. ինչ-որ աղբյուրից ստացվել է 1 միլիոն դոլար, որը պետք է ծախսվի ինչ-որ կոնկրետ նպատակով։ Ստեղծվում է հատուկ հանձնաժողով, որը պետք է զբաղվի գումարի տեղաբաշխման հարցերով։ Հետո ստեղծվում է մեկ այլ հանձնաժողով՝ առաջինին վերահսկելու համար։ Հետո երրորդը՝ վերահսկողին վերահսկելու համար, եւ այդպես շարունակ։ Մոտավորապես նույն բանն է։ Վերը նշված պրոցեսներին ծանոթ ո՞ր մի հարկատուին կարելի է մեղադրել հարկերից խուսափելու համար։ Մարդիկ պարզապես չեն ուզում «քցվել»։ Մեղադրելով ու կոշտ լծակներ կիրառելով՝ իշխանությունը իբր պայքարում է ստվերի դեմ։ Սակայն բոլորին է հայտնի, որ ստվերի դեմ անիմաստ է պայքարել՝ այն կարելի է վերացնել՝ կա՛մ փակելով լույսի աղբյուրը, կա՛մ էլ մի կողմ տանելով ստվեր գցող առարկան։