Ցինիզմը շարունակվում է

17/04/2010

2008թ. մարտի 1-ի զոհերի հարազատները երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վիճարկում էին ՀՀ գլխավոր դատախազի եւ Հատուկ քննչական ծառայության անգործությունը:

Հիշեցնենք, որ վերջինիս անգործությունը վերացնելու պահանջով նրանք նախ դիմել էին ՀՀ գլխավոր Դատախազությանը: Սակայն Դատախազությունը մերժել էր նրանց դիմումը` այն համարելով անհիմն:

Զոհերի հարազատների խոսքերով, մարտիմեկյան ողբերգական դեպքերից անցել է արդեն 2 տարի, սակայն դեռեւս ոչ մի մեղավոր չի բացահայտվել եւ իրենց որդիների սպանության համար ոչ ոք չի պատժվել: Երեկ առավոտյան դատարանում սկսեց եւ ընդամենը մի քանի րոպե անց ավարտվեց հրազենային կրակոցից սպանված Գրիգոր Գեւորգյանի, Հովհաննես Հովհաննիսյանի եւ գանգուղեղային վնասվածքից մահացած Սամվել Հարությունյանի իրավահաջորդների բողոքի քննությունը. դատավոր Արմեն Խաչատրյանը հետաձգեց նիստը` մինչեւ ապրիլի 26-ը: Դատախազ Հարություն Հարությունյանը դատարանին ներկայացրեց Գլխավոր դատախազության հիմնավորումները, որոնց ծանոթանալու համար բողոքարկող կողմին տրվեց 10 օր ժամանակ: Որպես պատասխանող կողմ՝ դատարան էր ներկայացել Հատուկ քննչական ծառայության Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, որն էլ զոհվածների հարազատների բողոքը համարեց անհիմն: «Ասեմ ավելին, ոչ միայն անհիմն է, այլ նաեւ ձեւական: Այս բողոքում գոնե ձեւի համար առարկայական որեւէ բան չկա»: Իսկ այն հարցին, թե արդյոք անգործություն չէ՞ այն փաստը, որ սպանությունների դեպքից անցել է արդեն 2 տարի, սակայն ոչինչ դեռ չի բացահայտվել, Վ. Հարությունյանը պատասխանեց. «Իհարկե` ոչ: Ինչքան չբացահայտված հանցագործություններ կան ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում: Եթե դա անգործություն է, ուրեմն ամբողջ աշխարհը անգո՞րծ է»: Զոհերի հարազատների բողոքը անհիմն որակեց նաեւ դատախազ Հարություն Հարությունյանը: Այս հայտարարություններից հետո զոհերի զայրացած հարազատները դատարանի դահլիճում բարձրացրեցին զոհվածների նկարները, ինչին հաջորդեց դատավորի նկատողությունը: Տեղեկացնենք, որ դատարան են դիմել Մարտի 1-ի 10 զոհերից 9-ի հարազատները: Երեկ արդեն սկսված՝ Գ. Գեւորգյանի, Հ. Հովհաննիսյանի եւ Ս. Հարությունյանի գործով բողոքի քննությանը կհաջորդի զոհված զինծառայող Տիգրան Աբգարյանի հարազատների բողոքի գործով դատական առաջին նիստը: Երկուշաբթի օրն էլ կսկսվի «Չերյոմուխա-7»-ի կիրառման հետեւանքով զոհված երիտասարդների` Տիգրան Խաչատրյանի, Գոռ Քլոյանի եւ Արմեն Ֆարմանյանի հարազատների հայցի քննությունը: Մյուս զոհերի հարազատների բողոքների քննության վերաբերյալ նրանց շահերի պաշտպաններին դատարանը դեռեւս ծանուցում չի ուղարկել: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկացմամբ, բողոքարկող կողմի շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանն ասել է, որ բողոքարկող կողմը պահանջում է նաեւ կրած վնասի արդարացի փոխհատուցում: «Այդ զոհվածների մի մասը նաեւ կերակրողներ են, որոնք, փաստորեն, այլեւս չեն կերակրում իրենց ընտանիքները: Ուստի պետությունը նաեւ նման խնդիրներ պետք է լուծի` իր պարտավորությունների շրջանակներում»: Ա. Զեյնալյանի կարծիքով, արդյունավետ քննության դեպքում սպանվածների առնվազն մի մասի սպանությունը կարելի է բացահայտել: