Երկու նամակ

17/04/2010

ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նամակով դիմել է ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդին եւ ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուին, որտեղ նրանց ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարություններին` կապված Թուրքիայում ապօրինի բնակվող հայերին վտարելու հետ: Ըստ Հարությունյանի` այդ հայտարարությունները ցույց են տալիս, որ Թուրքիան 1915-ից հետո շարունակում է իր խտրական վերաբերմունքը հայերի նկատմամբ: Ըստ այդմ, հայ միգրանտներին վտարելու հայտարարությունները վերաբերում են կոնկրետ մեկ ազգային խմբի, իսկ դա ազգային հողի վրա խտրական վերաբերմունք է, ինչն անթույլատրելի է ԵԽ անդամ երկրի համար: Նման անպատասխանատու հայտարարությունն, ըստ նրա, խախտում է ռասիզմի եւ խտրականության վերաբերյալ միջազգային պայմանագրերը: Բացի այս, Դ. Հարությունյանը մի նամակ էլ ուղարկել է Մ. Չավուշօղլուին: «Դա ընդամենն արձագանք է Մ. Չավուշօղլուի կողմից Կատինի դեպքերին տրված գնահատականին: Ես ուղղակի առաջարկում եմ նրան՝ նույն մոտեցումը ցուցաբերել նաեւ Հայոց ցեղասպանության հարցում»,- ասել է Հարությունյանը: