Բուժիչ նամակներ

20/04/2010 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Աչքի հիվանդությունների բուժումը ժողովրդական բժշկության միջոցով

Ընդհանրապես աչքի բորբոքման պատճառ կարող են հանդիսանալ կոպի, թարթիչների վնասվածքը, աչքի գլաուկոման, աչքի անոթային թաղանթի բորբոքումը, կոնյուկտիվիդը եւ այլն: Իհարկե, բոլոր դեպքերում վերջին խոսքը բժիշկ-ակնաբույժինն է:

Բայց մինչեւ մասնագետին դիմելը, որպես առաջին օգնություն, կարելի է դիմել հետեւյալ ժողովրդական միջոցներին:

10գ ակնախոտը 15 րոպե թրմել 1 բաժակ եռջրով, ապա քամել եւ ընդունել օրը 3 անգամ 1 բաժակից` ուտելուց առաջ: Կարելի է նաեւ թարմ երեքնուկի հյութով լվանալ աչքերը: Շատ օգտակար են երիցուկի թուրմով թրջոցներն ու լվացումները: Դրա համար անհրաժեշտ է 20-30գ երիցուկի ծաղիկներն ու տերեւները 2 րոպե թողնել 1 բաժակ եռջրի մեջ:

Եզնալեզվի սերմերից պատրաստված թրջոցները եւս կարելի է օգտագործել որպես բուժամիջոց: Դրա համար անհրաժեշտ է եզնալեզվի 10 գ (2 թեյի գդալ) սերմը լցնել ապակե ամանի մեջ, վրան լցնել 2 թեյի գդալ սառը ջուր եւ թափահարել, այնուհետեւ ավելացնել 6 ճաշի գդալ եռջուր, նորից թափահարել ու թողնել, որ սառչի: Քամել այս թուրմը եւ աչքի թրջոցներ դնել` աչքի լորձաթաղանթի բորբոքվածության դեպքում: Այս թուրմը օգտակար է նաեւ ներքին օգտագործման դեպքում: Այն կարելի է ընդունել 1 ճաշի գդալից` օրը 3 անգամ:

Աչքերի այտուցվածության դեպքում կարելի է աչքերին քերած կարտոֆիլով թրջոցներ դնել: Հում քերած կարտոֆիլը անհրաժեշտ է լցնել թանզիֆի կտորի մեջ ու պահել աչքերին 20 րոպե: Նույն թրջոցները կարելի է դնել թանզիֆի մեջ, լցնելով քերած խնձոր կամ վարունգ: Դրանք եւս շատ լավ օգնում են:

Եթե աչքերը չափից շատ ճպռոտում կամ արցունքակալում են, անհրաժեշտ է լվանալ բորաթթվի լուծույթով: Իսկ երեկոյան աչքերին կարելի է թարմ կաթնաշոռ դնել: Շատ լավ օգնում են գոլ վաննաները: Դրա համար անհրաժեշտ է աչքերը բաց վիճակում 15-20 վայրկյան պահել գոլ ջրի մեջ, կրկնելով 4-5 անգամ: Վերջում պետք է աչքերը ցայել սառը ջրով:

Տարբեր պատճառներով բորբոքված աչքերին օգնում է մեղրը: Կարելի է մի փոքր մեղրը բացել ջրով ու 1-2 կաթիլ կաթեցնել աչքի մեջ:

Ընդհանրապես Հին Եգիպտոսում մեղրը առավել արդյունավետ բուժական միջոցներից մեկն է համարվել աչքի բազմաթիվ հիվանդությունների դեպքում: Իբն-Սինան աչքերի բուժման համար խորհուրդ էր տալիս օգտագործել մեղր՝ այլ նյութերի հետ. սոխի, երեքնուկի, սիզախոտի հյութի:

Կոնյուկտիվիդների, աչքի եղջերաթաղանթի բորբոքման ժամանակ հարկավոր է մեղրը բացել եռացրած, քիչ սառեցրած ջրում` 1:2 հարաբերությամբ, եւ կաթեցնել յուրաքանչյուր աչքի մեջ 2-3-ական կաթիլի չափով: Միաժամանակ պետք է օրվա ընթացքում ուտել 100 գ մեղր` խառնած չիչխանի կամ կիտրոնի հյութի հետ:

3 ճաշի գդալ մանր կտրատած սոխի վրա լցնել 50 մլ եռացրած տաք ջուր եւ ստացված զանգվածի մեջ լուծել 1թ. գդալ մեղր, թողնել 30 րոպե, ապա քամել: Ստացված խառնուրդը կիրառել կոնյուկտիվիդի դեպքում` որպես աչքի կաթիլներ:

Կարելի է նաեւ սոխի թարմ հյութը ֆիլտրել, խառնել եռացող ջրի գոլորշու վրա մի քանի րոպե, ապա բացել մեղրով`1:1 հարաբերությամբ, թողնել մի քիչ սառի եւ կաթեցնել 1-2 կաթիլ յուրաքանչյուր աչքի մեջ:

Կարմիր շրթներկ

Կարմիր շրթներկը շատ կանանց գաղտնի զենքն է, բայց որպեսզի այն ճիշտ օգտագործեն, անհրաժեշտ է իմանալ մի քանի հասարակ կանոններ:

Կարմիր շրթներկը հետաքրքիր հեղինակություն է վայելում: Եթե դուք չեք ցանկանում երեւալ որպես գավառական թատրոնի դերասանուհի կամ ցուցափեղկի տիկնիկ, ուրեմն պետք է մանրակրկիտ ձեւով ընտրել շրթներկի երանգը. չէ՞որ կարմիր գույնն ունի շատ երանգներ` գունատ, վառ կամ փայլուն:

Շիկահերներին ավելի շատ սազում է կարմիրի դեպի դեղին տանող երանգը, այսինքն՝ ավելի գազարագույնը: Իսկ սեւահերներին սազում են կարմիրի մուգ երանգները: Բացի այդ, ճիշտ չէ այն կարծիքը, թե կարմիր շրթներկն անթերի սազում է ցանկացած երեկոյան զգեստի հետ: Վառ ու փայլուն հագուստին ավելի համահունչ են գունատ շրթներկերը: Փոխարենը սեւ երեկոյան զգեստին շատ կսազի փայլուն վառ կարմիր շրթներկը: Հագուստն էլ մի կողմ, այն պետք է համահունչ լինի ընդհանուր դիմահարդարմանը: Համարվում է, որ կարմիր շրթներկը մեծացնում է կնոջ տարիքը: Դա այնքան էլ այդպես չէ: Եթե դուք որոշել եք մուգ կարմիր շրթներկ օգտագործել, պետք չէ օգտագործել ստվերաներկի մուգ երանգներ: Բավական է մարմնագույն ստվերաներկն ու թեթեւակի տուշը: Այս դեպքում պետք չէ օգտագործել ուրվագծող մատիտ: Առանց այդ էլ մուգ շրթներկի վրա ուշադրություն է կենտրոնանում: Իսկ որպեսզի շրթներկը պահպանվի մինչեւ օրվա վերջ ու գեղեցիկ լինի, կարելի է մինչեւ շրթներկ քսելը մի քիչ տոնային քսուք քսել: