Երկու տոն, եւ «առարկայական ոչ մի բան՝ գոնե ձեւի համար»

20/04/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Ծանր տանել իրողությունը, որ Հայաստանի ոստիկանության մասնագիտական օրը հետաքրքիր զուգադիպությամբ համընկել է Արվամոլների համաշխարհային օրվա հետ, լուրջ չէ: Եվ այս թեմայով երկիմաստ ժպիտներն ու ակնարկներն էլ վաղուց արդեն հետաքրքիր չեն: Իրականությունն այն է, որ մարդկության համար ավելի լավ է (ճիշտ ձեւակերպեմ` ավելի օգտակար է) տաղանդավոր արվամոլը, քան ոչ պրոֆեսիոնալ, ապաշնորհ ոստիկանը: Միքելանջելո, Օսկար Ուայլդ, Բեթհովեն, Չայկովսկի: Ռուս կոմպոզիտորին, ի դեպ, «բարեպաշտ» հասարակությունը ստիպեց կյանքին վերջ տալ միայն այն պատճառով, որ նա արվամոլ էր: Այս համեստ ցուցակին իրենց միջազգային օրվա կապակցությամբ ավելացնելով բազում այլ անուններ` աշխարհի արվամոլները կարող են հպարտանալ եւ ուրախ տոնել իրենց միջազգային օրը: Ինչը չես ասի ՀՀ քաղաքացիների մասին, ովքեր ոստիկանների մասնագիտական տոնի կապակցությամբ հպարտանալու հնարավորություն չունեն, նրանց հետ կապված ոչ մի հաճելի հիշողություն չեն մտաբերում: Չեն մտաբերում, որովհետեւ նման հուշեր չկան:

Մարտի մեկի տասը զոհերի հարազատները լուրջ կասկածներ ունեն, որ իրենց զավակները, հայրերը, եղբայրները սպանվել են ոստիկանների կրակոցներից եւ նրանց կողմից գործածված հատուկ միջոցներից: Եվ այս օրերին էլ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր Մարտի 1-ի տասը զոհերից իննի (բացի Ոստիկանության զոհված սպա Համլետ Թադեւոսյանի) հարազատների բողոքներով գործերը: Երթերի, հանրահավաքների ժամանակ Մարտի մեկի զոհերի հարազատներին քաշքշող ոստիկանները, Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) հատուկ կարեւոր գործերով քննիչ, «Մարտի 1-ի» գործը վարող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, Գլխավոր դատախազության բարձրաստիճան ներկայացուցիչները հավանաբար լավ չեն պատկերացնում իրավիճակը. մարդիկ կորցրել են իրենց հարազատներին, որոշ դեպքերում` ընտանիքի միակ կերակրողին, եւ այժմ երկրի ղեկավարությունից, իրավապահներից աղերսում են հայտնաբերել մարդասպաններին:

Որդեկորույս այս մարդիկ ունեն իրենց վարկածը, կատարել են սեփական քննությունը, համադրել են փաստերը ու շարունակում են պնդել, որ իրենց հարազատների վրա կրակել են ոստիկանները: Հիմնավոր հակափաստարկներ չկան, քանի որ մարդասպաններից եւ ոչ մեկը մինչ օրս ձերբակալված չէ: Սակայն այս փաստն ամենեւին չի կաշկանդում ՀՔԾ հատուկ կարեւորության գործերով քննիչ Վահագն Հարությունյանին, ով առանց ծուլանալու` պատրաստ է կրկնել, որ զոհերի հարազատների բողոքն անհիմն է, եւ «դրանում առարկայական բան չկա` գոնե ձեւի համար»:

Այս ոչ գրագետ, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը այն մարդկանց հանդեպ, ովքեր հարազատ են կորցրել, վկայում է, որ իշխանություններին ներկայացնող այս քննիչներն ու գործը քննող դատավորներն ակնհայտորեն ձանձրացել են զոհերի իրավահաջորդների համառությունից: Ավելի՛ն, ոչ մի կերպ գլխի չեն ընկնում` ինչ են իրենցից ուզում այդ մարդիկ: Այո՛, ոստիկանները սպանել են նրանց հարազատներին, սակայն հետամուտ լինել, որ իրավապահները հայտնաբերեն մարդասպաններին, չափազանցություն է: Մարտի մեկի զոհերի հարազատները իրենք էլ պարզ ասում են, որ հայաստանյան արդարադատությունից որեւէ ակնկալիք չունեն, պարզապես պետք է սպառեն տեղական ատյանները` Եվրոպական դատարան դիմելու համար: Այս հանգամանքը ոչ մի կերպ չի վիրավորում իրավապահների մասնագիտական ինքնասիրությունը եւ անգամ չի շփոթեցնում նրանց: Նրանց նաեւ չի անհանգստացնում, որ անչափ դժվար է ապրել վշտի այն բեռով, որով, արդեն 2 տարի է, ապրում են Մարտի 1-ի զոհերի հարազատները: Որդու, ամուսնու, եղբոր սպանությունների պատճառած ահավոր ապրումները վերագնահատելու, սփոփվելու փոխարեն` այդ մարդիկ, արդեն երկու տարի է` հանգիստը կորցրած, թակում են տարբեր ատյանների դռները:

Այն, որ մարդասպաններին կհայտնաբերեն, քիչ հավանական է, կարելի է ասել` անհավանական: Սակայն պատահականությունը երբեմն ավելի օրինաչափ է, քան ինքը` օրինաչափությունը:

«Գարդիանը» մարտին մի հոդված էր հրապարակել: Ըստ այդմ` 2008թ. հունիսին Մեծ Բրիտանիայում Ոստիկանությունը ձերբակալեց մի երիտասարդի` երթեւեկության կանոնները խախտելու համար: Ինչպես Մեծ Բրիտանիայում ձերբակալված յուրաքանչյուրից` նրանից էլ վերցրեցին ԴՆԿ-ի անալիզ: Եվ այդ ԴՆԿ-ն համընկավ մի մարդու ԴՆԿ-ի հետ, ով 26 տարի առաջ բրիտանական գյուղերից մեկում բռնաբարել եւ խեղդամահ էր արել 16-ամյա մի աղջկա: Քննությունը պարզեց, որ այդ հանցագործությունը կատարել է երթեւեկության կանոնները խախտած երիտասարդի հայրը:

Պոլ Հաթչինսոնն այժմ 51 տարեկան է, եւ այս տարվա (2010թ.) սկզբին արդեն դատապարտվել է 25 տարի ազատազրկման: Այս մարդը երկու անգամ ամուսնացել էր, ուներ 4 երեխա եւ երբեք չէր հայտնվել իրավապահների տեսադաշտում: Իսկ Ոստիկանությունը չէր դադարում փնտրել 1983 թ.-ին սպանված վարսահարդարի աշակերտուհու սպանության հեղինակին: Սպանության օրը աղջիկը բլիթներ էր թխել (հենց այդպես են նկարագրում «Գարդիանի» լրագրողները) եւ ճանապարհ էր ընկել ընկերոջ տուն: Ճանապարհին մարդասպանը նրան բռնի նստեցրել է գողացած Ֆորդի ետնամասում, շշով հարվածել գլխին, բռնաբարել, խեղդամահ արել ու մարմինը նետել դաշտում:

Հանցագործությունից հետո Պոլ Հաթչինսոնն անգամ նամակ է ուղարկել Ոստիկանություն` հետեւյալ բովանդակությամբ. «Ոչ ոք չգիտի` ինչ տեսք ունեմ ես: Ահա թե ինչու ինձ չեք գտնի: Դուք ինձ երբե՛ք չեք գտնի»: Սակայն նա սխալվում էր, քանի որ մոտակա խորտկարանում անձեռոցիկի վրա էր թողել իր գենետիկական նյութի հետքերը (անձեռոցիկով մաքրել էր բերանն ու ձեռքերը): Իսկ խորտկարան գնացել էր հանցագործությունից անմիջապես հետո` սենդվիչ ուտելու: Եվ, ահա, 26 տարի անց նրա որդին, անզգույշ այդ վարորդը, անուղղակիորեն բացահայտել էր հոր կատարած հանցագործությունը:

Մենք եւս չգիտենք` ինչ տեսք ունեն այն ոստիկանները, ովքեր սպանել են տասը անմեղ մարդու: Մարդասպանները գուցե ունեն երեխաներ, բնակվում են իրենց զոհերի հարեւանությամբ` վստահ, որ իրենց երբեք չեն գտնի: Եվ նրանք, ի տարբերություն Պոլ Հաթչինսոնի, ավելի շուտ իրավացի են, քան ոչ: Խնդիրն այն է, որ, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, նման ֆանտաստիկ զուգադիպություններ մեր երկրում չեն լինում: Մեր երկրում կատարվող զուգադիպությունները խիստ տրիվիալ են եւ անպտուղ, ինչպես Հայաստանի ոստիկանության մասնագիտական օրվա եւ Արվամոլների համաշխարհային օրերի զուգադիպությունը: