«Ադրբեջանը ԼՂՀ հակամարտության լուծման այլընտրանքային ուղիներ է փնտրում»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը: «Ադրբեջանը համարժեք քայլեր է ձեռնարկում` որոնելով ԼՂ հակամարտության արդյունավետ լուծում: Ներկայումս հակաամերիկյան տրամադրություններն ուղղված են, առաջին հերթին, ՀՀ-ի զավթողական քաղաքականությունը պաշտպանող Կոնգրեսի եւ ԱՄՆ-ի իշխանությունների դեմ»,- ասել է Հասանովը: Իսկ նախօրեին Հասանովը կասկած էր հայտնել ԼՂՀ կարգավորման գործընթացում պաշտոնական Վաշինգտոնի` որպես միջնորդ, անաչառության հարցում, եւ մեղադրել էր ԱՄՆ-ին Հայաստանին աջակցելու մեջ: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թերի Դեւիդսոնը երեկ արձագանքել է Հասանովին. «ԱՄՆ-ը միշտ սատարել է ԼՂՀ հակամարտության հարատեւ, խաղաղ եւ արդար կարգավորմանը: Որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր` ԱՄՆ-ը գտնում է, որ եւ՛ Ադրբեջանը, եւ՛ Հայաստանը պետք է բանակցությունների ճանապարհով ընդունեն կարգավորման սկզբունքները: ԱՄՆ-ը կարողացել է հավասարակշռել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը»: