Գնալու է զեկուցելու

17/04/2010

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն վաշինգտոնյան այցի շրջանակում երկրորդ անգամ է հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ` հանդիպմանը հաջորդած ասուլիսին Դավութօղլուն հայտարարել է, որ Քլինթոնի հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, Իրանին եւ Կովկասին առնչվող հարցեր: «Մենք վճռական ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու հարցում եւ մեր վճռականության մասին տեղեկացրել ենք ինչպես մեր հայ, այնպես էլ ամերիկացի գործընկերներին»,- հայտարարել է Դավութօղլուն` տեղեկացնելով, որ երկուշաբթի օրը պատրաստվում է մեկնել Ադրբեջան, իսկ հետո` նաեւ Իրան: «Մենք կարծում ենք, որ դեռեւս կա Իրանի հետ կապված խնդիրները դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հնարավորություն»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Անդրադառնալով Ադրբեջան կատարելիք այցին` Դավութօղլուն նշել է. «Ադրբեջանում Իլհամ Ալիեւի հետ քննարկելու եմ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումներն ու դրանց հետ կապված մանրամասները: Բացի այդ, խորհրդակցելու ենք մեր հետագա քայլերի առնչությամբ»: «Հայաստանի հետ հարաբերությունները մեզ համար մեծ կարեւորություն ունեն: Սակայն, միեւնույն ժամանակ, կարեւորություն ենք տալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հակամարտության կարգավորմանը: Ցանկանում ենք, որ բոլոր այս գործընթացները նպաստեն Կովկասում կայունության ու խաղաղության հաստատմանը»,- ավելացրել է նա: