Ճիշտ է, թեեւ Վիլսոնի գերեզմանի մոտ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը որոշակիորեն ՀՅԴ-ին դուր էր եկել, բայց դա դեռեւս չի փոխել ՀՅԴ-ի դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ:
Երեկ այս մասին հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` պնդելով, թե անհրաժեշտ է հետ կանչել ստորագրությունները: Ըստ նրա` եթե առաջինը հայկական կողմը վավերացնի արձանագրությունները, ապա Հայաստանը խայտառակ կլինի, իսկ Թուրքիան, միեւնույն է, չի վավերացնի. «Թուրքիան կասի` ես չէի ասել, մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծեք` չեմ վավերացնի, հետո՞ ինչ, որ դուք վավերացրել եք»: Հարցին, թե որքանո՞վ է իրատեսական այն տեսակետը, որ հայ-թուրքական բանակցությունները կարող են շարունակվել առանց փաստաթղթերի վավերացման, նա պատասխանել է. «Առանց հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու հայ-թուրքական բանակցային գործընթացի շարունակության նոր ռաունդի հնարավորություն կա, որովհետեւ աշխարհում ոչինչ զրոյից չի սկսվում»: Նաեւ հավելել է, թե մինչ այս ընթացած բանակցությունները լինելու են նոր բանակցությունների հիմքում, որոնք էլ ոչ դրական ազդեցություն են ունենալու դրանց վրա: Ուստի` Վ. Հովհաննիսյանը վստահ է, որ շատ լավ կլինի, եթե ներկա գործընթացից կողմերը հետ քաշվեն եւ բանակցությունների նոր ռաունդ սկսեն, միաժամանակ, փորձելով չեզոքացնել նախորդ բանակցային գործընթացի բացասական ազդեցությունը: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարած այցին ու հանդիպումներին, ապա Վ. Հովհաննիսյանը կարծում է, որ այդ հանդիպումները շատ հարցերի պատասխաններ բաց թողեցին, բայց, ընդհանուր առմամբ, այցը դրական էր:
Անդրադառնալով Թուրքիայի կողմից հնչող հայտարարություններին, Վ. Հովհաննիսյանն ասել է, թե երկու շրջանների վերադարձի հետ կապված` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունը հերթական ճարպկությունն է: Վ. Հովհաննիսյանի դիտարկմամբ` Էրդողանը, հասկանալով, որ յոթ շրջանների մասին խոսակցությունն անհնար է, հիմա էլ հայտարարում է երկու շրջանների մասին: Բայց անկախ նրանից, թե խոսքը քանի շրջանի մասին է, միակողմանի զիջումներն իրենց համար անընդունելի են: Եվ քանի դեռ չի որոշվել ԼՂ կարգավիճակի հարցը, որեւէ զիջման մասին խոսելն անընդունելի է:
Երեկ հարց է հնչել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու մասին լուրերի առնչությամբ: Ըստ Վ. Հովհաննիսյանի` Ռ. Քոչարյանը երբեք դուրս չի եկել մեծ քաղաքականությունից, հետեւաբար նրա` քաղաքականություն վերադառնալու հարցն առաջ քաշելը ճիշտ չէ: «Այդ ե՞րբ է Քոչարյանը հեռացել քաղաքականությունից, որ հիմա էլ նրա վերադարձն այդքան ուրախացնում կամ վրդովեցնում է որոշ շրջանակների: Քոչարյանը կարող է վերադառնալ պետական կառավարման համակարգ, սակայն դա օրակարգային հարց չէ: Ինչ վերաբերում է նման հնարավորության վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշմանը, ապա մենք այդ հարցը չենք քննարկել հենց նրա օրակարգային չլինելու պատճառով»,- ասել է Հովհաննիսյանը` հավելելով, թե Քոչարյանի հնարավոր վերադարձն անհանգստացնում է որոշակի շրջանակների: «Ես նույնիսկ զգում եմ, որ այդ շրջանակները խանդում են Քոչարյանին: Վերցնենք, թեկուզ, այն փաստը, թե ինչպես է մատուցվում Սերժ Սարգսյանի այցը Վուդրո Վիլսոնի շիրմին: Այն ներկայացվում է իբրեւ աննախադեպ փաստ, բայց չպետք է մոռանալ այն մասին, որ 15 տարի առաջ մեծ քաղաքական գործչի շիրմին այցելել է նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Ճիշտն ասած, այդ խանդն ինձ համար անհասկանալի է»,- ասել է նա: